

ԷկոԼուր
Իսկապե՞ս չինական ընկերություններն մեծացնում են իրենց ներկայությունը Հայաստանի լեռնահանքային ոլորտում: «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Մեղրիից, որ մի քանի շաբաթ առաջ Զվար գետի շրջանում հայտնվել են չինական ընկերության ներկայացուցիչներ, ովքեր մտադիր են շահագործել Զվարի հանքավայրը: Մենք կապվեցինք «Սյունյաց երկիր» թերթի մեր գործընկերների հետ: Թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի խոսքերով` ենթադրությունը, որ Զվարի հանքավայրը մտադիր են շահագործել, ավելի ու ավելի շատ է ապացույցեր գտնում: Ստորեւ ներկայացնում ենք հունիսի 30-ին «Սյունյաց երկիր» թերթում տպագրված Սամվել Ալեքսանյանի «Զվարի գլխին ամպեր են կուտակվել» վերնագրով հոդվածը:
«Գյուղ էր եւ վանք Արեւիք գավառում: Ըստ Հին հարկացուցակի` Տաթեւի վանքին տարեկան վճարում էր 12 միավոր հարկ (Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երեւան-1986թ., էջ 403): Ղեւոնդ Ալիշանն էլ Զվարը նույնացնում է Դավիթ Բեկի հայկական իշխանության Զվար գյուղի (ավանի) հետ: Այդ տարածքով է հոսում համանուն գետը. Մեղրի գետի աջ վտակներից է, բայց երբեմն Մեղրի գետն էլ Զվար էր կոչվում: 12կմ երկարությամբ գետը սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից: Առավել մեծ նշանակություն է ունեցել Զվարի կամ Զվարկի վանքը: Ստեփանոս Օրբելյանի կողմից առաջին անգամ հիշատակվող վանքը վերջին անգամ հիմնանորոգվել է 17-րդ դարում եւ մինչեւ այժմ կանգուն է: Եկեղեցու մեջ պահպանված խաչքարերը, պատկերաքանդակները վկայում են, որ Զվարը քրիստոնեական Սյունիքի հնագույն սրբավայրերից է: Ըստ Նաիրա Հայրապետյանի` եկեղեցին կրում է Սբ Հռիփսիմե անունը (մեղրեցի Գուրգեն Վաչյանից է իմացել): Իսկ Ս.Մկրտչյանը («Տոներ», Երեւան-2010թ.) Զվարի եկեղեցին նշում է Սբ Ստեփանոս անվամբ: Դարեր շարունակ Զվարի վանքը կամ եկեղեցին ուխտավայր է եղել հավատացյալների համար: Ըստ Ղեւոնդ Ալիշանի` Վարդավառին մարդիկ ուխտագնացություն էին կատարում Զվար: Իսկ ըստ Ս.Մկրտչյանի վերը նշված գրքի` Համբարձման տոնի առիթով էլ հավատացյալներն ուխտագնացություն էին կատարում Զվարի վանք:
Ներկայումս Զվարը մտնում է Լիճքի վարչական տարածքի մեջ:
Զվարը հանդիսանում է Մեղրի քաղաքին խմելու ջուր մատակարարող գետը, ինչի համար եւ 1984թ. այնտեղ կառուցվեց մաքրման կայան, որը ներկայումս վայրկյանում թողարկում է 80լ բարձորակ ջուր: Մաքրման կայանի ջրընդունիչը գտնվում է վանքից մոտ 400մ հեռավորության վրա:
Վանքից մոտ 3կմ հեռավորության վրա էլ գտնվում է Ագարակին ու Կարճեւանին խմելու ջուր մատակարարող խողովակաշարի ջրընդունիչ կետը: Ջուրն ընդունվում է դարձյալ Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից հոսող Այրիջուր, Բաղաքար եւ Մարգի գետակներից: Մաքրման կայանը գտնվում է Կարճեւանի մոտակայքում եւ վայրկյանում թողարկում է 100-120լ ջուր, որը լիուլի բավարարում է Ագարակի, Կարճեւանի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կարիքները:
Փոքրիկ այս տեղեկանքը երիցս վկայում է, որ Զվարը ոչ միայն հնավայր ու սրբավայր է, այլեւ ջրահավաք ավազան Մեղրու գրեթե ողջ շրջանի համար (բացառությամբ Շվանիձոր, Ալվանք, Նյուվադի գյուղերի): Ավելին` Զվարում է գտնվում (ինչպես արդեն նշեցինք) շրջանի ամենախոշոր եւ արդիական մաքրման կայանը, որը խմելու ջուր է մատակարարում Մեղրի քաղաքին:
Խնդրո առարկա տարածքը գտնվում է «Արեւիք» ազգային պարկի անմիջական հարեւանությամբ (վանքից մինչեւ պարկի տարածք մոտ 400մ է): Իսկ ջրահավաք ավազանը եւ հատկապես Ագարակին ու Կարճեւանին խմելու ջուր մատակարարող ջրընդունիչ կետը գտնվում են ազգային պարկի տարածքում:
Զվարի տարածքը ոչ միայն Մեղրու կամ Սյունիքի մարզի, այլեւ Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից է: Զվար գետի վրա են գտնվում երկու տասնյակի հասնող հրաշք ջրվեժները, որից վեցն առավել գեղատեսիլ են ու հասանելի: Ջրվեժների մի մասն էլ «էքստրեմալ» պայմանների սիրահար զբոսաշրջիկների համար է` ի վերուստ տրված: Ավելի վերեւ` ծովի մակերեւույթից 3200մ բարձրության վրա է գտնվում Գոգի լիճը (զբաղեցնում է 10հա մակերես), որը կոչվում է նաեւ Կապույտ, Կապուտան լիճ: Գոգի լճի մերձակայքում են գտնվում Խուրջին լիճը, Սրտներ լիճը… Լճերի առատության պատճառով է, որ Զվարի մերձակա գյուղն անվանվել է Լիճք:
Հիմա այն մասին, թե ինչ է կատարվում Զվարում: Նախապես ասենք, որ մեզ չհաջողվեց Լիճքի գյուղապետարանից պաշտոնական տեղեկատվություն ստանալ կատարվող եւ կատարվելիք գործերի մասին (գյուղապետի պահվածքին դեռ կանդրադառնանք), ինչի համար մեր տեղեկությունը հիմնված է Լիճք գյուղի եւ Մեղրի քաղաքի բնակիչների հետ ունեցած զրույցների վրա: Եվ այսպես` ըստ մեղրեցիների ու Լիճքի բնակիչների` բուն Զվարի տարածքը գյուղապետ Հովհաննեսը մի քանի տարի առաջ պայմանագրով, վարձակալությամբ տվել է չինական ինչ-որ կազմակերպության, որն էլ այնտեղ պետք է` նախ` որոնողական-երկրաբանական աշխատանքներ կատարի, որից հետո սկսի ընդերքի բաց արդյունահանում: Ըստ գյուղի բնակիչների` չինացիներն արդեն մի քանի անգամ եկել են գյուղ, դիտարկել տարածքը, նույնիսկ աշխատողներ փնտրել: Սպասվում է, որ հորատող երկու մեքենա մոտ ժամանակներս կբերվի գյուղ, ու կմեկնարկեն աշխատանքները: Գյուղում խոսակցություն է շրջանառվում նաեւ այն մասին, որ ապագայում (հանքավայրը շահագործելու դեպքում) կքանդեն ու այլ վայր կտեղափոխեն (դեպի հարավ) Զվարի եկեղեցին, իսկ մաքրման կայանից քիչ ներքեւ կկառուցվի հարստացուցիչ ֆաբրիկա: Պոչամբարի մասին` ոչ մի խոսք:
Հիշեցնենք նաեւ, որ մաքրման կայանի ու վանքի մերձակայքում (200-400մ հեռավորության վրա) 1960-ական թվականներից սկսած (մինչեւ 1985թ.) բացվել է մի քանի հորատանցք եւ հիմնովին ուսումնասիրվել է տարածքի ընդերքը: Հորատանցքերից մեկն այնքան մոտ է գտնվել եկեղեցուն, որ դատարկ ապարները լցվել են եկեղեցու բակի հյուսիս-արեւմտյան հատվածը, որտեղ էլ առաջացել է դատարկ ապարների մի ամբողջ բլրակ:
Ինչո՞ւ խորհրդային ժամանակներում ձեռնպահ մնացին Մեղրու շրջանի բազմաթիվ, այդ թվում` Զվարի հանքավայրի շահագործումից: Տարեց մեղրեցիները, նաեւ այդ օրերին շրջանում աշխատած երկրաբաններն ասացին, որ Մեղրու շրջանի հանքապաշարներն առավելագույնս ուղեկցվում են ռադիոակտիվ եւ մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող նյութերով: Նաեւ այդ պատճառով այն ժամանակ հրաժարվեցին Զվարի հանքավայրի շահագործումից:
Ի՞նչ հանքավայր է այնտեղ նշմարվել: Ոմանք կարծում են, թե խոսքն ուրանի հանքավայրի մասին է, իսկ մյուսները` պղնձի ու ոսկու հանքավայր են կարծում:
Արդեն ասացինք, որ Զվարում կատարվող ու կատարվելիք աշխատանքների մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք ըստ մեղրեցիների պատմածի: Եվ քանի դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա, ուրեմնեւ հիմք ենք ընդունում մարդկանց ասածը, մանավանդ որ պատկան մարմինները չեն շտապում հերքել համառորեն շրջանառվող խոսակցությունները:
Իսկ ինչո՞ւ պաշտոնական տեղեկատվություն չկա: Կարծեցյալ հանքավայրը գտնվում է Լիճքի վարչական տարածքում: Լիճքի գյուղապետը` Հովհաննես անուն, ահաբեկված-սարսափած հրաժարվեց հեռախոսային զրույցից եւ միայն մի նախադասություն ասաց. «Ամեն ինչ մարզպետարանում գիտեն, գնացեք եւ մարզպետարանից հարցրեք»: Մեզ հետաքրքրող հարցերը նրա հետ պարզաբանելու հաջորդ փորձերը նույնպես անհաջողության մատնվեցին: Եվ այդպես էլ չիմացանք` արդյո՞ք չինացիների հետ կնքվել է պայմանագիր (եթե չի կնքվել, ապա ինչո՞ւ չինացիները գալիս-գնում են), քանի՞ հա-ի մասին է խոսքը եւ կոնկրետ ո՞ր տարածքն է ընդգրկում ապագա հանքավայրը, արդյո՞ք խոսքը միայն երկրաբանական աշխատանքների մասին է, թե՞ արդյունահանման մասին նույնպես, արդյո՞ք առանց բարձր իշխանությունների ոմն Հովհաննես կարողացել է հնամենի այդ եկեղեցու եւ խմելու ջրի մաքրման կայանի ու ջրահավաք ավազանի մերձակայքը տրամադրել ինչ-որ կազմակերպության… Ինչպես նշեցինք վերեւում, գյուղապետը խուսափեց այդ մասին խոսելուց եւ մատնացույց արեց Սյունիքի մարզպետարանը: Գյուղապետի նման խուսափողական վիճակը, սակայն, համագյուղացիները համարեցին գավառական պրիմիտիվ շուստրիություն, որը ծիծաղ, իսկ ավելի ճիշտ` խղճմտանք է առաջացնում: Գյուղացիներից մեկն ավելի դիպուկ արտահայտվեց. «Տասնհինգ տարի հենց այդպես էլ այդ մարդը «ղեկավարում է» Լիճքը` շատ-շատ հարցերում ծպտված` ենթադրելով, որ իր արած-չարածն աննկատ կմնա»: Մեկ ուրիշ համագյուղացի էլ ասաց, թե «Գյուղապետը համայնքային գործերն այնքան թաքուն է վարում, որ գյուղի բնակիչները երկու տարի շարունակ չեն կարողանում իմանալ, թե ո՞վ (որ կազմակերպությունը) եւ ի՞նչ պայմաններով է Լիճք գետի վրա հէկ կառուցում, ո՞վ եւ ի՞նչ պայմաններով է թույլատրել դեռեւս անհայտ այդ կազմակերպությանը` հողային աշխատանքներ կատարել գյուղամերձ անտառներում, փոխել գետերի հունը…»:
Մենք փորձեցինք հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալ մարզպետարանից: Եվ ահա թե ինչ ասացին մարզպետարանի պատասխանատուները թերթի լրագրող Զարինե Համբարձումյանին:
Վաչե Գրիգորյան, Սյունիքի փոխմարզպետ. «Սյունիքի մարզպետարանում Զվարին առնչվող քննարկում չի եղել, եւ մենք պաշտոնական ոչ մի թույլտվություն չենք տվել որեւէ կազմակերպության: Ընդհանրապես լիցենզիա տալիս է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ինչից հետո միայն տվյալ կազմակերպությունը պետք է գա համայնք, ապա համայնքի իշխանությունը հողհատկացում պիտի կատարի: Մարզպետարանում նույնիսկ չգիտենք չինական կազմակերպության անվանումը»:
Մուշեղ Կոստանդյան, Սյունիքի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ. «Որքանով տեղյակ եմ` չինացիները ներկայացել են համայնքի իշխանությանը, բայց համայնքը դեռեւս հողհատկացում չի արել: Ասեմ նաեւ, որ լիցենզիա տրվում է հայկական կազմակերպություններին»:
Անշուշտ, հիմքեր չունենք մարզպետարանի պատասխանատուներին չհավատալու: Պարզապես այս խոսակցությունները լսելուց հետո օրինաչափ հարցեր են առաջանում. ինչո՞ւ է գյուղապետ Հովհաննեսը բոլոր հարցերին պատասխանելու փոխարեն մարզպետարանի անունը տալիս, ինչո՞ւ են չինացիները եկել-գնացել, ինչո՞ւ է գյուղապետը վախենում ու փախչում հրապարակային խոսակցությունից, եթե որեւէ արտառոց բան չկա, իսկապե՞ս մեզանում օտարերկրյա կազմակերպություններին լիցենզիա չի տրվում հանքարդյունահանման համար…
Զվարի տարածքում հնարավոր հանքարդյունահանման հետեւանքները հասկանալու համար «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը հունիսի 19-ին այցելեց Զվար: Հրավիրել էինք «Արեւիք» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Հովհաննիսյանին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» մասնաճյուղի Մեղրու ենթատեղամասի պետ Հայկ Աղամալյանին: Մեր զրույցին մասնակից դարձրինք նաեւ մաքրման կայանի պահակ Վասիլ Ալեքսանյանին, ով քաջածանոթ է տեղանքին: Հաշվի առնելով քննարկվող հարցի լրջությունը` Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանին չէինք հրավիրել հանդիպման: Իսկ հրավիրվածները, միմյանց լրացնելով, թույլ տվեցին ընդհանուր պատկերացում կազմել քննարկվող հարցի վերաբերյալ:
Հայկ Աղամալյան. «Մենք նույնպես պաշտոնական տեղեկատվության չենք տիրապետում, բայց եթե նման որոշում կա, պետք է հավաքվել ու մասնագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպել: Եթե խոսքը մաքրման կայանի հարեւանությամբ եղած հորատանցքերը վերաբացելու մասին է, ապա դա շատ ռիսկեր է պարունակում, իսկ ավելի ճիշտ` կվտանգվի Մեղրի քաղաքի ջրամատակարարման ամբողջ համակարգը: Տարածքը, որի մասին մարդիկ խոսում են, ջրահավաք ավազան է ամբողջ Մեղրու շրջանի համար, ուստիեւ պետք է բազմակողմանի քննության ենթարկել հարցը: Բայց չեմ ուզում առաջ ընկնել եւ վերջնական եզրակացություններ անել, համապատասխան մարդիկ պետք է նախեւառաջ հավաստի տեղեկատվություն ներկայացնեն ծրագրի մասին, որից հետո վերջնական կարծիքը կհայտնենք»:
Սուրիկ Հովհաննիսյան. «Որպեսզի հիմնավոր քննարկում անենք եւ կոնկրետ եզրակացությունների հանգենք, անհրաժեշտ է սեղանին ունենալ տարածքի քարտեզը, ունենալ կնքված պայմանագիրը: Հիմա մենք դատողություններ ենք անում ըստ լսածի, ըստ շրջանառվող խոսակցությունների: Եթե հավատալու լինենք այդ խոսակցություններին, ապա կարծեցյալ հանքավայրը համայնքի վարչական տարածքում է եւ չի մտնում ազգային պարկի մեջ: Առայժմ մի բան կարող եմ որոշակի ասել` լուրջ ռիսկեր պարունակող ծրագիր է, պետք է փորձագետների մասնակցությամբ հանրային քննարկումներ անցկացնել: Խոսքը, ի վերջո, Մեղրու եւ Ագարակի ամբողջ ջրահավաք ավազանի մասին է, խոսքը տարածաշրջանի բացառիկ բնաշխարհի ու կենդանական աշխարհի մասին է: Նաեւ պետք է ճշտել` խոսքը հետախուզական աշխատանքների մասի՞ն է սոսկ, թե՞ նաեւ արդյունահանման»:
Վասիլ Ալեքսանյան. «Ահա հանքուղիները (նա ձեռքով ցույց է տալիս - Ս.Ա.), որտեղ պիտի աշխատեն չինացիները: Մի քանի մետր է ե՛ւ մաքրման կայանից, ե՛ւ վանքից: Եթե այդ ծրագիրն իրականություն դառնա, ապա վանքն ու մաքրման կայանը չեն կարող իրենց տեղում մնալ: Իսկ եթե հանքավայրն առնվազն 3-5կմ շառավիղ պիտի ունենա, ինչպես ասում են, ապա ջրահավաք ավազանը չի կարող այլեւս մաքուր ջրի սնուցող լինել: Եթե մի քիչ ներքեւ էլ (ինչպես գյուղում են ասում) հարստացուցիչ ֆաբրիկա կառուցվի, ապա լուրջ վտանգի կենթարկվի մեր գեղեցիկ բնաշխարհը: Բոլորն ասում են, որ պետությունն է այդպես ուզում: Բա եթե պետությունն է այդպես ուզում, ապա ինչո՞ւ կառավարությունը բացեիբաց, անկեղծ չի ասում, թե ինչի մասին է խոսքը…»:
Այնուհետեւ փորձեցինք իմանալ Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերի կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն անթույլատրելի համարեց այդ ծրագրի իրագործումը, եթե այն ընդգրկում է Ագարակի խմելու ջրի ջրահավաք ավազանը: Քաղաքապետն էլ, սակայն, ստույգ տեղեկատվության չէր տիրապետում, թե խոսքը կոնկրետ ո՞ր տարածքի եւ ի՞նչ հանքավայրի մասին է:
Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն ավելի հիմնավոր մտահոգություններ հայտնեց. «Իմ ունեցած տեղեկություններով խոսքն առայժմ միայն հետախուզական աշխատանքների մասին է: Եվ եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա հետախուզական աշխատանքներին հաջորդելու է արդյունահանումը: Ըստ էության խոսքը Լիճք եւ Զվար գետերի միջեւ ընկած հողատարածքի մասին է, որը սեփականաշնորհված է եւ պատկանում է գյուղի մի քանի ընտանիքների, որը դեռեւս գյուղացիներից չեն վերցրել: Բայց ինձ ավելի շատ մտահոգում է ոչ թե բուն հանքի շահագործումը, այլ դրա շարունակությունը: Արդյունահանումը ենթադրում է նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի, ուրեմնեւ` պոչամբարի կառուցում: Հատկապես պոչամբարը, որքան էլ հագեցած լինի արդիական սարքավորումներով, որոշակի ազդեցություն է ունենալու Մեղրի գետի վրա: Կարող ենք նույնիսկ ստույգ ասել` պոչամբարից որոշ հոսքեր` մետաղական առանձին բաղադրիչներ պարունակող, հայտնվելու են Մեղրի գետում: Դա նշանակում է, որ Մեղրի գետի ջրերի օգտագործումը, թեկուզեւ ոռոգման նպատակով, դառնալու է խիստ ռիսկային: Դա նշանակում է, որ Մեղրի քաղաքն ու մերձակա գյուղերը ոռոգման համար այլեւս չեն օգտվելու Մեղրի գետից` դրանից բխող հետեւանքներով: Քանի դեռ հանքավայրի ուսումնասիրման եւ շահագործման իրավական հիմքերն ամբողջությամբ չեն ստեղծվել, պետք է կասեցնել այդ ծրագրի կենսագործումը»:
Մի մեղրեցի էլ, որ իր անունը հրապարակելու համաձայնություն չտվեց, հետեւյալ զրույցն արեց. «Ս.թ. հունիսի 5-ին կամ 6-ին տաքսի մեքենայով Երեւան էի գնում, ուղեւորներից երկուսը դրսից էին` անծանոթ: Երկար ճանապարհ էր եւ, բնականաբար, զրույցի բռնվեցինք: Նրանցից մեկը, ով առավել ակտիվ էր, երկրաբան էր, ավելի ճիշտ` մակշեյդեր: Նա պատմեց, որ 6-7 օր է, ինչ ընկերոջ հետ Մեղրիում է, եկել են կանադական-չինական ինչ-որ կազմակերպության հանձնարարությամբ, ոտքով ման եկել Զվարի հանքավայրի ամբողջ տարածքը, որ երկրաբանական փաստաթղթերում Ջինդարա կամ Ջինդավայր է կոչվում: Զրուցակիցս ասաց, որ առաջադրանքը կատարված է` գտել են փնտրվող 21-22 հորատանցքը, որ շուտով դրանք շահագործվելու են: Ըստ անծանոթ զրուցակցիս` հանքավայրում պղնձի, ոսկու հարուստ պաշարներ կան»:
Այսպիսով` թե ինչ է արվում Զվարում եւ թե ինչ է արվելու` այդպես էլ պարզ չդարձավ: Առայժմ միայն տարաբնույթ խոսակցություններ են ու ենթադրություններ: Բայց քանի որ խնդրո առարկան շոշափում է գրեթե ամբողջ Մեղրու բնակչության շահերը եւ լուրջ մտահոգություն է առաջացրել շրջանում, ուստիեւ խնդրում հստակություն մտցնելը շարունակում է օրակարգում մնալ: Եվ քանի որ գյուղապետը, ինչ-ինչ պատճառներով չարաշահելով իր պաշտոնեական դիրքը եւ խոչընդոտելով հրապարակայնությանը, չի ուզում փակագծերը բացել, անկեղծորեն զրուցել իր գլխավորած համայնքի ու շրջանի բնակիչների հետ, ապա ստիպված ենք մեր հարցն ուղղել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` ի՞նչ է կատարվում (կամ` ի՞նչ է նախատեսվում կատարել) Զվարում:
Հերթական անգամ մեզ զարմացրեց ՀՀ մշակույթի նախարարության պահվածքը: Հանրապետությունում ունենալով պատմամշակութային հուշարձաններով զբաղվող երկու-երեք կառույց` այդ գերատեսչությունը մինչեւ հիմա չի հստակեցրել Զվարի վանքի պահպանական գոտին: Իսկ հորատանցքերից մեկը (ինչպես նշեցինք) այդ հնավայր-սրբավայրից ընդամենը մի քանի տասնյակ մետրի վրա է գտնվում: Եվ, օգտվելով առիթից, հարց ենք ուղղում նաեւ ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին` ինչո՞ւ Զվարի վանքի պահպանական գոտին մինչեւ հիմա սահմանված-ճշտված չէ: Իսկ եթե պահպանական գոտին սահմանված-ճշտված չէ, ապա, ներող եղեք, ո՞ր տարածքն են նախարարության աշխատակիցները հսկում: Եվ, այդ ինչպես է պատահում, որ Սյունիքում, արդեն որերորդ անգամ, պատմամշակութային հուշարձանները հայտնվում են ասպատակների ոտնատակին, իսկ մշակույթի նախարարությանը չենք տեսնում ընդդիմացողների, հակադրվողների շարքում…»:
Հուլիս 04, 2012 at 12:19
