Սիլիկոզ եւ տուբերկուլյոզ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում (Լուսանկարներ)

Սիլիկոզ եւ տուբերկուլյոզ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ախթալայում լարված իրավիճակ է: Սակայն այդ իրավիճակը ստեղծվել է ոչ նախընտրական օրերին եւ ոչ էլ այն ժամանակ, երբ պարզվեց, որ այդ արդյունաբերական քաղաքի հեղինակություն Սերոբ Տեր Պողոսյանը մանկապիղծ է: Ախթալայում խնդիրներ կային, բայց դրանց մասին լռում էին: Ահա թե ինչ է պատմում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին գլխավոր էներգետիկ Վլադիմիր Խիտարովը. «Միշտ էլ էս մեր հանքերում սիլիկոզը տարածված է եղել, թոքախտը տարածված է եղել, հանքերի աշխատող շատ մարդիկ թոքախտով հիվանդացել են: Հարստացուցիչ ֆաբրիկայում ջարդման արտադրամաս կա, ընդեղ 4 անկյուններում էլ օդամղիչներ կար, քաշում էր, բայց էն չէր կարում քաշի, որովհետեւ հանքաքարը ծանր է: Այ, երիտասարդներ են այնտեղ աշխատում, պարզ է, որ դա վնաս է:

Ով որ կարողանում է, գնում է, որովհետեւ մանավանդ Սերոբի դեպքից հետո ասում են` ախթալեցի ես, քեզ գործի չեմ ընդունում կոմբինատում: Հիմա էնքան մարդ կա, Կիրովականից գալիս են, ստեղ վարձով ապրում են, աշխատում են: Ախթալայից մարդիկ կան, ինստիտուտ ավարտած, չեն աշխատում:

…Սերոբը էնքան մեղավոր չի, ինչքան մեր կառավարությունն է մեղավոր, որովհետեւ Սերոբը վարչապետի խորհրդատուն էր, Սերոբը ներքին գործերի վարչության անդամ էր: Էն ժամանակ վախում էին բոլորը Սերոբից. որտեղ գնում էր, պրեզիդենտի հետ նկարված, վարչապետի հետ նկարված, տեսնում էին ու արդեն ձեն չէին հանում, վախում էին: …1964 թվից ես մինչեւ 2006 թիվը աշխատել եմ հանքերի գլխավոր էներգետիկ: Իմ 63 տարի աշխատելուց հետո մի հասարակ բանի համար ինձ չազատեց, բայց թոշակի ուղարկեց, չնայած օրինական էր թոշակի գնալը: Նա ինձնից պահանջեց, որ հանքերի տնօրեն Ազատյանի դեմ սուտ ցուցմունք տամ: Նրան դատի էր տվել: Ասեցի` էդպես ցուցմունքներ ես չեմ կարա տամ: Ու ասավ, մենք իրար հետ էլ չենք աշխատի, ու ինձ թոշակի ուղարկեց: Գլխավոր տնօրենը պարոն Սերոբն էր: …Ազատվեցի աշխատանքից, ինձ 1 միլիոն 219 հազար աշխատավարձ չէր տվել: Մոտեցա իրան, ասում եմ` պարոն Սերոբ, իմ աշխատավարձը, նու թոշակի ուղարկեցիք, օրինական է, բայց իմ աշխատավարձը: Ասավ` գնա Ազատյանից ուզի… Ես 6 թվից մինչեւ վաղը, այ վաղն էլ դատի եմ գնում, դատարաններով եմ հանում իմ աշխատավարձը…»:

Ի դեպ, Վլադիմիր Խիտարովը միակ  մարդն էր, ով համարձակվեց պատմել մեզ այն մասին, թե ինչ է կատարվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Բնակիչներից ոչ մեկը չհամարձակվեց խոսել տեսախցիկի կամ ձայնագրիչի առաջ: Հարցին, թե ինչպես եք դուք գնահատում իրավիճակը, պատասխանում էին` ամեն ինչ լավ է, եւ գնում էին: Սոցիալ-էկոլոգիական խնդիրների մասին մենք հարցրեցինք Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին. «Մեր խնդիրներն են օդի աղտոտվածությունը, որ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի ծուխն արդեն հասնում է մեր համայնք եւ պոչամբարների խնդիրը: Մեր համայնքում 2 պոչամբար կա փակված: Որքանով ես գիտեմ, դրանք նախագծով չեն ռեկուլտիվացվել, որն այդքան էլ անվտանգ չէ, եւ տեխնածին աղետների դեպքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Դրանից բացի, ունենք 2 ոչ համապատասխան վայրում տեղադրված թափոնակույտեր, պոչեր, որ դրանք պետք է տեղափոխեն պոչամբարի տարածք, գոնե պետք է այդ ռիսկերը կամ վտանգները հասցվեն մինիմալի, նաեւ պոչամբարները ռեկուլտիվացվեն, որ ապագա սերունդների համար դրանք հնարավորինս վտանգներ չառաջացնեն: Ամեն դեպքում մենք ներկայացրել ենք բնապահպանության նախարարությանը նշածս խնդիրները, եւ մտածում եմ` դրանք իրանց լուծումը կստանան»:



Սեպտեմբեր 05, 2012 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր