

ԷկոԼուր
2012թ. օգոստոսի 10-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «ԲԱՄՈ Մետալ» ՍՊԸ–ի միջև ստորագրվել է հուշագիր: Ինչպես ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրասյանին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին ուղղված նամակում նշել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, հուշագրի նպատակն է կանխարգելել Կապան քաղաքի ջրամատակարարման «Գեղի» ջրի մաքրման կայանի ջրընդունիչ կառուցվածքներից վերեւ երկրաբանական, հետախուզական աշխատանքների կատարման հետեւանքով գետի ջրի աղտոտման տեխնիկական հնարավորությունները:
Հուշագրի համաձայն`
- ««ԲԱՄՈ Մետալ» ՍՊԸ-ի կողմից երկրաբանական, հետախուզական աշխատանքների կազմակերպման ընթացքում` մեքենաների, տեխնիկական միջոցների եւ անհրաժեշտ նութերի տեղափոխման ժամանակ, գետնանցման հատվածներում ջրի պղտորումը բացառելու համար տեղադրել համապատասխան խողովակներ կամ կամրջակներ
- Գետում ջրի աղտոտման, պղտորման դեպքերում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պահանջով եւ ներկայացրած փորձագիտական խմբի միջոցով «ԲԱՄՈ Մետալ» ՍՊԸ-ի միջոցներով իրականացնել ջրի որակի հետազոտություններ գետի տարբեր հատվածներում, կատարել տվյալների համադրում եւ վերլուծություն` ներկայացնելով դրանց պատճառները…
- Երկրաբանական հետախուզական աշխատանքների դրական արդյունքների հիման վրա, հանքավայրի շահագործման աշխատանքներ սկսելուց առաջ «ԲԱՄՈ Մետալ» ՍՊԸ-ի կողմից լուծվում է ջրի մաքրման կայանների ջրընդունիչ կառուցվածքների տեղափոխման, ջրի որակի հուսալի ապահովման հետ կապված համալիր խնդիրները` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծային փաստաթղթերի համաձայն»:
Հիշեցնենք, որ Կապանի 8 հասարակական կազմակերպություններ, ելնելով «ԲԱՄՕ Մետալ» ՍՊը_ի գործունեության ընթացքում Կապանի խմելու ջրի աղտոտման խնդրից, դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը կասեցնելու եւ ոսկու որոնման աշխատանքները դադարեցնելու խնդրանքով:
«ԲԱՄՕ Մեթալ» ՍՊԸ-ն ոսկի է որոնում Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերակում: Տարածքը, ըստ 168.am կայքի, համարվում է սահմանային գոտի, եւ հենակետային զորամասի ներկայացուցիչները անվտանգության ապահովման համար տեղի ՀԿ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ հանքի տարածքին` անվտանգության նկատառումներից ելնելով: «ԲԱՄՕ Մեթալ» ՍՊԸ-ն, 168.am-ի համաձայն, պատկանում է Երևանի մարզահամերգային համալիրի սեփականատեր Մուրադ Մուրադյանին:
Սեպտեմբեր 06, 2012 at 17:13
