ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ

Յուլիա Կուլեշովա, «Դելովոյ Էքսպրես»

Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում իրականացվող բիոգազի հավաքման և էլեկտրաէներգիայի ստացման նախագիծը, որի մասնակիցներն են Երևանի քաղաքապետրանը և «Shimizu Corporation» ճապոնական ընկերությունը, մտնում է իրականացման փուլ:

ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ, «Կլիմայի փոփոխության» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի խոսքերով` մոտ օրերս Նուբարաշենի աղբավայրում կգործարկվի բիոգազի, որի հիմնական բաղադրամասը մեթան ջերմոցային գազն է, հավաքման սարքավորումը: Մաքուր զարգացման մեխանիզմների կանոնների համաձայն` մինչև սարքավորումների գործարկումը, որոնց նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, պետք է արձանագրվի արտանետումների վերաբերյալ բազային իրավիճակը, որպեսզի հետագայում` կրճատումների մակարդակը որոշելիս, հնարավոր լինի ինչ-որ բանի հետ համեմատել: Կիոտոյի արձանագրության պահանջների համաձայն` այդ աշխատանքն իրականացնում են միջազգային մի հաշվարկագրային կազմակերպության մասնագետներ, ովքեր արդեն ժամանել են Երևան: Ինչպես նշում է Արամ Գաբրելյանը, այսպես կոչված բազային գիծը հաստատվելու է ամեն տարի` արտանետումների քանակի մոնիտորինգի հիման վրա:

Նախագծի իրականացման առաջին փուլում հավաքված բիոգազը կայրվի, իսկ ապագայում` գազի քանակը և այլ պարամետրեր ճշտելուց հետո, ծրագրվում է նրանից էլեկտրաէներգիա ստանալ:

Ջերմոցային գազերի կրճատման առումով իրավիճակը կլավանա նույնիսկ նախագծի իրականացման առաջին փուլում, թեպետ մեթանի այրման դեպքում առաջանում է ածխաթթու գազ, որը ևս ջերմոցային գազ է: Բայց բանն այն է, որ շրջակա միջավայրի վրա իր բացասական ազդեցության աստիճանով 1 տոննա մեթանը համարժեք է 21 տոննա ածխաթթու գազի:

Տվյալ նախագծի համար ընդգրկվել Նուբարաշենի աղբավայրի մեկ երրորդ մասը, ճապոնական կողմի ներդրումների ծավալը նախագծի իրականացման առաջին փուլում կազմել է մոտ 5 միլիոն դոլլար:

Սեպտեմբեր 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր