Աշխատողներն ասում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում առողջական խնդիրներ կան, իսկ կոմբինատի ղեկավարությունը պնդում է, որ ամեն ինչ կարգին է

Աշխատողներն ասում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում առողջական խնդիրներ կան, իսկ կոմբինատի ղեկավարությունը պնդում է, որ ամեն ինչ կարգին է

ԷկոԼուր

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում ավարտվել են կոմբինատի աշխատակիցների առողջական վիճակի հետազոտությունները: Այն իրականացրել է Ալավերդու բժշկական կենտրոնը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայացուցիչ Լեւոն Հովհաննիսյանը, հետազոտվել է 530 մարդ` գործնականորեն կոմբինատի ողջ կազմը: Նրա խոսքերով` տուբերկուլյոզով հիվանդներ, ինչպես նաեւ թոքերի այլ ծանր հիվանդություններով մարդիկ կոմբինատում չկան: «Առաջ  տուբերկուլյոզով հիվանդներ են հայտնաբերվել, նրանք ազատվել են աշխատանքից եւ թոշակի ուղարկվել: Իսկ հիմա մեզ մոտ (բժիշկները) աշխատել են ավելի քան երկու ամիս, եւ հենց կոմբինատի տարածքում սարքը դրված էր, որով ստուգել են աշխատողներին: Տուբերկուլյոզ չի հայտնաբերվել, ամեն ինչ կարգին է»,- «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում ասաց նա:

Բայց 2012թ. օգոստոսին «ԷկոԼուր»-ը նկարահանել է տեսանյութ, որտեղ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին աշխատակիցը (նա չցանկացավ իր անունը հայտնել) ներկայացնում է խնդիրներ, այդ թվում եւ առողջության մասին: (տես տեսանյութը):

«…Սոցիալական հարցերով մենք միշտ դիմել ենք կառավարություն, մինչև ընտրությունները մենք դիմել ենք, պահանջել բանվորներին նախ մարդկային մոտեցում., աշխատողները չեն ունեցել նորմալ բաղնիք, բանվորների արտահագուստը: Քաղաքի ճանապարհն էին օգտագործում, որը ծանր մեքենաներին չէր դիմանում: Մեր բողոքից հետո այդ ճանապարհները չեն օգտագործել, այլ ճանապարհով են տանում, իրենց տարածքով է գնում: …Ջարդման արտադրամասի հիմնական բանը, որ էլի բանվորների համար վատ էր, օդը շատ կեղտոտ էր էնտեղ:

Ես մոտավորապես ինչքան գիտեմ, 175 մարդ էր հիվանդ, դա մեր դիմումի մեջ կա, որ այդքան մարդ հիվանդ է, նրանց բժշկական պրոֆեսիոնալ ոչ մի բան չի արվում, նրանք շարունակում են աշխատել: Առաջ, որ մարդ աշխատանքի  չէր գալիս հիվանդության պատճառով, ազատում էին աշխատանքից ու վերջացավ, գնաց: Երկու տղա էլ ես ունեմ էնտեղ աշխատող… փոքր տղաս շատ նորմալ պահանջ դրեց, ինձ էլ խնդրեց, որ ինձ օգնի, որովհետև վերջիվերջո մարդ ենք, հաց ուտելու, լվացվելու տեղ չունենք: Ես օգնեցի, նրա կողքը կանգնեցի, էդ հարցերը բարձրացրինք: Սարքեցին, փառք Աստծո, ահռելի ֆաբրիկայում հաց ուտելու տեղ չունեին: Նույնիսկ աշխատակիցը են ժամանակ եկել, քացով խփել, սեղանը` փեդի կտորը, գցել էր, ոնց թե ստեղ հաց ուտելու տեղ է, հաց եք ուտում:…»,- պատմեց կոմբինատի նախկին աշխատակիցը:

Մեր կողմից նշենք, որ սիլիկոզ, տուբերկուլյոզ հիվանդությունները բնորոշ են այն մարդկանց համար, ովքեր աշխատում են հանքարդյունաբերական ձեռնարկություններում եւ աշխատանքային լավ պայմաններ չունեն:



Նոյեմբեր 01, 2012 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր