Մելիքի բնակիչներ. «Որ պիտի թույն շնչենք, թող գյուղը տեղափոխեն»

Մելիքի բնակիչներ. «Որ պիտի թույն շնչենք, թող գյուղը տեղափոխեն»

ԷկոԼուր

Ներկայացնում ենք նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի» նախագծի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, պետական մարմնի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումների մանրամասները: Լսումներին մասնակցում էին «ՄեգոԳոլդ» ընկերության ղեկավարները ի դեմս ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի, Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը, պոչամբարի նախագծող,  Լեռնամետալուրգիայի ինստիտուտի Բնապահպանության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լաուրա Բալայանը, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը,Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալիա Մանուկյանը, Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյանը, «ԷկոԼուր»-ի ներկայացուցիչ Վիկտորյա Բուռնազյանը, «Սիվիլնեթ» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը, գյուղի բնակիչներ եւ հանքի աշխատողներ:

 Մելիք գյուղում գտնվող 2 լցված պոչամբարների տվյալները, ըստ Հովիկ Նիկողոսյանի, հետեւյալն են` 1-ին պոչամբարի ծավալը մոտ 20 000 խմ, 2-րդը` 25000-30 000 խմ ծավալ: 1-ին պոչամբարում 1-1,5 գրամ ոսկի/տոննա, 2-րդ պոչամբարում` 0,6-0,7 գրամ/տոննա:

3-րդ պոչամբարը պարունակելու է 90 000 խմ ծավալով պոչհանք:

Նախագծող Հովիկ Նիկողոսյանը նոր պոչամբարի կառուցումը եւ հանքում աշխատելու հարցը դրեց միմյանցից խիստ կախվածության մեջ: «Չի լինի պոչամբար, չի աշխատի հանքը, չի աշխատի հարստացուցիչ ֆաբրիկան… Հիմա ձեզանից է կախված. եթե դուք ուզում եք, որ ձեր մոտ աշխատի լեռնահանքային արդյունաբերություն, ուրեմն դուք պիտի ունենաք պոչամբար, եթե չեք ուզում, որ աշխատի ձեռնարկությունը ընդհանրապես, ուրեմն դուք պետք է ասեք, որ չեք ուզում ընդհանրապես: Եւ Մելիք գյուղում լեռնային արդյունաբերությունը կվերանա»,- ասաց Հ. Նիկողոսյանը:

Պոչամբարների տարածքի սեյսմիկությունը գնահատվում է 9 բալ: Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը նշեց. «Սպիտակի երկրաշարժից հետո առաջացած ակտիվ խզվածքը գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Այդ ռիսկերը հաշվվա՞ծ են»:

Հովիկ Նիկողոսյան. «Մեր պատվարը հաշվված է 9-ը բալի համար: Ըստ փորձի` եթե պատվարը փլվում է, պատվարից դուրս է գալիս 1 օրվա արտադրողականությունը»: «Մեգո Գոլդ» ընկերության տնօրենի տեղակալ Գենրիխ Մկրտչյանը գնահատեց սեյսմիկության ռիսկը որպես աննշան:  «Իհարկե, երկրաշարժը վատ է, վնաս է, …Եթե այդ պոչերը թողնենք, մինչեւ գյուղ չի հասնի»:

Աշոտ Պողոսյան. «2 պոչամբարները ունեն անձնագիր, որոնք անցել են բոլոր փորձաքննությունները` ներառյալ սեյսմիկ»:  

Մելիք գյուղի բնակիչներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին պոչամբարի կառուցմանը. «… Ոչ մեկ էլ համաձայն չի, կարող է բնակչության 0,1 տոկոսը համաձայն լինի… Թող նոր նախագիծ կազմեն ու մտցնեն մեր պահանջները… 60 տնտեսություն այս տարի մի հատ կարտոշկա չի ստացել էդտեղի ամեն ինչից, հենց էդ ջրից: … 500 մետր ջրագիծը դուք քանդեցիք, ավիրեցիք, չսարքիք … Ո՞նց կարելի է էդտեղ պոչամբար կառուցել, որ վաղը էդտեղ սահող տեղ է: Վաղը որ դա եկավ, էդ 60 տնտեսության հողը կտանի՞, կտանի: … 2 տարի աշխատեցին, սարի կեսը չկա, որ երկու տարի էլ աշխատի, կհանեք ժողովրդին…Որ պիտի թույն շնչենք, թող գյուղը տեղափոխեն …»:

Հովիկ Նիկողոսյանը գյուղացիներին. «…Սխալ են աշխատում, թե ճիշտ են աշխատում, ձեր գյուղի ժողովրդի գործն է: Եթե տեսնում եք` սխալ է աշխատել, արտահոսք է արել, գնացեք, մի թողեք…»:

Հայաստանի Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյան. «Դուք աշխատում եք Համաշխարհային բանկի ստանդարտներով, որոնցից մեկն է սոցիալական պատսախանատվությունը: Որ մենք մտնում ենք գյուղ, արդեն պարզ է դառնում, որ ոչ մի ընդհանուր բան չկա Համաշխարհային բանկի ստանդարտների հետ…Դուք ասում եք 5 տարի հետո սա ենք անում, 10 տարի հետո նա ենք անում: Արդյունքում ստացվում է, որ այս գյուղում բացի հանքագործությունից ուրիշ բանով հնարավոր չի զբաղվել…»:

Աշոտ Պողոսյան. «Սխալ է մտածել, որ կազմակերպությունները պետք է գան ու գյուղեր պահեն: … Մենք կարող ենք օգնել…Անելու ենք, ինչքան որ հնարավոր է…60 աշխատատեղ, կդառնա 100 աշխատատեղ: Ինչ-որ չափով ծառայություններ կգնենք իրենցից, կարտոֆիլ ենք գնում:… Մինչեւ բաց հանքին անցնելը մեր ծրագրում կա վերամշակել պոչհանքերը …Նոր ծրագրով տարեկան  300 000-350 000 տոննա հանքաքար ենք հանելու: Մեր տվյալներով կա 18 միլիոն տոննա հանքաքար: Մեծ ծավալի պոչամբարներ են պետք: Այս կիրճը, որը դուք տեսաք, ծավալով հանքարդյունաբերության համար շատ փոքր է, դա 3 տարուց ավելի այս չի բավականացնելու, ոչ թե պոչամբարի համար եմ ասում, այլ ֆաբրիկայի եւ ընդհանարապես գործունեության համար»:

Հասմիկ Ասլանյան. «Դուք մինչեւ հիմա 10 տարի աշխատում եք, բայց ոչ մի սոցիալական պարտավորություն չեք կրում: …Եթե 60 տարվա ընթացքում այս գյուղի շրջակայքը կարող է պոչամբարի, հանքի տակ լինել, ապա այս գյուղի առկայությունը այստեղ ես կասկածի տակ եմ դնում»:

Գյուղապետ Հակոբ Մկրտչյան. «…Պողոսյան Աշոտի հետ ես զրուցել եմ առանձին, խնդրել եմ միաժամանակ, որ փակվի ժողովրդի աշխատավարձը, խոստացել են: ... 15 տարվա ընթացքում «Մեգո Գոլդ»-ը ոչինչ չի արել համայնքի համար: …Մի ամիս առաջ խոստացան գյուղի համար լուսավորության հարցը լուծել, նոր մանկապարտեզ կառուցել, գազաֆիկացման համար 20% գումար նախատեսել: Եթե խոստումներն իրականություն դառնան, ուրեմն նշանակում է, որ մենք ոչ մի տարաձայնություններ, ոչ մի դժգոհություն երեւակայի չի լինի:…Որոշման մասին դուք կիմանաք մի ամիս հետո»: 

Նոյեմբեր 30, 2012 at 11:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր