Էկոլոգիական հասարակական դաշինքը ՀՀ վարչապետին. «Խնդրում ենք Ձեզ կասեցնել «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի բոլոր գործողությունները…»

Էկոլոգիական հասարակական դաշինքը ՀՀ վարչապետին. «Խնդրում ենք Ձեզ կասեցնել «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի բոլոր գործողությունները…»

ԷկոԼուր 

Էկոլոգիական հասարակական դաշինքը, որի կազմում են 50 բնապահպանական հասարակական կազմակերպություններ, դիմում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կասեցնելու «Մեգո Գոլդ»ՍՊԸ-ի գործունեությունը: Նամակում ասված է. «Մեծարգո պարոն վարչպետ, 20.11.2012թ-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է Բնապահպանության նախարարությանը, ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` Ապարանի Մելիք գյուղում «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի գործունեության մասին, առաջարկելով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: Կից ուղարկում ենք Ձեզ մեր նամակի բովանդակությունը և խնդրում ենք հանձնարարել Բնապահանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններից յուրաքանչյուրին իր գերատեսչական լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնել և ներկայացնել հանրությանը: Անհրաժեշտ ենք համարում հայտնել նաև Ձեզ, որ այս պահին «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն գործողություններ է նախաձեռնում երրորդ պոչամբարը կառուցելու համար տվյալ վայրում: Խնդրում ենք Ձեզ կասեցնել «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի բոլոր գործողությունները մինչև վերո նշյալ ուղղություններով իրավիճակի գնահատումը»: Ստորեւ ներկայացնում ենք Էկոլոգիական հասարակական դաշինքի 2012թ. նոյեմբերի 20-ին ՀՀ բնապահպանության ն նախարարությանը, ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ուղղված նամակը: « ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիք գյուղին հարակից տարածքում` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար: Հիշեցնենք, որ հիշատակված ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բնական պաշարների նկատմամբ անսահմանափակ ախորժակ ունեցող «Գլոբալ Գոլդ» ընկերության դուստր ընկերություն, որը 2006 թվականից ի վեր շահագործում է Ապարանի Մելիք գյուղին անմիջապես հարակից «Թուխմանուկի» ոսկու հանքավայրը:

Հարկ ենք համարում նշել, որ հանքահարստացումն իրականացվում է հենց տեղում` Մելիք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որի անմիջական հարեւանությամբ անմխիթար վիճակում է գտնվում  նաեւ պոչամբարը: Պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել և փլուզվել` վնասելով գյուղի խմելու ջրի  խողովակաշարը, խառնվելով խմելու և ոռոգելի ջրերին: Ջրագիծն այժմ էլ գտնվում է վթարային վիճակում:

Վթարային վիճակում գտնվող պոչամբարի փոշին անընդհատ լցվում է համայնքի մշակովի հողերի վրա` ծանր մետաղներով թունավորելով բերքը: Համայնքի ջրերի աղտոտման հետևանքով հողերը ոռոգվում են ոչ պիտանի ջրով: այս ամենի հետևանքով բազմապատիկ անգամ նվազեցնելով հողի բերքատվությունը: Համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս, որը չի ուսումնասիրվել և չի գնահատվել:

Համայնքի բնակիչների վկայությամբ` հանքավայրի շահագործման և պոչամբարի վթարների հետևանքով համայնքի բնակիչները կրում են բարոյական և նյութական հսկայածավալ վնասներ: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները, մանկածնությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակում:

Մելիք գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են հանքավայրի շահագործման ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների, համայնքին պատճառած վնասների դեմ` ընդհուպ մինչև փակելով «Մեգո Գոլդ» ընկերության տեխնիկան տեղափոխող մեքենաների ճանապարը: Սակայն պետական պատասխանատու մարմինները բացարձակ անուշադրության են մատնել գյուղացիների բողոքները: Չնայած համայնքում էկոլոգիական և առողջապահական աղետալի վիճակին` ոչ բնապահպանության տեսչությունը, և ոչ էլ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը իրենց պարտականությունների մեջ մտնող որևէ ուսումնասիրություն չեն իրականացրել:

Այսպիսի պայմաններում մենք անընդունելի ենք համարում Մելիք գյուղի հատվածում նոր պոչամբարի կառուցումը, քանի դեռ`

1. չեն ուսումնասիրվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում օրենքի (լիցենզային պայմանագրի) խախտման փաստերը,

2. չի ուսումնասիրվել համայնքի բնակչության առողջական վիճակը և գնահատվել հանքավայրի շահագործման հետևանքները համայնքի բնակչության առողջական վիճակի վրա,

3. չեն ուսումնասիրվել և գնահատվել համայնքին պատճառված տնտեսական վնասները:

Հետևապես, մինչև պոչամբարի կառուցման վերաբերյալ որևէ գործընթաց սկսելը, անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (կազմված բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններից և այլ գերատեսչություններից, հասարակական հատվածի շահագրգիռ անդամներից), որը կուսումնասիրի վերը նշված հիմնախնդիրները և կտա հիմնավորված գնահատականներ համայնքի վրա հանքավայրի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ»,- ասված է նամակում:

Հունվար 18, 2013 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր