ԷկոԼուր
Հասարակայնության ներկայացուցիչները դիմել են Բնապահպանության նախարարություն` պահանջելով Մելիք գյուղում նոր պոչամբարի կառուցման նախագծի հասարակական լսումների արձանագրությունը ճանաչել անվավեր: Պոչամբարը թվով երրորդն է, այն մտադիր է կառուցել Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո Գոլդ» ընկերությունը: Դիմումում մասնավորապես ասված է. «2012թ. նոյեմբերի 27-ին Մելիք գյուղի գյուղապետարանում տեղի ունեցան հասարակական լսումներ` «Մեգո Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ: Լսումների ավարտին Մելիք գյուղի գյուղապետը հայտարարեց, որ մեկ ամիս հետո կներկայացնի համայնքի կարծիքը: Սակայն մեր ձեռքումն է հենց նույն օրը նոյեմբերի 27-ին կազմած եւ «Մեգո Գոլդ» ընկերության տնօրենի և գյուղապետի ստորագրությամբ վավերացված Արձանագրությունը։ Այդ արձանագրության մեջ գրված է։ «Պոչամբարի նախագծի վերաբերյալ առարկություններ չկան... որոշեցին հավանություն տալ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի բնապահպանական մասին…»: Սա բացարձակ կեղծիք է։
Լսումների ընթացքում բազմաթիվ ելույթներ են եղել, որոնք հիմնավորել են այդ վայրում պոչամբար կառուցելու անթուլատրելիությունը։ Արձանագրությունը նաև չի արտացոլում քննարկման ընթացքում համայնքի անդամների արտահայտած կարծիքը, ինչպես նան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները։ Պոչամբարի կառուցման օգտին խոսել են միայն «Մեգո Գոլդ» ընկերության ներկայացուցիչներն ու այդ ընկերության պատվերով պոչամբարի նախագիծ կազմողը։ Այսինքն այդ արձանագրության մեջ ներկայացված տեղեկությունները թերի են և կեղծ։ Պահանջում ենք անվավեր ճանաչել 2012 թվականի նոյեմբերի 27-ին «Մեգո Գոլդ» ընկերության կողմից կազմած Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարին վերաբերող արձանագրությունը»,- նշված է դիմումում: Դիմումին կցված է նոյեմբերի 27-ի արձանագրությունը եւ տեսանյութը:
Մարտ 11, 2013 at 19:34