ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հիմնական բաժնետեր «Քրոնիմետ» ընկերության կողմից իրականացվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ռաֆինացված, մաքուր պղնձի գործարանի կառուցման ծրագիր: Այստեղ կարտադրվեն նաեւ պղնձալարեր:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, գործարանի ստեղծումը եւ գործարկումը հնարավորություն կտա Հայաստանում վերականգնել լարերի արտադրությունը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը շուրջ 100 մլն եվրո է: Գումարի մի մասն ընկերությունը նախատեսում է վարկի տեսքով ստանալ Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկից:
Հ. Միրզոյանի խոսքով` պղնձալարերի արտադրությունը պետք է կազմակերպվի բոլորովին նոր, աշխարհում դեռեւս չփորձարկված տեխնոլոգիաներով, որոնց կիրառման պարագայում հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը: Գործարանի կառուցումը, հնարավոր է, արդեն ավարտման շեմին կամ ավարտված լինի 2010-ի տարեվերջին: 2011-ից արդեն Հայաստանում կարտադրվի մաքուր պղինձ եւ պղնձալար: Այդպիսով` Հայաստանը կսկսի նաեւ պատրաստի արտադրանք արտահանել, այնինչ մինչ օրս արտահանվում է միայն պղնձի հանքաքար: «Օտարերկրյա ներդրողները եւս հետաքրքրված են Հայաստանում արդյունահանվող հանքային ռեսուրսների վերամշակման փուլի խորացմամբ»,-ասաց Հայկ Միրզոյանը:
Ի դեպ, «Քրոնիմետ»-ն աշխատանքներ է տանում նաեւ Երեւանի «Էլեկտրոն» գործարանում էլեկտրական մարտկոցների արտադրության կազմակերպման ուղղությամբ, ինչը տարածաշրջանում կլինի միակը արտադրանքի տեսակներով եւ ստանդարտներով:
Հոկտեմբեր 09, 2009
