

ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատը «Deno Gold Mining Company» ընկերության գործունեության վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ ոստիկանություն եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից Համահայկական բնապահպանական ճակատը պահանջել է տրամադրել «Deno Gold Mining Company» ընկերության ողջ գործունեության ընթացքում՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արձանագրություննեը, օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված, ինչպես նաև «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենքի պահանջով վերաձևակերպված ընդերքօգտագործման իրավունքների մասին հետևյալ փաստաթղթերի կրկնօրինակները` ընդերքօգտագործման լիցենզիաներ, ընդերքօգտագործման պայմանագրեր, լեռնահատկացման ակտեր: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակում նշված է. ««Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տարբեր ներկայացուցիչներ մամուլին բազմաթիվ հարցազրույցներ են տվել, որոնց բովանդակությանը ծանոթանալով, մեզ մոտ հարցեր առաջացան, որոնց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ:
1)«Առաջին լրատվական» կայքի 21.02.2011թ «Էլեկտրաշոկ Կապանում» վերնագրով հոդվածում (http://www.1in.am/arm/armenia_society_10446.html) գրված է, որ խմբագրությանը հաջողվել է ճշտել հետևյալը՝
«…որ ընկերությունն իրականում էլեկտրոշոկ գնել էին: Բայց դա ոչ թե անհնազանդ բանվորների համար էր, այլ պիտի օգտագործվեր հատուկ դեպքերում: «Դե, պատահում է, որ գիշերվա կեսին մարդիկ խմած գալիս են, կանգնում դարպասների մոտ, նույնիսկ պատահել է, որ զինված են եղել: Էլեկտրաշոկը այդ դեպքերի համար էր, որ անվտանգության աշխատակիցներն ու պահակները օգտագործեին»,- ասացին ընկերության պատասխանատուները»:
Այս կապակցությամբ խնդրում ենք հայտնեք, արդյո՞ք ընկերության կողմից որևէ հաղորդում վերը նշված դեպքերի վերաբերյալ ներկայացվել է ոստիկանություն, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ոստիկանության կողմից:
2)«Առավոտ» օրաթերթի 17.12.2012թ. «Դեկտեմբերի 1-ին «Դինո գոլդում» տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցվել է 2 մլն 4 հազար 800 դրամի վնաս» վերնագրով հոդվածում (http://www.aravot.am/2012/12/17/141473/) մասնավորապես ասվում է, որ «Deno Gold Mining ընկերությունը տարածած մամլո հաղորդագրության մեջ նշել էր, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի արտահոսքի հավանական պատճառը, ըստ իրենց կողմից արված նախնական ուսումնասիրության, սաբոտաժն է: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Թադեւոսյանից տեղեկացանք, որ ընկերությունը դեպքի առնչությամբ իր ձեռքի տակ ունեցած փաստերով դիմել է Սյունիքի մարզի դատախազություն` քրեական հետաքննություն սկսելու նպատակով, տեղեկատվություն է տրամադրվել նաև ոստիկանության Կապանի բաժնին: «Ընկերությունում ուժեղացվել են անվտանգության միջոցները ՝ ապագայում սաբոտաժի դեպքերը կանխելու համար»:
Այս կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե ոստիկանության կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել վերը նշված դիմումի ու տրամադրված տեղեկատվության բացահայտման ուղղությամբ:
3)«Առավոտ» օրաթերթի 17.12.2012թ. « Դինո գոլդի պարզաբանումը` ընկերությունում վերջին օրերին տեղի ունեցողի վերաբերյալ» վերնագրով հոդվածում (http://www.aravot.am/2013/03/15/215387/) մեջբերված է ընկերության վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետևյալ խոսքերը՝ «Եթե իր աշխատաժամանակի 4 ժամը վատնում է գողությամբ զբաղվելով, բնականաբար պլանը չի հասցնի կատարել: Վերջին 5 օրվա մեջ մենք 4 հատ գողություն ենք բացահայտել, մի հատ էլ այսօր բացահայտեցի, նկարները քիչ հետո ցույց կտամ: Դինո գոլդը 2012 թվականին 6 մլն դոլար գումար է ծախսել բեռնատար կամ ապարաբարձիչ մեքենաների վերանորոգման համար, բայց այդ մեքենաների սարքավորումներից նույն մասն ամեն ամիս ջարդվում է, երբեմն նույնիսկ ամիսը 3 անգամ: Շարժիչը բացում ես մեջից ավազ է թափվում. մարդը բացել է ձեռքով ավազը լցրել ու փակել, ասում է` ամսի 10-ին պլանը չեմ կարողանալու կատարեմ, պրեմիա չեմ ստանալու, էլ ինչի աշխատեմ տաժանակիր: Ջարդում է մեքենան առանց մտածելու, որ այդ մեկ շարժիչի արժեքը 50 հազար դոլար է»:
Այս կապակցությամբ խնդրում եմ հայտնեք, արդյո՞ք ընկերության կողմից որևէ հաղորդում վերը նշված դեպքերի վերաբերյալ ներկայացվել է ոստիկանություն, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ոստիկանության կողմից, արդյո՞ք ընկերությունն այդ գողությունները ոստիկանության միջոցով է բացահայտել:
4)Նմանատիպ բովանդակության հրապարակումներ են եղել նաև այլ լրատվական կայքերում, դրանք կարող եք գտնել ինտերնետային
հետևյալ հասցեներում՝ http://hetq.am/arm/news/18523/goxutyun-dino-gold-mayning-qampni-ynkerutyunum.html [1], http://hetq.am/arm/news/1777/dino-gold-um-tchgnazhamn-sksvec-stugumneri-ardyunqum.html[2], http://hetq.am/arm/investigation/1780/[3]
Այսպիսով, մեզ հետաքրքրում է արդյո՞ք ՀՀ ոստիկանությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով որևէ քայլ ձեռնարկել է վերը նշված փաստերի բացահայտման ուղղությամբ կամ արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը վերը նշված նյութերը դիտել է որպես լրատվության միջոցների հանցագործությունների մասին հաղորդումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի և 179-րդ հոդվածի իմաստով, թե՝ ոչ, եթե ոչ, ապա ինչու՞:
Ակնկալում ենք ստանալ Ձեր գրավոր պատասխանը»:
Ապրիլ 05, 2013 at 19:11
