

ԷկոԼուր
Ապրիլի 15-ին` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանում, տեղ ունեցավ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ ուղղված «Deno Gold Mining Company» ընկերության հայցի քնննությունը: Ընկերությունը Եղիա Ներսիսյանին մեղադրում է զրպարտության մեջ: Պատճառը 2012թ. դեկտեմբերի 8-ին` ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի երիտասարդական կենտրոնում «Ակտիվիզմ, բնապահպանություն և ժողովրդավարության կառուցում» միջոցառման ժամանակ Եղիա Ներսեսյանի ելույթն է, որի ժամանակ նա ասել է. «…օրինակ, Կապանում «Գոլդ Մայնինգ» կա կանադական, գիտեք չէ, էլեկտրոշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն…»:
Նիստին ներկա էին պատասխանող կողմը` ի դեմս Եղիա Ներսեսյանի, փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի, և հայցվոր կողմը՝ «Deno Gold Mining Company» ընկերությունը` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի, փաստաբաններ Սեդրակ Ասատրյանի և Գևորգ Հակոբյանի:
Դատական նիստը սկսվեց Եղիա Ներսեսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությամբ՝ տրամադրել ավելի ընդարձակ դատական նիստերի դահլիճ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա գտնվել նիստին՝ առանց խոչընդոտների, քանի որ դատարանի մոտ հավաքված շատ մարդկանց թույլ չտվեցին նիստերի դահլիճ մտնել` պատճառաբանելով, որ այն փոքր է: Նախագահող Արմեն Դանիելյանը նշեց, որ միջնորդությունը կբավարարվի հաջորդ դատական նիստի ժամանակ:
Հայցվոր կողմը, ներկայացնելով հայցի հիմքերը, պահանջեց հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և հօգուտ հայցվորի պատասխանողից բռնագանձել 1 ՀՀ դրամ: Գ.Հակոբյանը նշեց հայցի իրավական հիմքերը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը:
Պատասխանող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը, համաձայն որի՝ հայցը պետք է մերժվի` ի նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի խոսքի, տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և տարածելու ազատ իրավունքը, Սահմադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասը, որով միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ ) 10-րդ հոդվածը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու և այն ազատորեն արտահայտելու իրավունք ունի:
Լսելով կողմերի պահանջները ու առարկությունները` դատարանը վճռեց հաջորդ դատական նիստն անցկացնել մոտ 3 շաբաթից՝ լսելու հայցվոր կողմի դիրքորոշումը:
Նշենք, որ ողջ դատական նիստի ընթացքում իրենց պաստառներով և կոչերով Եղիա Ներսեսյանին սատարում էին բնապահպան- ակտիվիստները, ովքեր «Deno Gold Mining Company» ընկերության ներկայացուցիչներին ուղեկցեցին դեպի իրենց մեքենաները վանկարկելով՝ «ԱՄՈԹ»:
Հիշեցնենք, որ այս գործով մարտի 29-ին նշանակված առաջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ընկերության ներկայացուցիչը չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով:
Ապրիլ 16, 2013 at 11:49
