Բաց նամակ Մաքսիմ Հակոբյանին

Բաց նամակ Մաքսիմ Հակոբյանին

ԷկոԼուր-Առավոտ

Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը «Առավոտ» օրաթերթի միջոցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին բաց նամակ է ուղղել, որը բացահայտում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նրա գործարքների մասին: Բաց նամակում նշված է. Հարգելի պարոն Մ. Հակոբյան, հանրահայտ է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Սյունիքի մարզի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով վերջին տարիներին «Սյունիք» բարեգործական հիմնադրամին (նախագահ՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան) փոխանցել է ծանրակշիռ ֆինանսական միջոցներ: Անշուշտ, ժողովուրդն իրավունք ունի տեղեկանալու, թե Դուք ինչքան դրամ եք փոխանցել նշված հիմնադրամին եւ արդյոք համապատասխան հսկողություն իրականացվե՞լ է այդ ֆինանսական միջոցների ծախսերի հետ կապված: Հայտնի է նաեւ, որ Ձեր կոմբինատը ամիսներ առաջ գնել է մոլիբդենով եւ պղնձով հարուստ Գեղիի հանքի շահագործման իրավունքը: Հրապարակվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Խաչատրյանն է ձեռք բերել այդ հանքի շահագործման իրավունքը: Խնդրում եմ հրապարակել, թե Ձեր կոմբինատը ՀՀ Սահմանադրությամբ ազգային հարստություն հանդիսացող այդ հանքի շահագործման իրավունքը երբ, ումից եւ ինչքան գումարով է գնել: ՀՀ քաղաքացի Սամվել Հարությունյան»: Ի պատասխան Մաքսիմ Հակոբյանն «Առավոտ»-ին ասել է.  «Ինքը ո՞վ է, որ նամակ ուղարկի, ինքը ինձ չի կարող նամակ ուղարկել»:

Հուլիս 11, 2013 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր