

ԷկոԼուր
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն իրականացնում էր վերամշակման ֆաբրիկայի կառուցման աշխատանքներ: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեցին Մեղրիի մեր աղբյուրները: Ըստ նրանց, 20 հոգի աշխատում է վերամշակման ֆաբրիկայի կառուցման տարածքում, բերվել են ֆաբրիկայի սարքավորումները եւ ֆաբրիկայի տարածքից հանվել է բերրի հողը, որը Տաշտուն գետի հարակից կամուրջից թափվում է Տաշտուն գետի մեջ, որը միրանում է Մեղրի գետին: «Գյուղապետարանը փակ էր, իսկ պարզաբանումներ տալու համար ընկերության պատասխանատուներից ոչ մեկ տեղում չէր, որ մեր հարցերին պատասխաներ»,- ասացին Մեղիից:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Բնապահպանության նախարարությունը տարածել էր մամլո հաղորդագրություն, Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:
Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, իրենք դադարեցրել են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող վերամշակման ֆաբրիկայի շինարարությունը, քանի որ դրա համար բացակայում է Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտական դրական եզրակացությունը: «Մենք չենք կարող միջամտել ընկերության գործերին, եթե նրանք պարզապես սարքավորումներ են բերել ֆաբրիկայի կառուցման տարածք: Իսկ եթե շինարարական աշխատանքները շարունակվում են, ապա մենք այն պետք է արգելենք»,- ասաց Լեւոն Պետրոսյանը: Նրա խոսքերով` բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն այժմ կմեկնեն դեպքի վայր` տեղում ծանոթանալու իրավիճակին:
Հուլիս 17, 2013 at 14:40
