

ԷկոԼուր
Պարզվում է, որ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն բազմամետաղների մշակման արտադրամասի կառուցման տարածքում միայն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը: Նա ասաց, որ խոսել է ընկերության տնօրենի հետ, եւ վերջինս հավաստիացրել է, որ ընդամենը նախապատրասական աշխատանքներ են իրականացվել եւ որ հանված հողը օգտագործելու են լիցք անելու համար եւ որ իրենք նախապատրաստում են բոլոր փաստաթղթերը: «Այնուամենայնիվ, մենք պայմանավորվեցինք երկուշաբթի այցելել տարածք եւ տեղում տեսնել, թե ինչ է կատարվում»,- ասաց Լեւոն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրը, որի հանքաքարից ոսկի և արծաթ է կորզելու։ Այդ նպատակով էլ հենց կառուցում է բազմամետաղների մշակման արտադրամասը:
Բացի այն, որ ընկերությունը բազմամետաղների մշակման արտադրամասի կառուցման համար չունի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, այն նաեւ շինարարական թույլտվություն էլ չունի: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանը տեղեկացրել է. «ՀՀ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի տարածքում «Ատ-Մետալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց քաղաքաշինական եւ իրավական փաստաթղթերի ձեւակերպման, փաստորեն` ինքնակամ, իրականացվում է բետոնապատման եւ հողային աշխատանքներ:
Մեր կողմից 2013թ. հուլիսի 12-ին ՀՀ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկված թիվ 25/25.2/4345-13 գրությամբ առաջարկվել է ինքնակամ իրականացվող շինարարությունը եւ միջոցներ ձեռնարկել հետեւանքների վերացման ուղղությամբ»:
Հուլիս 18, 2013 at 13:24
