Հոկտեմբերի 29-ին Արեւորդի միջազգային փառատոնն ավարտվեց «Ջուր» ֆիլմի ցուցադրմամբ, որը ստացել էր հանդիսատեսի համակրանք եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հատուկ մրցանակը:
Փառատոնի փակման արարողության ժամանակ մանկական ֆիլմերի և հիմնական ծրագրերի ժյուրիի նախագահները հայտարարեցին հաղթող ֆիլմերի անուններն ու հանձնեցին մրցանակները:
Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էդգար Բարտենևի «Նյարմաե ֆիլմը (Գերմանիա), խրախուսական մրցանակ հանձնվեց Հերբերթ Օսթվալդին «Անտառի ոգին. Երկարականջ ցատկամուկ» (Գերմանիա) ֆիլմի համար:
Բնապահպանական խնդրի լավագույն հետազոտությունը անվանակարգում մրցանակ ստացավ Ֆրենի Արմստրոնգի «Հիմարության դարը» ֆիլմը (Մեծ Բրիտանիա), հատուկ մրցանակ ժյուրին շնորհեց Ինգե Ալթեմայերի «Այստեղ` բնապահպանություն, այնտեղ` մահ» ֆիլմի համար (Գերմանիա/Ինդոնեզիա): ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ նաև Տիգրան Պասկևիչյանի «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմը (Հայաստան):
16-ից ցածր տարիքի ռեժիսորների հեղինակած լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում մրցանակ հանձնվեց «Էկոքաղաքը և աղբի հրեշը» ֆիլմին (Իտալիա): ժյուրիի հատուկ մրցանակներ ստացան Ործաձորի «Արևորդի» էկո-ակումբի նկարահանած «Աստրագալուսի մայրամուտը» և «Գառնի-Գողթ» էկո-ակումբի` «Էհա» ֆիլմերը:
Լավագույն բնապահպանական կրթական ֆիլմ անվանակարգում մրցանակ շնորհվեց Ջոն Ուեբսթերի «Աղետի բաղադրատոմսեր» ֆիլմին (Ֆինլանդիա) և ժյուրիի հատուկ մրցանակ Լուցիե Ստամֆեստովայի «Սառնարանը» (Չեխիա) ֆիլմին:
Հոկտեմբեր 30, 2009
