

ԷկոԼուր
Ճոճկանի պոչամբարը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև: Պոչամբարը շահագործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն: Երկու համայնքներն էլ անհանգստացած են պոչամբարի պատճառով առաջացած ռիսկերից: Նրանք բողոքում են ուռուցքաբանական հիվանդություններից, խմելու և ոռոգման ջրից, իրենց այգիների արտադրողականության վատթարացումից: Մանրամասները Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանի հետ հարցազրույցում:
Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյան.
-Մեր համայնքում ջրեր ունենք, աղբյուրներ ունենք, բայց դրանք արդեն փակվում են: Վտանգ կա: Պոչամբարի ներքևում մենք ունենք տարածքներ, այգիներ, նրա ներքևում արդեն գտնվում է Դեբեդ գետը: Դուք որ մի պահ կանգնեիք պոչամբարի կողքին, ճանապարհի վրա, օդի հոտից ձեզ արդեն ամեն ինչ պարզ կլիներ: Մեր համայնքը 500 տնտեսություն ունի, օգտվում է անտառից եկող 2 բնական աղբյուրից, բայց դա էլ ճանաչվել է խմելու համար ոչ պիտանի. այնտեղ կրային շերտը շատ է: Մենք հիմա խմելու ջրի լուրջ խնդիր ունենք: Հիմա ես դիմել եմ կառավարություն: Հնարավոր չի մեծ ծախսերի հետ է կապված: Գոնի Ախթալայի ընկերությունը ընդառաջեր, գոնե խմելու ջրի հարց լուծեին: Լավ, եթե այս ժողովրդին վնաս ես պատճառում,իր սոցիալական հարցերը լուծի, մի հատ բժշկական հարց լուծի:
Մենք հիմա կառավարություն պաշտոնական գրություն ենք ուղարկել: Երբ մենք բարձրաձայնում ենք, համեմատական կարգ չեն դնում, թե Ճոճկանում կամ Այրումում այս հիվանդությունները ինչքան են: Հիմա մարդիկ են, հիվանդանում են, գնում են իրենց բուժումները ստանում են կամ չեն ստանում, թե հետագայում ինչպես է ընթացքը ստացվում, չեմ իմանում, բայց ամեն դեպքում դա պետք է ընդհանուր բժշկական տվյալներով նայվի: Մահացությունը շատ է աճել հիմա: Այսօրվա դրությամբ տարվա կտրվածքով (2013 թվական) 7 ծնունդ ունենք արդեն 15 մահ: Ավելի շատ հիվանդությունները հիմա ուռուցքների հետ են կապված: Բնակիչներից մեկը վերջերս մահացավ: Մենք ընդառաջեցինք, մարզպետնն էլ իր հերթին, Երևանում վիրահատություն արեցին, բայց չօգնեց: Հիվանդությունը արդեն այն փուլում չէր:
ԷկոԼուր.
-Դուք բարձրաձայնել եք այս խնդրի մասին նաև 2007 թ.-ին: Այն ժամանակ այդ մասին խոսում էր Ճոճկանի նախկին գյուղապետ Վարուժան Թամազյանը:
Արկադի Թամազյան.
-Թամազյան Վարուժանի ժամանակ պոչամբարը չի աշխատել: Ինքը, որ գյուղապետ էր, էն ժամանակ չի թույլատրվել: Ինքը չի թողել: Ինձանից առաջ եղած գյուղապետն է տվել հողը` դա Ճոճկանի և Այրումի հողերն են:
ԷկոԼուր.
-Իսկ ինչու՞ եք այս ուռուցքաբանական հիվանդությունները կապում պոչամբարի հետ:
Արկադի Թամազյան.
-Բոլորս էլ գիտենք, որ դա(պոչամբարը) տեղով խնդիր է, բայց ուրիշ տարածքների համեմատ մեր մոտ այդ խնդիրներով մահեր կամ հիվանդություններ ավելի շատ են լինում, քան թե ուրիշ տարածքներում: Բացի այդ, Սովետական միության ժամանակ պոչամբարը ծածկում էին հողով, բայց հետո արդեն, որ կարգերը փոխվեցին, վերականգնվեց Ախթալայի գործարանը ու էլի սկսեցին իրենց գործողությունները: Քանի որ նրանք չունեին թափոնների լցման այլ տեղ, այդ ժամանակ եղավ այդ հատկացումը:
ԷկոԼուր.
-Ու՞մ է պատկանում պոչամբարը:
Արկադի Թամազյան.
-Հիմա որպես սեփականություն պատկանում է Ախթալայի կոմբինատին, բայց իրենց սեփականությունը չի եղել: Սովետական միության ժամանակ է եղել գործարանինը: Այն հողերը, որ տիրազուրկ էին, կառավարությունը որոշում կայացրեց, օրենք հանեց, որ տիրազուրկ հողերըդառնան համայնքային սեփականություններ: Դա դարձավ Ճոճկանի և Այրումի համայնքային սեփականությունը: Եվ եթե ուրիշ ելք չկա, և կա միայն պետական շահ, ապա ամեն ինչ պարզ է: Բայց, մեր համայնքը ոչ մի բան չի ստանում դրանից: Եթե համայնքին վնաս է հասցվում, ապա դա պետք է ինչ-որ ձև փոխհատուցվի: Բայց ոչ մի բան չի արվում:
Գոնե պոչամբարը ցանկապատեին: 3 օր առաջ անասուն էր ընկել այնտեղ և խեղդվել: Իհարկե փոխհատուցման պահանջ ներկայցվեց: Բայց այստեղ հարցը միայն փոխհատուցումը չէ: Աստված չանի մի երեխա ընկնի, ի՞նչն են փոխհատուցելու:
Օգոստոս 05, 2013 at 13:23




