

ԷկոԼուր
Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը (Սյունիքի մարզ) շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ում ողջ գործունեության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգումներ չեն իրականացվել: Այս մասին հայտնել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ի պատասխան Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) գրության: ՀԲՃ-ը գրություն է ուղարկել նախարարությանը` «Լեռ-Էքս» ընկերությունում հունիսի 25-ին տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Էդգար Փիրումյանի պատասխան նամակում նշված է. «Արտահոսած ջրերի մեծ մասն առանց պոչամբար մտնելու հոսել են Գեղի գետ` այդ նպատակով կառուցված առանձին խողովակաշարով: Նշված վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված ենթադրվող վնասների վերաբերյալ սահմանված կարգով պոչամբարից ներքև գետի ջրերից վերցրած փորձանմուշներում ընկերության ԹՍԱ-ի նորմատիվները գերազանցող նյութեր չեն հայտնաբերվել, ուստի վնասի հաշվարկ չի կատարվել և ընկերությանը վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել»:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ «Լեռ-Էքս» ընկերության աշխատանքային նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից դրական եզրակացություն է ստացել 20.06.2011թ.: Ընդ որում ինչպես նշում է ՀԲՃ-ն. «Ստացվում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննության դրական եզրակացություն է ստացել 2011թ. հունիսի 20-ին, սակայն արդեն կառուցված է եղել և արտադրանք է թողարկել դեռևս 2010թ. դեկտեմբերին, այսինքն` այդ եզրակացությունը ստանալուց վեց ամիս առաջ…Այս ամենը բացահայտելուց և ՀՀ պետական լիազոր մարմինների բացահայտ անտարբերությունը տեսնելուց հետո, էլ իմաստ չենք տեսնում դիմել իրավապահ մարմիններին` տեղեկացնելու հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող խայտառակ օրինախախտումների, պետական ունեցվածքի (բնական ռեսուրսների) բացահայտ թալանի մասին, քանի որ «օրինական» և «ապահով» հանքարդյունաբերությունը գտնվում է հենց ՀՀ ներկայիս իշխանությունների բարձր հովանու ներքո, իսկ ինչպես մեր իրականությունն է ցույց տալիս՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը գտնվում են նրանց անմիջականորեն ենթակայության տակ և համարձակություն էլ չեն ունենում մեղավոր պաշտոնատար անձանց և գործարարներին կանչել պատասխանատվության…»,-մասնավորապես նշված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ:
Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի
Օգոստոս 06, 2013 at 14:23




