

ԷկոԼուր
«Քաջարան քաղաքը 20 տարի հետո այլևս չի լինելու: 20 տարի անց կմահանա նաև Զանգեզուրը»,- պատասխանելով ԷկոԼուրի հարցին` ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Հայաստանում տարեց տարի մեծանում են օգտակար հանածոների արդյունահանման ծավալները, ինչը բերում է մի կողմից` ընդերքի սպառմանը, մյուս կողմից` հանքարդյունաբերության հետևանքով հսկայական տարածքների աղտոտմանը: Որքա՞ն կդիմանա Զանգեզուրի տարածաշրջանը, որտեղ գործում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, կան 9 պոչամբարներ և չհաշվարկված լցակույտներով և դատարկ ապարներով լցված տարածքները:
«Մենք կրկնում ենք Ռուսաստանի սխալը: Ռուսաստանը հնարավորություն ուներ գազի և նավթի բարձր գնի պայմաններում իր ամբողջ տնտեսության զարգացման տրամաբանությունը փոխել ռեսուրսների հաշվին: Չկարողացավ անել: Այսինքն, նույն քաղաքականության արդյունքում Ռուսաստանը այժմ հայտնվել է շատ վատ վիճակում: Մեզ մոտ անպատասխանատվությունը շատ ավելի մեծ է, իսկ տարածքը` շատ փոքր: Ես շուկայական տնտեսության կողնակից եմ, բայց այս պարագայում ես անգամ կողմ եմ, որ հանքարդյունաբերությունը դառնա պետական սեփականություն, որովհետև մասնավոր սեփականատերը վիշապի նման միայն քանդում է ամեն ինչ,- նշեց Վահագն Խաչատրյանը,- Հանքարդյունաբերության ոլորտը ստանում է գերշահույթներ: Նրանց պետք է զրկել այդ գերշահույթներից, և այդ գերշահույթներով պետք է լուծվեն բնապահպանական առկա խնդիրները»:
Նոյեմբեր 11, 2013 at 15:31







