ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՈՒԺԸ

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՈՒԺԸ

ԷկոԼուր

Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը կորցրել է ուժը: Ինչպես նշում է բնապահպանության նախարարությունը 2009թ. նոյեմբերի 25-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղած N 5/33/1576-09 նամակում, նախագիծը դրական եզրակացություն է ստացել 2008թ. հոկտեմբերի 13-ին: Արդեն տարուց ավելի անցել է, իսկ նախագիծը ներկայացնող «Նագին» ընկերությունն  այդպես էլ չի սկսել հանքի շահագործման աշխատանքները: Դա հիմք է տալիս կիրառել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթը (հոդված 11, կետ 4)` եզրակացության ուժը կորցնելու մասին:

Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերից սկսած Հրազդանի Օրհուս կենտրոնը հասարակական կամպանիա էր սկսել Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ, որին միացան տեղի 11 հասարակական կազմակերպություներ եւ հասարակական կազմակերպություն Երեւանից: Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ հավաքվեց 2000-ից ավելի ստորագրություն:

Ինչպես կարծում է Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը, նախագծի ձգձգումը կարող է ունենալ եւ տեխնիկական պատճառներ, սակայն հասարակական կամպանիայի ազդեցությունն ակնհայտ է:  «Մենք դիմեցինք կառավարությանը, դիմեցինք հասարակայնությանը, տեղեկացրեցինք նախագծի ռիսկերի մասին: Շատերը կասկածում էին` ստորագրեն, թե ոչ: Հարցրեցինք, թե ինչպես է այդ ամենին վերաբերվում մարզպետարանի ղեկավարությունը: Այժմ մենք գիտենք, որ լավ հարթակ է ստեղծվել նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան արտահայտել իրենց կարծիքը եւ զգան, որ այդ կարծիքը հաշվի են առնում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Էդգար Ենգիբարյանը:

Եթե ընկերությունը մտադիր է, այնուամենայնիվ, ակտիվացնել իր ջանքերը Հրազդանի հանքի շահագործման ուղությամբ, ապա, օրենքին համապատասխան, նա պետք է նոր նախագիծ ներկայացնի եւ կրկին անցնի պետական փորձաքննություն, ներառյալ եւ հասարակական լսումներ:

Դեկտեմբեր 10, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր