ԿԻՈՏՈՅԻՑ ԴԵՊԻ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ…. ԴԵՊԻ ԵՐԵՎԱ՞Ն. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Կարինե Իոնեսյան, «ԱրմենիաՆաու»

Հայաստանցի բնապահպանները հույս են հայտնում, որ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները նոր մակարդակով կքննարկվեն Դանիայի մայրաքաղաքում ընթացող բնապահպանական համաժողովի ավարտից հետո:

Կոպենհագենում անցկացվող կլիմայի փոփոխության համաժողովին մասնակցում են 170 երկրների կառավարական, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան 8000 մարդ է մասնակցելու աշխարհի ամենախոշոր բնապահպանական միջոցառմանը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը: 2002 թ. Հայաստանը միացել է Կլիմայի փոփոխության կանխարգելման Կիոտոյի արձանագրությանը: Սպասվում է, որ Հայաստանը Կոպենհագենում ներկայացնելու է բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

«Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը նկարագրում է աշխարհի ապագայի մռայլ պատկերը, եթե միջոցներ չձեռնարկվեն առանց այն էլ վատ իրավիճակը ավելի չվատթարացնելու դեմ: Ըստ Զարաֆյանի` ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է «տեղումների, մթնոլորտում ջրային գոլորշու ավելացման, անապատացման, սովի, գյուղատնտեսական պիտանի հողերի վերացման, հիվանդությունների աճի»:

Հայաստանը, մյուս երկրների պես, «իր լուման է ներդնում» այդ խնդիրների մեջ, քանի որ, Զարաֆյանի տվյալներով, շարունակվում են զանգվածային ծառահատումները (ոչ պաշտոնական տվյալներով` 1995 թ.-ից ծառահատվել է Հայաստանի ընդհանուր տարածքի 11,2 տոկոս կանաչապատ զանգվածի մոտ 5 տոկոսը` 3000 քառ. կմ տարածք) և նկատվում է ջրային ռեսուրսների պակասեցում, դրան ավելանում է նաև հէկերի կառուցումը:

«Օրինակ` Սևանի փոքր Գետիկ գետի վրա ցանկանում են կառուցել 6 հէկ, բայց հաշվի չեն առնում, որ գետը չի դիմանա»,- անհանգստանում է Զարաֆյանը: (Բնապահպանները ողջունում են հանածո վառելիքից կախում չունեցող հէկերի և էլեկտրաէներգիա արտադրող այլ միջոցների խելամիտ օգտագործումը:)

Զարաֆյանի կարծիքով`Կոպենհագենի համաժողովի նման ամենամյա համաժողովներին սովորաբար մասնակցում են երկրի ղեկավարների մակարդակով: Այս տարվա մասնակիցների շարքում սպասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի և այլ ղեկավարների մասնակցությունը: Իսկ Հայաստանը երբեք կարևորություն չի տվել այս կարգի համաժողովներին` ուղարկելով միայն բնապահպանության նախարարության աշխատակիցների և ՀԿ-ների ներկայացուցիչների:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել «Խազեր» էկոմշակութային ՀԿ տնօրեն Ամալյա Համբարձումյանը, որի կազմակերպությունը այս տարվա հոկտեմբերին հատուկ կոնֆերանս էր կազմակերպել «Դեպի Կոպենհագեն` Հայաստանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 15-րդ նստաշրջանի նախաշեմին» խորագրով:

«Մենք այդ ժամանակ քննարկեցինք, թե որքանով է կարևոր այս հարցը Հայաստանի համար և համապատասխան առաջարկություններ ներկայացրինք, իսկ այժմ արդեն համապատասխան վերապատրաստում ենք անցնելու Կոպենհագենում, որտեղ համաժողովին զուգահեռ կանցկացվեն բնապահպանական երթեր (բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար), կտրամադրվեն հատուկ հեծանիվներ (որը բնապահպանական առումով ամենաանվնաս փոխադրամիջոցն է, քանի դեռ նրանք Կոպենհագենում են)»,- ասաց Համբարձումյանը:

Նման համաժողովների ընթացքում էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ են մշակվում, ինչպիսիք են արևի էներգիան, որը կարող է զգալիորեն նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները:

Օրինակ`22-ամյա Անի Ստեփանյանը, որը նոր է վերադարձել Հոլանդիայից, պատմում է, որ Հերհուգովարդ քաղաքում կա մի թաղամաս` Ստադ վան դե Զոն (Արևի քաղաք), որտեղ արևի էներգիայով սնուցվող 2000 տուն կա:

«Տներն այստեղ թանկ են`մոտ 400 000 եվրո (180 մլն դրամ), բայց տունը հետագայում փոխհատուցում է ներդրված գումարը: Եթե նույնիսկ բնակիչը տանը չէ, արտադրված էներգիան օգտագործում են ուրիշները, որի դիմաց այդ բնակիչը գումար է ստանում, այսինքն` տունն աշխատում է ի շահ մարդու»,- ասում է Ստեփանյանը:

Դեկտեմբեր 15, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր