Հասարակությունը դիմում է բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին

Հասարակությունը դիմում է բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին

ԷկոԼուր

Հասարակությունը դիմում է ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Դիմումում ասված է.

«Հարգելի պարոն Գրիգորյան,

Բնապահպանության նախարար լինելով՝  Դուք պատասխանատվություն եք ստանձնում նրա համար, որպեսզի բիզնեսը չվնասի շրջակա միջավայրին: Ձեզ քաջ ծանոթ ամենաթեժ խնդիրներից է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների ոչնչացումը, որը տեղի է ունեցել Արարատյան դաշտում ձկնաբուծության զարգացման արդյունքում: Սրա հետ փոխկապակցված է Սեւանա լճից ջրառի քանակի ավելացման խնդիրը, ինչը վտանգում է Սեւանա լիճը:

Ակնկալում ենք, որ Դուք, գիտակցելով նոր պաշտոնում ստանձնած Ձեր պատասխանատվությունը եւ պարտավորությունները, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի եւ Սեւանա լճի պահպանման համար թույլ չեք տա, որ բիզնես շահերը առաջնային լինեն, եւ կվերացնեք այս ոլորտում առկա կոռուպցիան:

Պահանջում ենք՝

Հապշտապ սահմանափակել Արարատյան դաշտի ջրօգտագործման չափաքանակը մինչեւ 800 միլիոն խմ:

Գործարկել Արփա-Սեւան թունելը, որպեսզի լրացվի Սեւանա լճից վերցված ջրառը:

Ապահովել Սեւանա լճի մակարդակի անընդմեջ բարձրացում՝ բացառելով լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:

Պահանջում ենք նաեւ վերանայել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը,  փոխել ծրագրի կարգավիճակը բնապահպանականից բիզնես կարգավիճակի եւ անվավեր ճանաչել ծրագրին՝ բնապապանության նախկին նախարար Արամ Հարությունյանի  ստորագրությամբ բնապահպանական փորձաքննության դրական  եզրակացությունը:

Գործնական միջոցներ ձեռնարկել Սևանա լճի սիգի շարունակվող ձկնագողության նկատմամբ հանցավոր անգործությանը վերջ տալու համար:

Իրականացնել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը:

Անցկացնել ստուգումներ Թեղուտի պղնձամոլիբդենային, Թուխմանուկի ոսկու, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրերում` պարզելու իրականացվող գործունեության անհամապատասխանությունը գործող օրենքներին:

Նաեւ ակնկալում ենք Ձեր պատրաստակամությունը հանդիպել եւ համագործակցել քաղաքացիական հասարակության՝ ՀԿ-ների, նախաձեռնությունների, փորձագետների հետ, որպեսզի բնապահպանական խնդիրները ստանան համապատասխան լուծում:

Մայիս 06, 2014 at 14:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր