

ԷկոԼուր
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում խախտել է էթիկայի կանոնները: Ի կատարումն այս որոշման` Արամ Հարությունյանը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Հարգելի՛ բնապահպաններ,
ես, իրոք, ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարց ու պատասխանը վերածվեց վիճաբանության:
Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:
Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը և դրա հարգալից լինելը:
Կարծում եմ՝ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին:
Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները ևս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձևավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, և Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերություն Հայաստանում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Նախկին նախարարը, դիմելով ակտիվիստին, ասել էր. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»:
Ի պատասխան նախարարի հայտարարությանը` ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը, ում վիրավորել էր նախարարը, Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել: «Նախարարի ներողությունը ոչ թե զղջման (հակառակ դեպքում նա ներողություն կխնդրեր ամիսներ առաջ մինչև հանձնաժողովի որոշումը), այլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը անտեսել չկարողանալու արդյունք է…Մեջբերելով բնապահպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի «բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է» արտահայտությունը՝ անձնական վիրավորանք չեմ հասցրել նախարարին, այլ բնութագրել եմ նախարարության գործունեությունը: Նախարարին ներել-չներելու հարցը ես թողնում եմ ապագա անկախ դատական համակարգին, որի առջև ինքն անպայման կկանգնի բայց ոչ թե իր զբաղեցրած պաշտոնին անվայել զգացմունքային պոռթկման, այլ Հայաստանի բնությանը հասցրած վնասի համար»,-ասել է Ապրես Զոհրաբյանը:
Հունիս 09, 2014 at 15:37
