

ԷկոԼուր
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը հայտարարեց, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն իրականացնում է ապօրինի գործունեություն: Այս հայտարարությունը նա արեց ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում տեղի ունեցած Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ` սեպտեմբերի 10-ին:
Հերմինե Պողոսյան.
-ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը շատ հետաքրքրված է այս հարցով: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին՝ ակնկալելով տեղեկատվություն փորձաքննական եզրակացությունների և այլ լրացուցիչ տեղեկությունների համար: Դուք չունեք բաց հանքի շահագործման փորձագիտական եզրակացություն: Այն եզրակացությունը, որ դուք ունեցել եք, տրված է պայմանով, որ դուք պետք է ներկայացնեք նախագիծ` հանքը փակ եղանակով շահագործելու համար: Մենք ունենք պաշտոնական նամակ, որ դուք բաց հանքի փորձաքննության եզրակացություն չունեք, այսինքն, ձեր գործունեությունն ապօրինի է: Ես ունեմ երաշխավորություն հանդես գալ և Հանձնաժողովի նախագահի և պատգամավոր Լյովա Խաչատրյանի անունից, ովքեր ուսումնասիրում են ձեր գորրծունեությունը և շատ բացասական կարծիք ունեն այս ամբողջ գործընթացի վերաբերյալ:
«Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյան.
-Լյովա Խաչատրյանի մասին, իհարկե, լսել եմ, տեսել եմ հեռուստացույցով: Ինձ համար զարմանալի է, որ կոնկրետ պատգամավորը նույնպես նման կարծիք ունի: Որպես փորձագետ, քանի որ այդպիսին ներկայացաք, և քանի որ ներկայացել եք նախագծի քննարկմանը, որը օրենքով արդեն ուժի մեջ է մտել, ասեմ, որ սա 2012 թ-ի սեպտեմբերի 11-ին ներկայացված է լիազոր մարմնին: Համարենք, որ դուք ուշադիր չեք եղել և չեք տեսել:
Հերմինե Պողոսյան.
-Մենք նախարարությանը դիմել ենք 2013 թ-ին:
Աշոտ Պողոսյան.
-Դուք մեզ չեք հարցրել ընդհանրապես: Ես չգիտեմ՝ ինչ հարց եք տվել և ինչ պատասխան եք ստացել: Ինձ, իհարկե, շատ հետաքրքրեց, որ դուք նման պնդում կարող եք անել որպես ԱԺ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: Ես ձեզանից երկու բան եմ խնդրում, կարծեմ Հանձաժողովը մեր հետ կապված ինչ-որ ուսումնասիրություն է անում: Հանձնաժողովը մեզ երբևէ դիմե՞լ է:
Հերմինե Պողոսյան.
- Մենք դիմել ենք լիազոր մարմիններին:
Աշոտ Պողոսյան.
-Ես ձեզ ուղղակի հորդորում եմ դիմել նաև մեզ, եղավ:
Հերմինե Պողոսյան.
- Դուք համարում եք, որ նախարարությունը մեզ ոչ ճի՞շտ տեղեկություն է տվել:
Աշոտ Պողոսյան.
-Ինձ համար դա շատ անհավանական նորություն էր: Ես ձեզ կոչ եմ անում նախ կիսել մեր հետ բոլոր պատասխանները, որոնք դուք ստացել եք: Այդ պատասխանները վերաբերում են մեր աշխատանքին և մեր իրավունքներին: Ես չեմ կարծում և 100 տոկոսով այդպես չէ, որ ԱԺ-ի մշտական հանձնաժողովը գաղտնի ուսումնասիրության մեջ ներգրավված լինի, ես չեմ հավատում ձեզ:
Հերմինե Պողոսյանը.
- Ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը: Դա գաղտնիք չէ, մենք գաղտնի ոչ մի գործունեություն չենք անում:
Աշոտ Պողոսյան.
- Եթե մեզ չեք դիմել և մեզանից փաստաթղթեր կամ պարզաբանումներ չեք խնդրել, ինչպե՞ս կարող եք դուք և հանձաժողովը եզրակացության գալ այն աստիճանի, որպեսզի փորձագետը հասարակական քննարկման ժամանակ կարողանա նման եզրակացություն անել:
Վիճաբանությանը միջամտեց ՀՀ ԲՆ ‹‹Բնապահպանական փորձաքննություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը.
- Ես ուզում եմ պարզաբանում տալ տիկին փորձագետի հարցադրմանը…պարոն Պողոսյանն իր ելույթի սկզբում ասաց այն մասին, որ բացահանքը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն 2013 թ-ին: Այո, միանշանակ է: Մենք Թուխմանուկի բացհանքին տվել ենք դրական փորձաքննական եզրակացություն 2006 թ-ի հուլիսի 7-ին 2 տարով: Դրանից հետո մինչև 2013 թ-ի օգոստոսի 30-ը և սեպտեմբերի 4-ը «Մեգո-Գոլդ»-ի կողմից որևէ հանքավայրի նախագիծ, լինի բաց, թե փակ, փորձաքննության չի ներկայացվել:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Կարինե Մովսիսյան.
- 2006 թ-ին եղել է եզրակացություն, որի հիման վրա «Մեգո-Գոլդ»-ին տրված է եղել 2 տարով բաց հանքի ուսումնասիրություն անելու իրավունք, որ վերջնական եզրահանգման գան՝ ինչ պաշարներ ունեն և այլն: Դրանից հետո պետք է ներկայացնեն ստորգետնյա հանքի շահագործման նախագիծ: Այսինքն, մեր այն նախկին եզրակացությունը, որը տրված է եղել 2006 թ-ին՝ ամրագրված է եղել 2 տարի ժամկետով բաց հանքի շահագործում, որից հետո ստորգետնյա հանքի շահագործում: Այնուհետև մեր տնօրինության կողմից բարձրաձայնվեց, որ մինչև 2013 թ-ը ընկերությունը ոչ մի նախագիծ մեզ չի ներկայացրել հաստատման: Սա է իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սեպտեմբեր 17, 2014 at 16:47