Տարեկան Ողջիի գետավազան է լցվում հանքարդյունաբերական ընկերությունների 681.1 հազար խմ արտադրական կեղտաջուր

Տարեկան Ողջիի գետավազան է լցվում հանքարդյունաբերական ընկերությունների 681.1 հազար խմ արտադրական կեղտաջուր

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության հետեւանքով Ողջիի գետավազանի ջրային ռեսուրսների մեջ տարեկան լցվում են 681.1 հազար խմ արդյունաբերական կեղտաջուր: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից տարեկան Ողջի գետ է լցվում 473 հազար խմ արտադրական կեղտաջուր: «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից տարեկան Նորաշենիկ գետ լցվում է 208.1 հազար խմ արտադրական կեղտաջուր: Այս մասին նշված է ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Ողջիի գետավազանում ցանկալի վիճակի հասնելուն ուղղված միջոցառումների ծրագրում», որը հանրությանը ներկայացվեց 2014թ-ի վերջին: Ծրագիրը մշակել է հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը:

Բացի արտադրական կեղտաջրերից Ողջիի գետավազանի վրա բացասական ազդեցություն ունեն նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - ի` 23 հեկտար տարածք զբաղեցնող և «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության` 14 հեկտար տարածք զբաղեցնող լցակույտերը, ինչպես նաև Ողջիի՝ 18 հեկտար և Փխրուտի՝ 3 հեկտար ռեկուլտիվացված պոչամբարների քայքայված տարածքները: 

Ողջիի գետավազանում ցանկալի վիճակի հասնելու համար Բենյամին Զաքարյանն առաջարկում է`

  • հանքարդյունաբերական ընկերությունների արտադրական կեղտաջրերի համար ջրի մաքրման նոր տեխնոլոգիաների ներդնում
  • գետավազանում գործող 2 խոշոր հանքարդյունաբերական լցակույտերի համար լանջերի ռեկուլտիվացում՝ դրանք ամրացնելով հողաշերտով և ապահովելով բուսածածկով
  • Գեղիի «Լեռ-էքս» ՍՊԸ-ի հանքարդյունաբերական պարզարանների՝ 50000խմ և 35000խմ, համապատասխանեցում պոչամբարներին ներկայացվող պահանջներին
  • Արծվանիկի պոչամբարի պոչանքների վնասված խողովակաշարերի վերանորոգում` Գեղիի գետավազանի հատվածում` 90 գծմ, իսկ Նորաշենիկի գետավազանի հատվածում՝ 150 գծմ
  • Արծվանիկի պոչամբարից դեպի Աճանանի գետավազան դուրս եկող թունելի վրա արտադրական ջրերի մաքրման կայանի կամ արտադրական ջրերը մաքրող ֆիլտրերի տեղադրում:

Մարտ 20, 2015 at 15:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր