

Սամվել Ալեքսանյան, Սյունյաց երկիր
Մարտի 12-ին հանրապետության հարկային դաշտում տեղի ունեցավ բացահայտումների բում, որն առայսօր շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:
ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողներին ներկայացրեց մի շարք ընկերությունների ու կազմակերպությունների անուններ, որոնք էական խախտումներ են թույլ տվել, իսկ ավելի ճիշտ` անկեղծ չեն գտնվել Հայաստանի պետական բյուջեի հետ հարաբերություններում:
Անբարեխիղճ հարկատուների ցանկում նշվեց նաեւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի անունը: Այդ ընկերությունում արձանագրվել էր 3,8 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն, որը փորձել են թաքցնել պետական բյուջեից:
Դրանից հետո, հակառակ մեր սպասումների, հանրությանը որեւէ բացատրություն չի տվել ընկերության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը` Հրաչ Ջաբրայանը:
Հակված ենք կարծելու, որ դա Հայաստանի պետական բյուջեից թաքցրած 3 մլրդ 809 մլն դրամն է, որ հայտնաբերվել է 2014թ. հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում:
Դեռեւս 2014-ի հոկտեմբերին Հրաչն ու նրա օգնականները տարակուսանք հայտնեցին ստուգման արդյունքների վերաբերյալ: Նաեւ հաթաթա տվեցին, թե դատարան են գնալու եւ բողոքարկելու են հարկայինի ներկայացրած ակտը, ապացուցելու են իրենց արդարությունը…
Վեց ամիս է անցել, բայց Հրաչը որեւէ բացատրություն կամ պարզաբանում չի տվել խոստացած դատական գործընթացի մասին: Չի բացառվում, որ գործն ընդհանրապես դատարան չի մտել:
Գլխավորը, սակայն, դա չէ, այլ այն, որ Հայաստանի իրավապահ ու ֆինանսական մարմիններն այդպես էլ չեն պատասխանել պարզագույն, բայց եւ առանցքային հարցին` ինչպե՞ս եւ ո՞ւմ մեղքով է ստացվել, որ Կապանի լեռնահանքային կոմբինատը փորձել է պետական բյուջեից թաքցնել մոտ 9 մլն դոլարին համարժեք դրամ, որը մեր երկրի համար այնքան էլ փոքր գումար չէ: Մանավանդ որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, թաքցրած 3,8 մլրդ դրամն արդեն իսկ վերադարձվել է պետական գանձարան: Մանրամասներն` այստեղ:
Մարտ 30, 2015 at 13:23
