

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդունել չինական ցանկացած ընկերության Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հարցը կարգավորելու համար: Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան: Պղնձաձուլարանի հարցը խորհրդարանում բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մեր հանրապետությունում անցած տարվա ընթացքում խորհրդային տարիների հետ համեմատած մենք աննախադեպ քանակի մետաղական հանքանյութ ենք արդյունահանել` 8 միլիոնի փոխարեն 25 միլիոն տոննա, բայց միջազգային շուկաներում գների իջեցման հետ կապված այստեղ պրոբլեմներ կան շահույթի հետ կապված, եւ այս առումով ի՞նչ վիճակում է մեզ եւ ձեզ հայտնի պղնձաձուլական նորագույն կառույցի կառուցման պռոյեկտը, որը, կարծեմ թե 300 միլիոն եվրոյի արժեք ուներ դեռեւս 6-7 տարի առաջ»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ի պատասխան ասաց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ժամանակ պղնձաձուլարանի կառուցման հարցը բարձրացրել է Չինաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ ասաց. «Գոյություն ունեցող տեխնոլոգիաների պայմաններում յուրաքանչյուր տոննա արտադրված զտված պղնձի հետ առաջանում է բազմապատիկ անգամ ծծմբական թթու, որի իրացումը դեռեւս Հայաստանի լոգիստիկ պայմաններում այնքան էլ ռեալ չէ»:
Ապրիլ 10, 2015 at 12:27
