Կանադական հանքարդյունաբերական «Centerra Gold» ընկերությունը եկավ Հայաստան

Կանադական հանքարդյունաբերական «Centerra Gold» ընկերությունը եկավ Հայաստան

ԷկոԼուր

Վայոց ձորի Գոմք եւ Արտավան համայնքի բնակիչները մտահոգված են, որ իրենց բնակավայրի տարածքում պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվեն: Այս մտահոգությունները նրանք արտահայտել են դեկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ, որտեղ քննարկվել է   «Սենտերա Մայնինգ»ՍՊԸ-ի ներկայացրած «Կապույտ» բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտը: Թեպետ այս փուլում ուսումնասիրությունները մեծ ռիսկեր  չեն պարունակում, սակայն վայոցձորցիներին մտահոգել է այն հարցը, թե ինչ ռիսկեր են սպասում իրենց, եթե հանքերեւակման պաշարները հաստատվեն, եւ որոշվի հանքը շահագործել: ««Կապույտ» հանքերեւակումը գտնվում է Գոմքի ու Արտավանի խմելու ջրերի ակունքների մոտ, եւ հանքի շահագործման դեպքում այդ աղբյուրները շարքից դուրս կգան»,- էկոԼուրի հետ զրույցում նշեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը: Ուսումնասիրությունները պետք է անցկացվեն 2015-2018թ 18.9կմ2 տարածքում:  «Կապույտ» հանքերեւակումը տեղակայված է Վայոց ձորի լեռնաշղթայի հարավային լանջերին, Մարտիրոս գյուղից  6.7 կմ դեպի արեւելք-հարավ- արեւելք,  Գոմք գյուղից 2.6 կմ դեպի հարավ, եւ Արտավան գյուղից 4.5 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ուսումնասիրությունների համար  փորելու են 10 հորատանցք, անցկացնելու են հետախուզաառուներ,  մագիստրալ առուներ, վերակառուցելու են դեպի հանքերեւակում տանող ճանապարհը: Հետազոտության արդյունքում որոշվելու է հանքաքարում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, բիսմուտի, սելենի, թելուրի պարունակությունը:

«Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ն «Centerra Gold» ընկերության դուստր ձեռնարկությունն է «Սենտերրա Էքսփլորեյշն ԲՎ» ընկերության ֆինանսական շղթայի միջոցով: «Centerra Gold» ընկերությունն իր հերթին զբաղվում է Ղրղզստանում Կումտոր ոսկու հանքավայրի շահագործմամբ,  որտեղ Ղրղզստանի կառավարությունը նույնպես  մասնաբաժին ունի: Ընկերությունը նաեւ շահագործում է Boroo հանքավայրը Մոնղոլիայում, բիզնես շահեր ունի Թուրքիայում եւ Կանադայում:

Լուսանկարը վերցված է www.knews.kg կայքից:

Դեկտեմբեր 02, 2015 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր