

ԷկոԼուր
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի արդյունահանման ծավալների ընդլայնման ծրագիրն անխուսափելիորեն կբախվի ջրի խնդրի հետ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) պատրաստվում է արդյունահանման ծավալները հասցնել տարեկան 22 միլիոն տոննայի: Նման ծավալների համար արտադրության համար պահանջվող ջրի ծավալը տարեկան կազմելու է 68. 82 միլիոն խմ: Հայտնի է, որ ներկայումս Ողջի, Սակքար եւ Գեղի գետերը, որոնցից պետք է ջուրը վերցվի, արդեն իսկ սակավաջուր են: Ջուրը չի բավականացնում նույնիսկ փոքր ՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ջրի հետ կապված մյուս խնդիրը ջրի աղտոտումն է: Ծանր մետաղներով եւ այլ տոքսիկ եւ քիմիական նյութերով հարուստ ջուրը պետք է թափվի Սակքար գետ:
Հայտի համաձայն. «Առաջացած տնտեսակենցաղային կեղտաջրերը ինքնահոս մատուցվում են ինքնավար մաքրման կառույցներ եւ կենսամաքրումից հետո թափվում են Սակքար գետ: Սակար գետ թափման հետեւանքով գետի ջրերի բնական որակը չի խախտվում, մաքրված հոսքաջրերի բաղադրությունը համապատասխանում է էկոլոգիական նորմերին»: Այս գնահատականը ոչ մի վստահություն չի ներշնչում, քանի որ հայտում նույնիսկ նկարագրված չէ այն տեխնոլոգիան, որով պետք է մաքրվի ջուրը, հասկանալի չէ, թե ընկերությունը նման ծախսեր կկատարի, թե` ոչ:
Դեկտեմբերի 18-ին Քաջարան քաղաքում կայացած հասարակական լսումների ընթացքում ԶՊՄԿ-ն հայտարարեց, որ ծավելների ավելացումն անհրաժեշտություն է` պայմանավորված շուկայական հարաբերություններով: Եթե ծավալները չավելացվեն, ապա ԶՊՄԿ-ն կկորցնի իր շուկան:
Նախատեսվում է 25 տարվա ընթացքում արդյունահանել 500-600 միլիոն տոննա հանքաքար: Այս հանքաքարի վերամշակման արդյունքում առաջին 12 տարիների ընթացքում Արծվանիկի պոչամբար կթափվի 220-240 միլիոն խմ պոչանք: Ներկայումս Արծվանիկի պոչամբարի լցվածությունը մոտ 300 միլիոն խմ է: Նման ծավալի պոչանքների տեղավորման համար Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի Սյունիքի մարզի 5 համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին: Նվազագույն հաշվարկներով այս գործունեության համար պետք է հանվի 300 հազար խմ հող, որն ըստ էության, բերրի շերտն է: Նույնիսկ հաշվի առնելով, որ այդ հողը ընկերությունը պատրաստվում է օգտագործել ռեկուլտիվացման համար, այն այնուամենայնիվ կկորցնի իր արժեքը: Վնասները հայտում ներկայացված չեն: Զարմանալի է, որ համայնքների ղեկավարները լռում են վնասների մասին եւ խոսում են միայն այն փողի մասին, որը փոխանցվում է ԶՊՄԿ-ից:
Դեկտեմբեր 23, 2015 at 16:57
