Ըստ բնակիչների՝ Գլաձորի հանքավայրի շահագործման հնարավոր ռիսկերն են՝ ռադիացիա, ջրի աղտոտում, այգիների ոչնչացում (Լուսանկարներ)

Ըստ բնակիչների՝ Գլաձորի հանքավայրի շահագործման հնարավոր ռիսկերն են՝ ռադիացիա, ջրի աղտոտում, այգիների ոչնչացում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մայիսի 23-ին Վայոց ձորի Գլաձոր համայնքում տեղի ունեցան «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Քննարկմանը մասնակցում էին Գլաձոր, Վերնաշեն համայնքների ղեկավարները, «Վայկ Մետալ» ընկերության ներկայացուցիչները, ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Կարինե Մովսիսյանը, Գլաձոր համայնքի բնակիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

«Վայկ Մետալ» ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը հայտնեց, որ հանքավայրի շահագործումը 20-30 % կատարվելու է բաց եղանակով, իսկ մնացածը՝ ստորգետնյա եղանակով: Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև կառուցել հարստացուցիչ ֆաբրիկա Արին համայնքում, որի համար ներկայացվելու է առանձին նախագիծ: «Հանքավայրի պաշարները բավարար են, գործարանի արտադրողականությունը հզոր չի լինելու, եղած այսօրվա պաշաներով, առանց վերագնահատման, երևի մի 40-50 տարի կաշխատի… Հանքավայրի ընդհանուր տարածքը 1000 հեկտարից ավել է: Միայն բացհանքերի տարածքը 13 հա է», - ասաց Արամ Օսիկյանը:

Հայտի համաձայն՝ Գլաձորի հանքավայրում հաշվարկվել է կապարի 628.37 հազ.տ, ցինկի 711.44հազ.տ, պղնձի 63.4հազ.տ, կադմիումի 2605.3տ, արծաթի 201.18տ, ոսկու 9789.0կգ պաշար: Մեկ տոննա հանքաքարում կապարի պարունակությունը 4.34% է, ցինկինը՝ 4.92%, պղնձինը՝ 0.44%, կադմիումինը 0.018%, արծաթինը՝ 13.90 գր/տ, ոսկունը՝ 0.68գր/տ:

Ըստ Արամ Օսիկյանի՝ ազդակիր համայնքներն են Գլաձորը և Վերնաշենը: Հանքավայրի տարածքն ամբողջությամբ գտնվում է Գլաձոր համայնքի վարչական տարածքում, իսկ Վերնաշեն համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են միայն ճանապարհները: Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը պնդեց, որ հանքադաշտի տարածքի 80 տոկոսը գտնվում է Վերնաշեն համայնքի վարչական տարածքում, մնացած 20 տոկոսը՝ Գլաձոր համայնքում:

Հանրային քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման ռիսկերը:

Ռադիացիա

Գլաձորի նախկին համայնքապետը էկոԼուրի հետ զրույցում ասաց.

-60-ական թթ. այս հանքավայրը շահագործել են անգլիացիները և ֆրանսիացիները: Ծրագիր կար, որ Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա համայնքների բնակիչներին անգամ Ռուսաստան տեղափոխեն, որովհետև ռադիացիան այնքան մեծ էր, որ ուղղակիորեն ազդում էր մարդկանց առողջության վրա: Ռադիացիան էր խնդիրը, որ հանքի շահագործումը դադարեցվեց: Ամբողջ Վայոց ձորը տառապում էր ստամոքսային խնդիրներով, որը բժշկությունը կապում էր հենց այդ ճառագայթման հետ: Որպեսզի ժողովրդին համատարած չվախեցնեն, չքոչեն մեր ժողովուրդը էստեղից, հայտարարեցին, որ պաշարները չեն համապատասխանում:

ԷկոԼուրը հարց ուղղեց «Վայկ Մետալ»-ի ներկայացուցչին.

- Ռադիացիոն ռիսկերը գնահատե՞լ եք:

Արամ Օսիկյան.

-Ռադիացիոն ռիսկեր չկան: Մենք ունենք չափումներ, կան պետական չափումներ, որոնք հիմք ենք վերցրել, որ չկան:

Ջրի խնդիրը

ԷկոԼուր.

- Հանքավայրի համար ջուրը որտեղի՞ց եք վերցնելու:

Արամ Օսիկյան.

-Հանքավայրի պաշարներում բավարար ջրի քանակ կա, թունելներ են, որտեղից պետք է ստորգետնյա արդյունահանում արվի, բոլորը ջուր են արտադրում, ջրահավաք առանձին բասեին է  ստեղծվելու, և այդ ջուրը օգտագործվելու է: Պտույտ է արվում այդ  ջուրը, մինիմում 60 տոկոսը հետ է գալու:

Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյան.

- Մեր խմելու ջրի ամբողջ կապտաժները տվյալ դաշտից են՝ 27 կմ: Ամբողջ վնասը Վերնաշենինն է: Այդ ջրի տակ մեր գյուղն ունի 80 հեկտար ջրովի հող՝ ծիրան, խաղող,  խնձոր, 120 տնտեսության սեփականաշնորհված հող, 3 կատեգորիայի: Եվ ամենակարևորը, Սովետական Միության ժամանակ ծրագիր է եղել, որ այնտեղ ջրամբար կառուցվի: Ուսումնասիրվել էր, էտ տարածքը ջրթող տարածք է, հրաբխային, այնտեղ ջուր կուտակելու խնդիր չկա:

Սեյրան Մինասյան, ջրային էկոհամակարգերի մասնագետ.

Ամբողջ այդ տարածքում և նաև փակ հանքերի խոռոչներից դուրս եկող դրենաժային ջրերը և այլն, բոլորը գնալու է, լցվի գյուղերի արտերը, դաշտերը, խմելու ջրերի մեջ:  Հիմա պետք է ներկայացվեր Եղեգիս և Արփա գետերի և իրենց վտակների քիմիական բաղադրությունը, հիդրոմորֆոլոգիական վիճակը, հիդրոկենսաբանական վիճակը, հիմիկվա վիճակը, որ մարդկանց ասենք, այ այս ամբողջը կփոխվի, 5 տարի հետո դուք կունենք այլ վիճակ:

Բնության հատուկ պահպանվող տարածքներ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ

ԷկոԼուր.

-Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքները որո՞նք են:

Արամ Օսիկյան.

-Չկա:

ԷկոԼուր.

-Իսկ Եղեգնաձորի արգելավայրն այդ տարածքո՞ւմ չէ:

Արամ Օսիկյան.

-Չկա, մինիմում 10 կմ-ից մոտ հատուկ գոտիներ գոյություն չունեն:

ԷկոԼուր.

-Ձեր ներկայացրած հայտում նշված են կենդանիներ, որոնց մեծ մասը Կարմիր գրքում է գրանցված:

Արամ Օսիկյան.

-Հնարավոր չի, չկա:

ԷկոԼուր.

-Օրինակ, գորշ արջը Կարմիր գրքում է գրանցված:

Արամ Օսիկյան.

-Գորշ արջին ես ինչ պիտի անեմ, գորշ արջից մենք պիտի փախնենք: 4-5 տարի հետախուզում ենք արել, ճիշտ է, արջի հետքեր տեսել ենք, մենք արջից ենք փախնում, արջը մեզանից:

Ընկերության ներկայացրած հայտում նշված է. «Գլաձորի հանքավայրի տարածքը ներառված է Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանում, որտեղ հանդիպում են կաթնասունների ավելի քան 220 տեսակ: Հանդիպում է գորշ արջ, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու: Թռչուններից են քարակաքավը, բազմաթիվ ճնճղուկազգիներ, սև ու սպիտակագլուխ անգղներ, գառնանգղ, քարարծիվ, ճուռակներև այլն: Շատ են սողունները՝ օձեր (գյուրզա, շահմար) և մողեսները»: Հայտում չի նշվում, թե այս կենդանիներից որոնք են գրանցված ՀՀ կենդանիների Կարմիր գրքում: Նշենք, որ գորշ արջը, կզաքիսը, անտառային կատուն, սեւ եւ սպիտակագլուխ անգղները, գառնանգղը, քարարծիվը, ճուռակները գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

Ազդակիր Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները Գլաձորի հանքավայրի շահագործման հարցում տարակարծիք են:

Գլաձորի համայնքապետ Անդրանիկ Մարտիրոսյան.

-Եթե դա մեր բնությունը չի վնասելու, մեր ժողովրդին չի վնասելու, ես՝ ինքս, համաձայն եմ լինելու, որ շահագործվի, որովհետև կան նաև այլ խնդիրներ: Էսօր մեր երիտասարդների 70 տոկոսը բացակայում է համայնքից: Եթե դա լինելու է բավարար, ինչի՞ չպիտի ստեղծվեն աշխատատեղեր, ինչի՞ չպետք է աշխատեն»:

Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյան.

-Մեր գյուղը մեկ անգամ մերժել է այդ ծրագիրը՝ հանքադաշտի բացում, հարստացուցիչ գործարան: Այդ ամբողջ վնասը Վերնաշեն համայնքում է, մարդիկ զրկվում են 3 տեսակի հողի սեփականությունից, գյուղը խմելու ջուր չի ունենում,  մեր ամբողջ արոտներն են այնտեղ: Դա մեծ բնապահպանական աղետ է: Այդ դեպքում Գլաձորը չեմ իմանում, բայց Վերնաշեն համայնքը պիտի ինչ-որ տեղ տեղափոխվի, նոր այդ հանքադաշտը բացվի:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Մայիս 26, 2016 at 20:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր