Արդյո՞ք Կարճևան համայնքի համար կա լուսավոր ապագա (Լուսանկարներ)

Արդյո՞ք Կարճևան համայնքի համար կա լուսավոր ապագա (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Կարճևան համայնքը, որը Ագարակ քաղաքի շարունակությունն է, իր վրա է կրում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի անմիջական ազդեցությունը: Գյուղի տարածքով անցնող Կարճևան գետը վերածվել է թափոնատարի: Կարճեւան գետը ամենավատ՝ 5-րդ դասին է պատկանում մոլիբդենի բարձրա պարունակության պատճառով: Ամբողջ գետի հունը և ափերը պատված են թունավոր պոչերով, որոնցից գարշահոտություն է շուրջը, իսկ չոր ժամանակաշրջանում, պոչերից քամին թունավոր փոշին քշում է: Մարդիկ զրկվել են գետից օգտվելու բոլոր հնարավորությունից: Նրանք ստիպված են ոռոգման համար ջուր բերել ավելի բարձրադիր աղբյուրներից, սակայն այդ ջուրն էլ չի բավականացնում: Չնայած ստեղծված էկոլոգիական աղետալի վիճակին՝ սոցիալական ծրագրեր և առողջության համար ռիսկերի մեղմացման ծրագրեր չեն իրականացվում:

«Ես կառաջարկեի կոմբինատի ղեկավարներին, որ հատկապես վտանգավոր ցեխերում աշխատողներին տարին մեկ անգամ տային ուղեգիր՝ ինչ-որ տեղ գնալու, բուժզննում անցնելու կամ հանգստանալու համար», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Կարճևանի բնակիչը:

Ագարակի կոմբինատը պետք է ընդլայնի իր պոչամբարային տարածքը՝ վերցնելով նորանոր հողեր: «Մենք դեմ ենք նոր պոչամբարի կառուցմանը, որովհետև դա ավելորդ հոգս կլինի համայնքի համար: Ավելի լավ է պոչամբարը ընդլայնվի և իրենց ասած 16 տարին շահագործվի: Դա ավելի հեշտ լուծում է, եթե ամեն ինչ արվի ըստ նախագծի»,- ասացին Կարճևանի բնակիչները: Նրանք, սոցիալական վիճակից ելնելով, շահագրգրռված են, որ Ագարակի կոմբինատը աշխատի, բայց գոհ չեն կոմբինատի աշխատանքային պայմաններից: «20-30 տոկոս իջեցրել են աշխատավարձերը: Պատճառաբանեցին, որ մետաղների գինը միջազգային շուկայում ընկել է: Եղել է ամիս, որ ամուսինս ստացել է 90-100 հազար դրամ, քիչ է շատ: Իմ ամսական վարկերն ավելի շատ են, քան ամուսնուս աշխատավարձը: Ես էլ եմ զարմանում, թե ոնց եմ կարողանում գոյատևել: 90-100 հազարը փող չի, մանավանդ մեր շրջանում, որ ամենակտրված շրջանն է: Ամեն ինչը կրկնակի, եռակի թանկ է», - ասաց Կարճևանի բնակչուհին: Աշխատակիցների գործադուլը տևել է  երկու օր: Կոմբինատի ղեկավարությունը խոստացել է վերականգնել նախկին աշխատավարձը:

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի պայթյունների հետևանքով տուժում են բնակիչների տները, սակայն փոխհատուցում դրա համար իրենք չեն ստանում: «Հիմա մտնենք գյուղի բոլոր տները, բոլորի տան պատերը ճաքած են, այս պայթյունները ազդում են: Սովետական Միության տարիներին ապահովագրության կենտրոն կար, գալիս էին, նայում, գնահատական տալիս, բայց հիմա դա էլ չկա», - ասաց Կարճևանի բնակիչը:

Բնակիչների խոսքով՝ օգնություն կոմբինատից իրենք չեն ստանում, բայց եթե անհրաժեշտության դեպքում դիմում են, չեն մերժում, օգնում են:

 
 
 

Հունիս 14, 2016 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր