

ԶՊՄԿ ՓԲ ընկերության Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկով
www.ecolur.org ինտերնետային կայքում 2016 թվականի հուլիսի 18-ին «ԶՊՄԿ-ն ընդդեմ Էկոլուրի» և ««Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի պատասխանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ
«ԶՊՄԿ-ն ընդդեմ Էկոլուրի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ.
2016 թվականի հուլիսի 18-ին www.ecolur.org ինտերնետային կայքում տեղ է գտել հրապարակում՝ «ԶՊՄԿ-ն ընդդեմ Էկոլուրի» վերտառությամբ, որտեղ, կայքի պատասխանատուների մեկնաբանություններով զուգորդված, հրապարակվել են.
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանը՝ «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի հուլիսի 11-ին www.ecolur.org ինտերնետային կայքում կատարված հրապարակման վերաբերյալ,
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պարզաբանումը՝ «Էկոլոգիական իրավունք» և «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից 2016 թվականի հուլիսի 12-ին տարածված հայտարարության վերաբերյալ:
Գտնում ենք, որ հրապարակումը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին՝ հետևյալ պատճառաբանությամբ.
1. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանի հրապարակման պահանջը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է պատասխանի հրապարակման պահանջը ներկայացնողին տեղեկացնել պատասխանը տարածելու ժամանակի մասին:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որևէ կերպ չի տեղեկացվել պատասխանը տարածելու ժամանակի մասին:
Նշված իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել պատասխանի հրապարակման պահանջ ներկայացրած անձի տեղեկացվածությունը սպասվող հրապարակման վերաբերյալ՝ հնարավորություն տալով նրան իր դիրքորոշումը, առաջարկությունը և առարկությունները (դրանց առկայության դեպքում) հայտնել պատասխանը հրապարակելու ժամանակի մասին: Տվյալ պարագայում, չի ապահովվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ պատասխանը տարածելու ժամանակի մասին տեղեկացված լինելու իրավունքը:
2. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանի հրապարակումն իրականացվում է համապատասխան խորագրի ներքո, ինչպես նաև տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով պատասխանը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանը հրապարակվել է «ԶՊՄԿ-ն ընդդեմ Էկոլուրի» խորագրի ներքո, ինչը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Մասնավորապես, հրապարակման խորագիրը խիստ վերացական է, ընթերցողի մոտ թյուր կարծիք է ձևավորում ԶՊՄԿ-ի և Էկոլուրի հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև որևէ նշում չի պարունակում, որ հրապարակվում է ընկերության պատասխանը:
Նշված իրավակարգավորման նպատակն է խորագրի միջոցով ընթերցողին հստակ և միանշանակ տեղեկատվություն տրամադրել այն մասին, որ հրապարակվում է ընկերության պատասխանը, որը ներկայացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանի հրապարակումը ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով զիջում է այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Մասնավորապես.
- ընկերության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթերը տարածվել են մեկ հրապարակման միջոցով, այնինչ դրանք վերաբերել են երկու տարբեր հրապարակումների՝ տարածված տարբեր ժամերի, տարբեր խորագրերով:
- ընկերության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթերը տարածվել են այլ ձևավորմամբ, տառատեսակով և տառաչափով: Հրապարակման մեջ ներկայացվել է ընդամենը ընկերության պատասխանի սքանավորված տարբերակը՝ որպես նկար, այնինչ այն տեղեկատվությունը, որին վերաբերել է պատասխանը, ներկայացված չի եղել նկարի ձևով: Պատասխանի տառատեսակը և տառաչափը զգալիորեն տարբերվում է (ավելի փոքր է) այն տեղեկատվության տառատեսակից և տառաչափից, որին վերաբերել է պատասխանը:
Նշված իրավակարգավորման նպատակն է ապահովել հասարակությանը տեղեկատվության տարածման հավասար և նույնական հնարավորություններ, ինչը չի ապահովվել կայքի պատասխանատուների կողմից:
3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթերը հրապարակվել են կայքի պատասխանատուների մեկնաբանություններով զուգորդված, ինչը ևս չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին:
Մասնավորապես, պատասխանի տարածումը ենթադրում է զուտ դրա բովանդակության հրապարակում՝ առանց այլ անձանց մեկնաբանությունների, կարծիքների, դատողությունների կամ գնահատականների՝ տվյալ կողմի դիրքորոշումը ընթերցողին հասանելի դարձնելու նպատակով: Չէ՞ որ այն տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվել է պատասխանի հրապարակման պահանջ, հրապարակվել է առանց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեկնաբանությունների, դատողությունների կամ գնահատականների:
Այսինքն՝ այս տեսանկյունից ևս ընկերության պատասխանի տարածումը զիջում է այն տեղեկատվության տարածմանը, որի վերաբերյալ ներկայացվել է:
Ելնելով վերոգրյալից, գտնում ենք¸ որ 2016 թվականի հուլիսի 18-ին www.ecolur.org ինտերնետային կայքում տեղ գտած «ԶՊՄԿ-ն ընդդեմ Էկլուրի» վերտառությամբ հրապարակումը, որպես վկայակոչված հրապարակումների պատասխանի տարածում, չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
««Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի պատասխանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ.
2016 թվականի հուլիսի 18-ին www.ecolur.org ինտերնետային կայքում տեղ է գտել հրապարակում՝ ««Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի պատասխանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» վերտառությամբ, որով տարածվել է ««Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի դիրքորոշումը ընկերության պարզաբանումների վերաբերյալ:
Հրապարակմամբ ներկայացված պատասխանում (այսուհետ՝ նաև պատասխան) տեղ գտածի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որպես ազգային և միջազգային մակարդակներում բարձր հեղինակություն վայելող կազմակերպություն, ազգային օրենսդրության պահանջների անշեղորեն իրականացման ջատագովն է: Գտնում ենք, որ դա է պետության և հասարակության առջև յուրաքանչյուրիս ստանձնած կարևորագույն պարտականություններից մեկը, իրավակարգի ամրապնդման երաշխիքը:
Բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության ձևավորման և ամրապնդման գործում: Ողջունում ենք քաղաքացիական նախաձեռնությունները և հասարակական ակտիվությունը, համագործակցում մի շարք հասարակական միավորումների հետ, աջակցում դրանց ծրագրերի իրականացմանը:
Չափազանց կարևորում ենք շրջակա միջավայրի պաշտպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ հասարակության և պետության հետ կիսելով պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև: Չենք զլանում և միջոցներ չենք խնայում շրջակա միջավայրի վրա մեր գործունեության ազդեցությունը նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցների ձեռնարկման ուղղությամբ:
Որևէ կերպ չենք փորձում խուսափել հանրային-իրավական պարտավորությունների կատարումից՝ իրավանորմերի կամայական մեկնաբանման, ձևական պահանջների չարաշահման կամ այլ ճանապարհներով:
Սրանք են մեր որդեգրած սկզբունքները:
Ինչպես արդեն նշել ենք մեր դիրքորոշումն արտահայտող փաստաթղթերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացների նպատակն է նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը: Իսկ նշված գործընթացներում հասարակության լայն ներգրավվածությունը կոչված է ապահովելու շահագրգիռ հասարակության տեղեկացվածությունը և արդյունավետ մասնակցությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ որոշումների ընդունմանը՝ դեռևս վաղ փուլերում:
Այսինքն՝ կազմակերպված հանրային քննարկման շրջանակներում ակնկալվում էր, որ հասարակության ներգրավման միջոցով ևս հնարավոր կլինի վեր հանել նախատեսվող գործունեության թերի և ռիսկային կողմերը, քննարկել և գտնել շրջակա միջավայրի համար առավել անվտանգ և արդյունավետ լուծումներ:
Նմանատիպ մոտեցում ակնկալվել է, ոչ միայն բուն հանրային լսումների ընթացքում, այլև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ողջ ժամանակահատվածում (ծանուցման հրապարակման օրվանից 15 աշխատանքային օր)՝ ապահովելով նախատեսվող գործունեության վերաբերյալ փաստաթղթերին և գնահատման հաշվետվություններին անարգել կերպով ծանոթանալու հնարավորություն:
Պատասխանի հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ արդի ժամանակաշրջանի օրենսդրական զարգացումները իրավակիրառական պրակտիկա են ներմուծել և արմատավորել ձևական պահանջների չարաշահման արգելքի սկզբունքը, որը կոչված է իրավահարաբերությունների մասնակիցների կողմից իրենց պարտավորությունների կատարումը գնահատել ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով:
Գաղտնիք չէ, որ սահմանված ժամանակահատվածում, նույնիսկ դրանից հետո, շահագրգիռ հասարակության բոլոր ներկայացուցիչների համար ապահովված է եղել հրապարակված նյութերին անարգել ծանոթանալու և գրավոր դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը, ինչը կազմում է նշված գործընթացներին հասարակության մասնակցության երաշխիքներից մեկը:
Այսինքն՝ համապատասխան շահագրգռվածություն ունեցող անձինք որևէ կերպ մեկուսացված չեն եղել նշված գործընթացներից:
Գտնում ենք, որ ներկա քննարկումը կարելի է անվերջ շարունակել՝ ներկայացնելով նորանոր հիմնավորումներ, փաստարկներ, պատճառաբանություններ:
Հակված չենք մեր ջանքերը և ռեսուրսները դեպի փակուղի տանող բանավեճերի վրա վատնելուն: Գտնվում ենք հայտարարված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի ամբողջականացման, շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման կարևորագույն գործընթացների եզրափակիչ փուլում, ուստի նպատակահարմար ենք համարում ամբողջությամբ կենտրոնանալ այդ փաստաթղթերի ամփոփման վրա, քանի որ ընկերության գործունեության հիմքում դրվելու են դրանցում տեղ գտած լուծումները և առաջադրանքները:
Այնուամենայնիվ, համառոտ կերպով անդրադառնալով պատասխանում տեղ գտած որոշ գնահատականների, որակումների, մեկնաբանությունների, հայտնում ենք հետևյալը.
Հավանաբար, ոչ բարի նպատակներից ելնելով, պատասխանի հեղինակների կողմից մի քանի անգամ (տարբեր ձևակերպումներով) շեշտվել է հանրային լսումները ընկերության ճաշարանում կազմակերպված լինելու հանգամանքը. «…պատվիրված հոդված՝ ընկերության ճաշարանի բարի համբավը վարկաբեկելու համար», «Ճաշարանում անցկացված քննարկումներ» և այլն:
Պատասխանի հեղինակներին հորդորում ենք ձեռնպահ մնալ ընկերության ստորաբաժանումների (ենթակառուցվածքների) վերաբերյալ հեգնական երանգներ պարունակող արտահայտություններից:
Տեղին չենք համարում ընկերությանը անհարկի բանավեճերի մեջ ներքաշելու հուսահատ ճիգերը, և հայտնում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը չափազանց բարձր է գնահատում իր յուրաքանչյուր աշխատակցի, կառուցվածքային միավորի, ընկերության յուրաքանչյուր մասնիկի բարի համբավը և ջանքեր չի խնայի այն պաշտպանելու համար:
Ինչ վերաբերում է պատասխանում տեղ գտած խիստ ուսուցողական նյութին՝ «դիմում» և «հայտարարություն» հասկացությունների իրավական բնույթի, այդ արտահայտությունների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ապա հեղինակներին հորդորում ենք փոքր-ինչ ձերբազատվել սեփական իրավաբանական գիտելիքները գերարժևորելու, դրանք ցուցադրելու յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելու միտումներից: Նման մոտեցումը հաճախակի կարող է բացասաբար ազդել ոչ թե այն անձանց վրա, ով ի սկզբանե թիրախավորվել է, այլ հենց հեղինակի թիմակիցների (հրապարակման համահեղինակների) և գործընկերների վրա:
Մասնավորապես, www.ecolur.org ինտերնետային կայքում 2016 թվականի հուլիսի 12-ին ««Էկոլոգիական իրավունք» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները պահանջում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացված հասարակական լսումներն անվավեր ճանաչել» վերտառությամբ հրապարակման, ինչպես նաև www.aravot.am ինտերնետային կայքում 2016 թվականի հուլիսի 13-ին տառացիորեն նույնաբովանդակ հրապարակման նախաբանում ասված է.
««Էկոլոգիական իրավունք» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները պահանջում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացված հասարակական լսումներն անվավեր ճանաչել և անցկացնել նոր լսումներ՝ պահպանելով ազգային և միջազգային օրենսդրական կարգը: Հայտարարությունն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին և Կապանի քաղաքապետ Աշոտ Հարությունյանին, կրկնօրինակը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հայտարարության մեջ ասված է. «Սույն թվականի …»:
Ի դեպ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ղեկավարի ազգանունը Հայրապետյան է, այլ ոչ թե Հարությունյան:
Համոզված ենք, որ «ԷկոԼուր» ՀԿ-ն ևս քաջ տիրապետում է «դիմում» և «հայտարարություն» հասկացությունների իրավական բնույթին, կիրառման առանձնահատկություններին: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հայերեն բանավոր կամ գրավոր խոսքում օգտագործված բառերի և արտահայտությունների նշանակությունը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է փնտրել ոչ թե իրավական ակտերում, այլ հայոց լեզվի բացատրական բառարաններում. (ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2 (երկրորդ իմաստով). որևէ տեղեկանք՝ պահանջ՝ առաջարկ պարունակող գրավոր կամ բանավոր հաղորդում)[1]:
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված նորմերը պահանջում ենք նույն հոդվածի կանոնների պահպանմամբ՝ առանց կրճատումների, առանց ձևափոխումների, առանց որևէ այլ հավելումների կամ որևէ այլ փոփոխությունների՝ ամբողջությամբ հրապարակել սույն պարզաբանում-տեղեկանքը:
[1] Տե´ս Է.Բ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան». «ՀԱՅԱՍՏԱՆ» Հրատ., Երևան – 1976, - էջ 812:
Հուլիս 26, 2016 at 15:16
