Շնող համայնքի հողերը ոռոգող երկու գետերն աղտոտված են հանքարդյունաբերական թափոններով

Շնող համայնքի հողերը ոռոգող երկու գետերն աղտոտված են հանքարդյունաբերական թափոններով

ԷկոԼուր

Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչներն իրենց հողատարածքները ոռոգում են հանքարդյունաբերական թափոններով աղտոտվող Դեբեդ և Շնող գետերի ջրով:

Շնող գետն աղտոտվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական կեղտաջրերով: 2014թ-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Շնող գետի ջուրը դարձել է 5-րդ դասի ամենավատ որակի:

Դեբեդ գետը Հայաստանի տարածքում արտադրական թափոններով աղտոտում են Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան եւ Ալավերդու պղնձաձուլային կոմբինատը: «Դեբեդ գետի մեջ շաբաթական մեկ-երկու անգամ պոչամբարից (Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ) բացթողումներ են լինում, իսկ մենք մեր հողերը հիմնականում Դեբեդի ջրով ենք ոռոգում: Գիշերը ջուրը բաց ենք թողնում, որ ոռոգում լինի, առավոտյան մոտ մի 2-3 սմ էդ պոչամբարից պոչ է նստած լինում, փչանում է բերքը», - ահազանգում է Շնողի համայնքապետի տեղակալ Կորյուն Շադինյանը՝ նշելով, որ գյուղի մեծ մասը ոռոգում իրականացնում է Դեբեդ գետի ջրով, իսկ Շնող գետից օգտվողները քիչ տոկոս են կազմում:

Կորյուն Շադինյանը հայտնեց, որ արդեն երկու տարի «Թեղուտ» ընկերությունը փորձանմուշներ է վերցնում համայնքի բերքից և լաբորատոր փորձաքննություն անցկացնում: «Ծանր մետաղների պարունակությունը պտղի մեջ արդեն մի քանի անգամ գերազանցում է: Դա կապված է հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանի, Ախթալայի ֆաբրիկայի հետ», - ասում է Կորյուն Շադինյանը:

Ծանր մետաղները սննդային շղթայով անցնում են մարդու օրգանիզմ: Ըստ մասնագետների դրանք քաղցկեղածին են:






Նոյեմբեր 01, 2016 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր