Արմենպրես
Եվրոպական երկրները կկարողանան էլեկտրաէնեգիայի իրենց պահանջմունքը միայն վերականգնվող աղբյուրների հաշվին բավարարել արդեն 21-րդ դարի կեսին, եթե դրա համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրենց հաշվետվության մեջ հաղորդել են PricewaterhouseCoopers (PwC) ստուգիչ-խորհրդատվական ընկերության մասնագետները: Հաշվետվությունը համատեղ պատրաստել են Եվրոպայի կլիմայական համաժողովը, Պոտսդամի կլիմայի վրա ներգործության ուսումնասիրման ինստիտուտը եւ Ավստրիայում գտնվող Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը:
Գնահատելով Եվրոպայի էներգետիկական հատվածի հանգուցային հիմնախնդիրները` փորձագետները որոշել են վերլուծել այն ուղիները, որոնցով տարածաշրջանը 40 տարվա ընթացքում կկարողանա հասնել էլեկտրաէներգիայի պահանջարկն ամբողջովին վերականգնվող աղբյուրների հաշվին ապահովելուն: Ներկայում այդ պահանջարկը 50 տոկոսով բավարարվում է ներկրվող վառելիքի հաշվին եւ, ըստ որոշ գնահատումների, ներկայիս պայմանների պահպանվելու դեպքում այդ բաժինը ժամանակի ընթացքում կարող է հասնել 70 տոկոսի:
Հեղինակները «2050 թվականի նակարագրի» անհրաժեշտ բաղադրիչը համարում են «գերխելացի ցանցի» ստեղծումը, որը արեգակնային էլեկտրակայանների համակարգ կներառի Աֆրիկայում, հողմակայանների համակարգ` Հյուսիսային Եվրոպայի երկրներում եւ Հյուսիսային ծովում, հիդրոէլեկտրակայաններ` սկանդինավյան երկրներում եւ Ալպերում` լրացվելով կենսավառելիքի եւ ծովային էներգիայի օգտագործմամբ: «Անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության եւ բազմաթիվ այլ հատվածների զգալի եւ բավականին արագ «դեկարբոնիզացում», եթե աշխարհը ցանկանում է պահպանել առաջադրված նպատակին հասնելու որեւիցե հնարավորություն եւ գլոբալ տաքացումը սահմանափակել Ցելսիուսի երկու աստիճանով»,- գրում են փորձագետները հաշվետվության մեջ:
Նման սահմանափակումը հենվում է հետազոտության վրա, որի համաձայն, 21-րդ դարի վերջին մոլորակի կլիման ըստ Ցելսիուսի ավելի քան երկու աստիճանով տաքանալու դեպքում տեղի կունենա աննախադեպ մասշտաբի անշրջելի հետեւանքներ: «Գերխելացի ցանցի» ստեղծումից զատ, PwC-ի փորձագետները հանգուցային բաղադրիչների թվում նշում են, մասնավորապես, Եվրոպայի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար միասնական էներգետիկական շուկան, համապատասխան տեխնոլոգիայի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի օգտագործումն ամենահարմար վայրերում եւ տարածաշրջանի «էներգետիկական աղքատության» վերացումը:
Փորձագետները մշակել են այսպես կոչված «ուղեցույց»` իրենց կողմից աառաջադրված նպատակին տանող հնարավոր ճանապարհի սխեման: Առանձնացնելով չորս հանգուցային ուղղություն (քաղաքականություն, շուկա, ներդրումներ, ենթակառուցվածք)` նրանք հնգամյա եւ տասնամյա ինտերվալներով ցույց են տվել` ինչ միջոցառումներ են անհրաժեշտ «2050-ի նկարագրին» հասնելու համար: Մասնավորապես, ենթադրվում է, որ 2020 թվականին Եվրամիությունը կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը մինչեւ 20 տոկոսի հասցնելու իր առաջադրանքը, իսկ հետագա 10 տարում այն կավելացնի եւս 30 տոկոսով:
Ընդսմին ջերմոցային գազերի արտանետումները դարակեսին հնարավոր կլինի կրճատել ներկայիս մակարդակի 90 տոկոսի չափով:
Ապրիլ 07, 2010
