

ԷկոԼուր
Հանքարդյունաբերությունը ջրային ռեսուրսների աղտոտման գլխավոր պատճառն է: Այս մասին հայտարարեցին ԵՊՀ-ի մասնագետները «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» աշխատաժողովի ժամանակ:
«Քաջարանի կոմբինատը վերցնում է Ողջի գետի վերին հոսանքի բարձրորակ, մաքուր խմելու ջուրը, օգտագործում է հանքամշակման ժամանակ, այդ ջուրը վերածում է աղբաջրի, ուղարկում պոչամբար և հետո՝ գետեր՝ աղտոտելով գետային ավազանը: Իմ կարծիքով, եթե չփոխվի քաղաքականությունը հանքարդյունաբերության նկատմամբ՝ պահանջ դնելով անթափոն արտադրության, փակ համակարգի, համալիր մշակման, ապա այս երևույթի խորացումը կհանգեցնի մեր ջրային ավազանների, շրջակա միջավայրի աղտոտմանը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում բնակչության առողջության համար», - ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
Ողջի գետ ԶՊՄԿ

«Ագարակի Կարճևան գետը տեսե՞լ եք: Գետով պոչ է հոսում: Ով՞ է դրա պատասխանատուն: Ջուրը «կանաչ» տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Հայաստանում արդյունաբերությունը 1 խմ ջրի համար վճարում է 50 լումա: Արդյունաբերության համար ջրի գինը միանշանակ պետք է բարձրացնել: Ինչու՞ եք վախենում, որ այդ ընկերությունները կգնան: Թող գնան, ուրիշը կգա, ավելի լավ կաշխատի», - ասաց ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ռուբեն Մովսեսյանը: Ըստ նրա՝ հանքարդյունաբերողների նկատմամբ հարկավոր է կիրառել «բնապահպանական գրավ» մեխանիզմը: «Մինչ լիցենզիա տրամադրելը անհրաժեշտ է պետության հետ համատեղ գնահատել հնարավոր աղտոտման չափը և հաշվարկել դրա վերացման համար անհրաժեշտ գումարը: Այն ընկերությունը, որը ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, պետք է այդ գումարը փոխանցի բանկ, որտեղ այն կկուտակվի: Եթե ընկերությունն իր գործունեությունը կիրականացնի, վնասներ պատճառելով, պետությունն այդ գումարն առանց հարցնելու կարող է վերցնել որպես փոխհատուցում»,- առաջարկեց Ռուբեն Մովսեսյանը:
ԱՊՄԿ Կարճևան գետ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հայաստանը ներկայում նախապատրաստում է իր թեկնածության դիմումը՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացման համար, որի ներքո կպահանջվի հրապարակել տեղեկություններ երկրի արդյունահանող ճյուղերի ունեցած եկամուտների վերաբերյալ և կընթանան եռակողմ քննարկումներ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև՝ թափանցիկությունն առավել խորացնելու նպատակով:
Դեկտեմբեր 14, 2016 at 12:13
