

ԷկոԼուր
«Ելք» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը արձագանքեց Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչների բաց նամակ դիմումին: Facebook-ի իր էջի միջոցով նա հայտարարեց, որ կաջակցի արդվեցիներին Շեկաղբյուրի ծրագրի դեմ պայքարում:
«Հայտարարում եմ, որ պատրաստ եմ մինչև վերջ ԱՋԱԿՑԵԼ Արդվի գյուղի բնակիչներին, ովքեր արդեն ամիսներ շարունակ ոտքի են ելել` պաշտպանելու արժանապատիվ կյանքով ապրելու իրենց իրավունքը՝ «առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը», վեր դասելով այս արժեքները անհեռատես անձնական կարճաժամկետ շահից:
Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին ականջալուր լինել գյոուղացիների մտահոգությանը և սատարել նրանց՝ պահանջելով դադարեցնել այս տարածքում հանքերևակման գործողությունները և մեկընդմիշտ հրաժարվել Շեկաղբյուրը հանքի վերածելու անթույլատրելի գործընթացը»,- գրել է պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԱԺ լոռեցի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովին, Արկադի Համբարձումյանին, Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Վանիկ Ասատրյանին, Արմենուհի Կյուրեղյանին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:
Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություն է ցանկանում իրականացնել «Միռամ» ՍՊԸ-ն: Ծրագրի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները տեղի կունենան դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Օձունի համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում:
Նոյեմբեր 23, 2017 at 11:20
