

ԷկոԼուր
Դեռեւս Սվարանցի երկաթահանքի շահագործման գործընթացի վրա լույս սփռելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Փորձերից մեկը Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող Նվեր Պողոսյանի հարցումն է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` տեղեկատվություն տրամադրել Սվարանցի հանքավայրում «Fortune Oil» ընկերության գործունեության մասին:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը պատասխան նամակում նշել է, որ Սվարանցի երկաթի երեւակաման ուսումնասիրության թիվ 189 լիցենզիան 2006թ. փետրվարի 27-ին տրամադրվել է «Նագին» ՍՊԸ-ին, ապա 2008թ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հրամանով փոխանցվել է «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին: «Հանքահետախուզական աշխատանքների արդյունքում 2008թ. օգտակար հանածոյի պաշարները չեն հաստատվել»,- նշված է պատասխանում: Սակայն ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի 2010թ. դեկտեմբերի 7-ի թիվ 176-Ա հրամանով «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրվել է Սվարանցի երկաթի հանքավայրի ուսումնասիրության եւս մեկ`558 լիցենզիան: Երկաթահանքի պաշարերի լրահետախուզման եւ վերագնահատման աշխատանքների ավարտը սահմանված է 2013թ. նոյեմբերի 7-ը:
Նամակագրությունը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլին, երբ արդեն մի քանի ամիս առաջ հայտնի էր, որ Սվարանցի, Աբովյանի եւ Հրազդանի երկաթահանքերը շահագործվելու են չինական «Fortune Oil» ընկերության կողմից: «Fortune Oil»-ը գնել է «Bounty Resources Armenia» ընկերության, որը Հայաստանում տնօրինում է Սվարանցի, Աբովյանի եւ Հրազդանի երկաթահանքերը, 35% մասնաբաժինը: Իր հերթին «Bounty Resources Armenia-ը ֆինասական շղթայի այն օղակն է, որը երեւում է «Fortune Oil»-ի հետ գործարքում, եւ որի հետեւում թաքնված են այն ընկերությունները (մասնավորապես Նագինը), որոնք ամենասկզբից նպատակադրված էին այդ հանքերից շահ ստանալ: Ինչպես երեւում է նախարարության պատասխանից, հենց «Նագին» եւ «Սփայս Սթիլ Արմենիա» ընկերություններին է Սվարանցի երկաթահանքի ուսումնասիրության թույլատվություններ տրամադրվել: Սակայն Սվարանցի հանքի շահագործումը պետք է իրականացնի «Fortune Oil»-ը 2014թ., որի մասին նախարարության պատասխանում խոսք չկա:
Հաշվի առնելով «Bounty Resources Armenia ընկերության հետ գործարքը` «Fortune Oil»-ը 1,5 միլիարդ տոննա երկաթանյութի պաշարի նկատմամբ իրավունք է ստանում միայն Սվարանցի մասով, թեպետ պաշտոնական տեղեկատվության համաձայն, պաշարները հաստատված չեն եւ այս ցուցանիշը նախնական գնահատման արդյունք է: Մինչ Սվարանցի հանքավայրի շահագործումը չինացիները հանքավայրերի շահագործման ցուցակում առաջինը տեսնում են Հրազդանի, երկրորդը` Աբովյանի երկաթահանքը:
Հոկտեմբեր 18, 2011 at 14:51



