Ինչո՞ւ Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման նախագծին բացասական եզրակացություն չի տրվել. Ֆիոլետովոյի բնակիչների հարցումը ՀՀ բնապահպանության նախարարին

Ինչո՞ւ Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման նախագծին բացասական եզրակացություն չի տրվել. Ֆիոլետովոյի բնակիչների հարցումը ՀՀ բնապահպանության նախարարին

ԷկոԼուր

Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչները Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի առնչությամբ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին:

Նամակում ասված է.

«ՀՀ բնապահպանության նախարար

պարոն Արամայիս Գրիգորյանին

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչներից

30.05.2015թ.

 Դիմում

Պարոն նախարար,

մենք՝ ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչներս, 2014 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ կտրականապես մեր անհամաձայնությունն ենք հայտնել  Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Նախագծի տարածքը գտնվում է անմիջապես մեր տների, արոտավայրերի և մարգագետինների կողքին: Նախագիծը պարունակում է ռիսկեր՝ կապված հողի և ջրի աղտոտման հետ, որոնք Ֆիոլետովոյի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներն են:

Մեր բողոքը մենք ուղղել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ կառավարություն, ՀՀ Նախագահին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին, Հայաստանում ԵԱՀԿ դեսպանին: Նախագծի վերաբերյալ բացասական որոշում են կայացրել Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ:

Բնապահպանության նախարարությունից մենք ստացանք պատասխան, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն կանգնեցրել է տվյալ նախագծի փորձաքննության գործընթացը:

Մենք խնդրում ենք օգնել մեզ հասկանալ՝

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ո՞ր կետով է ընկերությունը` ինքը, որոշում կանգնեցնել նախագիծը, թե` ոչ, և այդ պարագայում որո՞նք պետք է լինեն լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, գործողությունները:
  • Ինչո՞ւ մեզ՝ Ֆիոլետովո համայնքի բնակիչներիս, չեն տեղեկացնում տվյալ նախագծի կարգավիճակի և բնապահպանական փորձաքննության ընթացքի մասին:
  • Ինչո՞ւ լիազոր մարմինը՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, նախագծին բացասական եզրակացություն չի տվել, որի` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված դիտարկման ժամկետները լրացել են:

Պարոն նախարար,

մենք հույս ունենք, որ Դուք կհանձնարարեք լիազոր մարմնին՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին, մանրամասն պատասխանել մեր հարցերին և ձեռք առնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի նախագծի դիտարկման գործընթացը համապատասխանի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներին և ՀՀ Սահմանադրության մեջ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայում,  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված մեր իրավունքների պահպանմանը:

Համայնքապետ Նովիկով Ա.

Ավագանու անդամ Սամոդուրով Պ.»:

Հունիս 04, 2015 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր