

Աստղաձոր համայնքի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գեղարքունիքի մարզի դատախազության և ոստիկանության Մարտունու բաժնի քննչական խմբի գլխավոր տեսուչի անգործության մասին բողոքով: Բողոքին միացել են Բնապահպանական հանրային դատարանի անդամներ, «Հայ անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, «Մարտունի կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Բողոքի համար հիմք է ընդունվել «Աստղաձոր համայնքի բնակիչների ջրի իրավունքի խախտման մասին» գործով Բնապահպանական հանրային դատարանի վճիռը:
«Հարգելի պարոն Դավթյան,
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են իրենց գյուղն անօրինական ջրազրկելու և մաքուր խմելու ջուր ունենալու իրենց իրավունքը խախտելու համար: Ոստիկանության և այլ պետական և իրավապահ մարմինների անգործության արդյունքում աստղաձորցիների իրավունքները շարունակվում են խախտվել և նրանք զրկված են մաքուր խմելու ջրից: Աստղաձորցիները, որևէ պաշտպանություն չստանալով իրավապահ և պետական մարմիններից, ստիպված դիմել են Բնապահպանական հանրային դատարան` հանրության կողմից խնդիրն ուսումնասիրելու, գնահատական տալու և իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Բնապահպանական հանրային դատարանը, մանրակրկիտ ուսումնասիրելով ներկայացված բոլոր ապացույցները, կատարելով բազմակողմանի և լրիվ քննություն, գտել է, որ աստղաձորցիների իրավունքները և օրինական շահերը ոտնահարվել են և դիմել է ՀՀ կառավարություն, դատախազություն և այլ պետական մարմինների, որպեսզի, հիմք ընդունելով հավաքված փաստերը և հանրության գնահատականները, վերացվեն Աստղաձոր համայնքի անդամների իրավունքի խախտումները:
ՀՀ դատախազությունը, 2020թ. ստանալով Բնապահպանական դատարանի ԲՀԴ /03/20 վճիռը, այն ուղարկել է Մարտունու ոստիկանություն` գործի նախաքննությունը իրականացնելու նպատակով: Սակայն, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչի 15.06.20թ. որոշմամբ մերժվել է քրեական գործի հարուցումը: Այդ որոշումն աստղաձորցիները բողոքարկել են Գեղարքունիքի դատախազին, որն` իր 06.07.2020թ. գրությամբ պատասխանել է, որ աստղաձորցիները չեն ներկայացրել հայտարարություն հանցագործության մասին, հետևաբար, իրենց բողոքին ընթացք չի տրվում: Սա վկայում է այն մասին, որ Գեղարքունիքի դատախազությունը նույնիսկ չի ուսումնասիրել գործը և անհիմն մերժել է դիմումատուներին: Իրականում, աստղաձորցիներն են, ըստ էության, տվել հայտարարություն հանցագործության մասին, քանի որ Բնապահպանական հանրային դատարանի վճիռը կայացվել է նրանց դիմումի և ներկայացրած ապացույցների հիման վրա, և վերջինս միայն գործընթացային է ամփոփել և ներկայացրել ասղաձորցիների բողոքը և պահանջը:
Միանալով աստղաձորցիների բողոքին և ներկայացնելով նրանց` խնդրում ենք հարուցել քրեական գործ` ապօրինությունները վերացնելու, Աստղաձոր գյուղի բնակիչների իրավունքները վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով՝
Բողոքաբերներ՝
Բնապահպանական հանրային դատարանի դատավորներ
Նազելի Վարդանյան
Ինգա Զարաֆյան
Անահիտ Գևորգյան
Աստղաձորի բնակիչներ», - նշված է բողոքում։
Սեպտեմբեր 03, 2020 at 14:41