

ԷկոԼուր-Սյունաց Երկիր
Նոր մանրամասներ Քաջարան գյուղի վերաբերյալ ՀՀ վարչապետի եւ Քաջարանի գյուղապետի երկխոսության մասին: Ձեզ ենք ներկայացնում «Սյունաց երկիր» թերթի «Թագավորը մերկ է Քաջարանյան մելոդրամա` երկու գործողությամբ» նյութը:
2012թ. մարտի 3-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը քաջարանցիների հետ: Այնտեղ էին եկել նաեւ Քաջարան գյուղի բնակիչները` վարչապետին գյուղ հրավիրելու եւ իրենց մտահոգությունները դեմ առ դեմ քննարկելու համար: Սակայն բանը դրան չհասավ: Եվ գյուղապետ Ռաֆիկ Աթայանը ստիպված, բոլորի ներկայությամբ, հարցեր ուղղեց Տիգրան Սարգսյանին: Երկխոսության շարադրանքը` ստորեւ:
Գյուղապետ, - Պարո՛ն վարչապետ, Դուք մտադիր չե՞ք վերացնել կառավարության չարաբաստիկ որոշումը Քաջարան գյուղի մասին:
Վարչապետ, - Մենք այդ հարցին պետք է տանք արդարացի լուծում: Հարգելի գործընկերներ, շատերն են տեղյակ, որ այս հարցը դարձել է աժիոտաժային հարց: Բոլոր քաղաքական ուժերը, ՀԿ-ները, "Կանաչները" զբաղվում են դրանով, եւ այդ ամենն էապես խոչընդոտում է հարցի արդարացի լուծմանը: Ինչո՞ւ, որովհետեւ հարցը դարձել է քաղաքական շահարկումների առարկա: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե հանրապետության 900-ից ավելի համայնքից յուրաքանչյուրն իր հարցերը լուծելու համար քաղաքական գործընթացներ սկսի: Ինչ վերաբերում է Քաջարան գյուղին, ապա, բնականաբար, կառավարությունը մանրակրկիտ ուսումնասիրել է հարցը, նաեւ հարցի պատմությունը: Բոլորս քաջատեղյակ ենք, որ հարցի պատմությունը սկսվել է դեռ Սովետական Միությունից` 1968-ից: Եվ այդ համայնքի տեղահանման հարցի վերաբերյալ կկայացնենք արդարացի որոշում, ընդ որում` չնեղացնելով այդտեղ ապրող բնակիչներին, տրամադրելով նրանց այնպիսի հատուցում, որ ոչ միայն բավարարի մարդկանց պահանջմունքը, այլ ավելի լավ պայմաններ ստեղծի: Մենք ուզում ենք, որպեսզի հանքահումքային արդյունաբերությունը զարգանա եւ ունենա մեծ ու երկարաժամկետ հեռանկար, որովհետեւ Քաջարան գյուղի խնդիրն այսօրվա խնդիր չէ: Մենք կարող ենք այդ խնդրին անդրադառնալ նաեւ 15 տարի հետո: Առաջին հարցը հետեւյալն է` արդյո՞ք մարզում հանքահումքային արդյունաբերությունը դիտարկում ենք որպես հեռանկարային ճյուղ եւ հրավիրո՞ւմ ենք արդյոք ներդրողների` միլիոնավոր դոլար ներդրումներ կատարել, ժամանակակից սարքավորումներ ներկրել, հազարավոր ընտանիքների ապահովել աշխատանքով, նպաստել մեր պետության զարգացմանը: Կառավարության պատասխանը միանշանակ է` այո: Մենք այդ ռազմավարությունը որդեգրել ենք եւ հետեւողական կլինենք: Երկրորդ հարցը` արդյո՞ք մեր ուշադրության կենտրոնում կդրվեն նաեւ բնապահպանական խնդիրները: Դրա պատասխանը նույնպես դրական է` այո, որովհետեւ աշխարհի զարգացած երկրները նույնպես ունեն հանքահումքային արդյունաբերություն եւ կարողանում են բնապահպանական խնդիրները լուծել: Երրորդ խնդիրը` արդյո՞ք բնակիչները, ովքեր ապրում են տվյալ համայնքում, ստանալու են համապատասխան հատուցում եւ նրանց կենցաղային, տնտեսական խնդիրները լուծվելու են: Պատասխանը նույնպես դրական է` այո: Եթե կմնա որեւէ չլուծված խնդիր, ապա կառավարությունը թույլ չի տա որեւէ տեղահանում: Եթե մենք ունենանք որեւէ դժգոհ քաղաքացի, ում տնտեսական եւ սոցիալական խնդիրները չեն լուծվել, ապա կհամարենք, որ այդ քաղաքացու իրավունքները ոտնահարվել են: Մենք կկայացնենք մեր պետության, մեր հասարակության շահերից բխող որոշում: Առաջին հերթին` մարզի բնակչության շահերից բխող որոշում: Հիմա լսենք Ձեզ` այս լուծումների մեջ ի՞նչը դուր չի գալիս:
Գյուղապետ, - Պարո՛ն վարչապետ, Քաջարան գյուղը 17-րդ դարից է, ունի գերեզմանատուն, զոհվածների հուշարձան, եկեղեցի: Այսօր կոմբինատի հանքը գործում է եւ թող գործի, մենք բոլորս էլ այնտեղ աշխատել ենք, տեղյակ ենք, ամեն ինչ էլ գիտենք: Իսկ մեր գյուղը թող մնա իր տեղում, գյուղացիներն էլ իրենց եղած-չեղածով յոլա գնան: Մենք խնդրում ենք այդ չարաբաստիկ որոշումն անվավեր ճանաչել: Մնացածը թող մնա ապագա սերունդներին:
Վարչապետ, - Մեր որոշումները լինելու են այնպես, որ հաշվի են առնելու բնակիչների շահերը: Երկրորդ` ՀՀ կառավարությունը որեւէ չարաբաստիկ որոշում չի կայացրել, այլ կան գործիչներ, ովքեր չարաբաստիկ գործողությունների են դիմում եւ չեն գիտակցում, որ իրականում այդ համայնքում ապրողների շահերը չեն հետապնդում: Եվ ես նշեցի` եթե համայնքը եւ համայնքի բնակիչները համաձայն չլինեն մեր որոշման հետ, ապա, բնականաբար, մենք չենք պատրաստվում որեւէ քայլի: Ես համոզված եմ, որ հարցը կլուծվի համերաշխության ներքո: Եվ մեր որոշումները լինելու են այնպես, որ Ձեր համայնքի բնակչության մեծամասնությունը ողջունելու է մեր որոշումը: Եվ մենք ձեզ չենք պարտադրելու, դուք ձեր հոժար կամքով եք համաձայնվելու մեր որոշման հետ, որովհետեւ այդ որոշումը բխելու է համայնքի բնակիչների շահերից: Դա լինելու է շահավետ եւ իրենց, եւ իրենց երեխաների ու հետագա սերունդների համար:
Մաքսիմ Հակոբյան, - Պարո՛ն վարչապետ, ես նախօրոք գյուղապետին կանչել եմ ինձ մոտ եւ ասել` գրիր բոլոր գյուղացիների անուն-ազգանունը` դիմացը նշելով, թե ինչպիսի փոխհատուցում են ուզում: Նույնիսկ մի քանի օր առաջ Կապանում տարածք էի փնտրում` փոքր համայնք կառուցելու եւ Քաջարան գյուղացիներին տրամադրելու համար:
Վարչապետ, - Հարգելի գործընկերներ, ձեր ներկայությամբ առաջարկում եմ, որ հարցին դնենք վերջակետ, այլեւս այս հարցը չդարձնենք քաղաքական շահարկումների առարկա: Չի լինելու որեւէ մի որոշում, որի արդյունքում կոտնահարվեն համայնքի բնակիչների շահերը: Սրանով այս հարցը համարում ենք փակված (նամանավանդ նախընտրական շրջան է սկսվում), որպեսզի թեման չդառնա քաղաքական շահարկումների առարկա:
Հանդիպումից հետո ներկաները հրավիրվեցին "Ֆուրշետի" սեղանի մոտ: Ռաֆիկ Աթայանը, սակայն, արդեն դուրս էր եկել "քելեխատնից", որտեղ կայացել էր հանդիպումը: Նրան է մոտեցել մի անձնավորություն եւ տեղեկացրել, թե վարչապետն իրեն է կանչում: Եվ Ռաֆիկ Աթայանը մոտեցել է Տիգրան Սարգսյանին:
Վարչապետ, - Ռաֆիկ ջան, չե՞ս ուզում ինձ հետ բաժակ խփել:
Գյուղապետ, - Ինչու չեմ ուզում:
Վարչապետ, - Ռաֆիկ ջան, քանի՞ ընտրող ունեք գյուղում:
Գյուղապետ, - 180 ընտրող:
Մաքսիմ Հակոբյան, - Սուտ է ասում, 167 ընտրող:
Գյուղապետ, - Դու տեղյակ չես, դու ես ստում:
Վարչապետ, - Քանի՞ ձեն ես մեր կուսակցությանը տալու:
Գյուղապետ, - Չգիտեմ:
Վարչապետ, - Մի հատ ձեն էլ չե՞ս տալու մեր կուսակցությանը:
Գյուղապետ, - Չգիտեմ:
Հ.Գ. Այս երկխոսությունից հետո Ռաֆիկ Աթայանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Մարտ 20, 2012 at 13:11
