

Գալուստ Նանյան, www.yerkir.am
Դեռեւս 2007 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ին տրամադրել էր թիվ 54 հատուկ լիցենզիան, որով ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրություններ եւ որոնողական աշխատանքեր կատարել Սյունիքի մարզի Շենաթաղ համայնքում: 2009 թվականին արդեն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից Շենաթաղի գյուղապետարանին հասցեագրված նամակով հիշեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 18.12.2007 թվականին տրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 54 հատուկ լիցենզիան` խնդրել է Շենաթաղի համայնքապետից գյուղի տարածքում որոնողական եւ որոնողագնահատողական աշխատանքեր կատարելու համար «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիա» ՍՊԸ-ին սերվիտուտի պայմանագրով տրամադրել 2365, 05 հա ընդհանուր մակերեսով հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք:
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ բնապահպանության նախարարության տրամադրած լիցենզիան «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ն վաճառել է «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիա» ՍՊԸ-ին, որն արդեն երրորդ տարին է՝ Շենաթաղ գյուղում ուսումնասիրություններ է իրականացնում ոսկու եւ բազմամետաղային հանքավայր հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին նշենք, որ աշխատանքային խմբի լիազորված անձ ընկերությունը նշանակել է Սուշիլ Դանիին:
Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց Շենաթաղի համայնքապետ Երջանիկ Մուսայելյանը, ավագանու որոշմամբ՝ ընկերությանը հանձնել են 2300 հա հողատարածք: Ուսումնասիրություններն ավարտվելու են մինչեւ 2012 թվականի հոկտեմբերի 4-ը: «Այդ տարածքի միայն 1600 հեկտարն է համարվում գյուղնշանակության, եւ յուրաքանչյուր մեկ հեկտարի դիմաց համայնքի բյուջե մուտք է արվում 5000 դրամ»,- ասաց Ե. Մուսայելյանը եւ հավելեց, որ թեեւ տարածքը տվել են վարձակալության, սակայն, ըստ պայմանագրի, այն պետք է օգտագործվի նաեւ որպես խոտհարք եւ արոտավայր:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Սյունիքի մարզի Շամբ համայնքում բացվեց Տատնի հանքային ջրերի գործարանը, որի սեփականատերերը հանքաջուրը բերում են հենց Շենաթաղ գյուղից: Պատասխանելով «Երկիր»-ի հարցին, թե ինչ վնասներ կտա առաջիկայում ոսկու եւ բազմամետաղային հանքավայրի առկայությունը հանքային ջրերին, գործարանի արտադրության պետ Ռաֆիկ Ղարիբյանը հայտնեց, որ իրենք դեռեւս վնաս չեն տեսնում, որովհետեւ հանքավայրի տարածքը գյուղի վերին աջակողմյան հատվածում է, աղբյուրից հեռու. «Այս պահին այդ տարածքում ուսումնասիրությւոններ են կատարվում, իսկ թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»:
,Այսօր ամբողջ տարածաշրջանի երիտասարդները պարապ թափառում են եւ միակ զբաղմունքը՝ եկեղեցու բակում կարտ խաղալով եւ կով ու ոչխար պահելով՝ օրեր են մթնեցնում: Երիտասարդներն այսօր ուզում են մի տեղ լինի՝ աշխատեն, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները պահեն»,- ասաց գյուղապետ Մուսայելյանն` ավելացնելով, որ եթե այսօր գյուղացին հաց չունի ուտելու, ինչներին է պետք էկոլոգիան. «Եկեք պահենք շրջակա միջավայրը, ի՞նչ է տալու դա գյուղացուն»:
Այն հարցին, թե Մուսայելյանը չի՞ մտածում սերունդների մասին, նրա պատասխանը մեկն էր. «Աշխատատեղեր լինեն, որ երիտասարդներն աշխատեն: Իմ հետագա սերունդները` թոռներս ու ծոռներս, լավ լինեն: Ինչո՞ւ էս գյոզալ սարի տակ մեկը չաշխատի»:
Խոսակցություններ են շրջանառվում արդեն, որ հանքավայրի տերերը նախատեսում են այդ տարածքում տարիներ հետո շահագործել հանքավայրը եւ դեռ ավելին՝ հենց տեղում կառուցել ոսկու կորզման գործարան, ինչն իր հերթին կունենա պոչամբար: Շենաթաղի համայնքապետը նույնպես հաստատեց դա, հավելելով, որ ապագա ծրագիրը պարզ կդառնա միայն ուսումնասիրություններից հետո:
Հանքային ջրերի գործարանի մասին Ե. Մուսաելյանը ասաց, որ այդ գործարանը իր համար զրո է, քանի որ իր համայնքից ոչ մեկը չի աշխատում այնտեղ, սակայն. «Հանքավայրի շահագործման արդյունքում կարծում եմ, որ Շենաթաղից, ինչպես նաեւ Լորից, Գետաթաղից եւ Դարաբասից այնտեղ կաշխատեն 300-400 հոգի»:
Տարիներ առաջ նույն գյուղերի եւ նրանց չնաշխարհիկ բնության մասին բանաստեղծություններ է գրել Համո Սահյանը, չմտածելով, որ տարիներ հետո այստեղ հանքի շահագործումից հետո այն անհետ կորչելու է:
Հունիս 06, 2011 at 17:04
