

ԷկոԼուր
Սյունիքի հանքարդյունաբերությունը կարող է վտանգել տեղի անտառների ճակատագիրը: Այս մասին նշված է «ՀՀ Սյունիքի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում», որը ՀՀ կառավարությունը հաստատեց փետրվարի 6-ին:
«Անտառներով համեմատաբար հարուստ Սյունիքը գտնվում է որոշակի հակասական վիճակում՝ մի կողմից առկա են հարուստ և գեղատեսիլ անտառներ, իսկ մյուս կողմից՝ հանքային պաշարներով՝ մետաղներով, քարերով հարուստ ընդերքը հանքարդյունահանվում է, որը սոցիալ-տնտեսական դրական հետևանքների հետ մեկտեղ մարզում առաջացրել է բնապահպանական բազում խնդիրներ։ Գործող հանքարդյունաբերությանը զուգահեռ իրականացվում է նաև հանքային պաշարների հետազոտություն և գնահատում, որը կարող է մարզի տարածքում փոխել հանքարդյունաբերության աշխարհագրությունը։ Հանքարդյունաբերության տեղաշարժը, կլուծի բազմաթիվ ռազմավարական հարցեր, բայց էկոլոգիայի տեսանկյունից լուրջ մտահոգությունների պատճառ է, քանի որ՝ որքան շատանան հանքավայրերը, այնքան կմեծանա շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կվտանգվի անտառների ճակատագիրը»,- մասնավորապես նշված է Ծրագրում։
Որպես լուծում Ծրագրում տարբերակ է առաջարկվում. «…ընդհանրապես անտառային կամ դրանց մոտ տարածքներում երկար ժամանակով հանքարդյունահանման արգելումը՝ մինչև եկող սերունդների կողմից նոր, արդիական տեխնոլոգիաների կիրառումը»:
Սյունիքի ընդհանուր անտառային ֆոնդը կազմում է 94825 հա, ներառյալ 68912 հա անտառները և 25913 հա թփուտները։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 44 ընդերքօգտագործման իրավունք, որոնցից 10-ը մետաղական հանքերի համար:
Փետրվար 11, 2014 at 08:42
