«Տաշիր Կապիտալ»-ը մտադիր է նավթ և գազ որոնել Երևանում

«Տաշիր Կապիտալ»-ը մտադիր է նավթ և գազ որոնել Երևանում

ԷկոԼուր

Ընդամենը 4 ամսվա պատմություն ունեցող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում նավթ և գազ որոնելու երկրորդ հայտն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: Ընկերությունը նախատեսում է 2018-2023թթ որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում` Երևան քաղաքում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքներում: Ըստ հայտի` որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 կմ2:

Հայցվող տարածքում է գտնվում նաև թվով 9 բնության հատուկ պահպանվող տարածք` Կարմիր գրքի տեսակներով. «Խոսրովի անտառ», «Էրեբունի», պետական արգելոցները, «Խոր Վիրապ» Մրտավարդենու, Մարգահովիտի, Արագածի ալպիական, Արզական-Մեղրաձորի, Որդան կարմիր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը:

Հայտում նշվում է, որ առաջին փուլի երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվելիք աշխատանքները կատարվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: Որևիցե ազդեցություն պահպանվող էկոհամակարգերի վրա չի դրսևորվելու: Երկրորդ փուլի մասին խոսք չկա:

Պայմանական 2-րդ բլոկի տարածքի խոշորագույն ջրագրական միավորները Հրազդան, Քասախ և Արաքս գետերն են: Ըստ հայտի` ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: Բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցությունն էլ գնահատվում է գրեթե զրոյական:

Արդեն նշանակված են 3 տարբեր մարզերում հայտի վերաբերյալ անցկացվելիք հանրային լսումների օրերը: Առաջին լսումը կանցկացվի ս.թ. փետրվարի 14-ին` ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի շենքում: Երկրորդը` ս.թ. փետրվարի 15-ին` ժամը 14:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` մարզպետարանի շենքում: Երրորդ լսումը ևս կանցկացվի փետրվարի 15-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում` մարզպետարանի շենքում, ժամը 11:30-ին:

Նշենք, որ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն 2017 թ-ի նոյեմբերին նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել նաև ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 կմ2 ընդհանուր տարածքում: Այս հայտը ներկայում անցնում է բնապահպանական փորձաքննություն:

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն: Վերջինիս միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

18:06 Փետրվար 02, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news