

ԷկոԼուր
Վայք քաղաքի բնակիչները մահու չափ վախեցած են: Հենց իրենց տների վերևում սկսվել են Ազատեկի հանքավայրի հետախուզման աշխատանքները, որը, ինչպես հավաստիացնում են տարեցները, պարունակում է ուրան: Նրանք ասում են, որ ստիպված են լինելու փախչել: «Ես Վայք քաղաքի բնակչուհի եմ, 30 տարեկան եմ, ամունացած եմ, ունեմ երեք երեխա: Մեր բնակարանը գտնվում է Վայք քաղաքի այն հատվածում, որի անմիջապես դիմացը` գետի մյուս ափին, կատարվում են հորատման կամ որոնողական աշխատանքներ: Ահա արդեն երկու ամիս է` կրկին ակտիվ աշխատանքներ են տարվում, մեքենաներն աշխատում են գիշեր-ցերեկ, մեկ ստորոտում են փորում, մեկ գագաթին մոտ, այսպես ասած, ծակծկում են սարը: Վայքի բնակիչները կրկին սարսափով են նայում աշխատող մեքենաներին, մեզ վաղուց է հայտնի, որ այս սարերում ուրան կա, և նման գործունեությունը կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը, եթե նույնիսկ ոսկի են փնտրում, կամ ով գիտի ուրիշ էլ ինչ: Եթե այսպես շարունակվի, ապա, իմ կարծիքով, Վայքում այլևս անհնարին կլինի ապրելը: Ես սարսափում եմ ընտանիքիս ու հարազատներիս համար: Իսկ միգուցե ես սխալվում եմ, ուրանի հանքը կամ դրա առկայությունը ուրիշ հանածոների մեջ չի կարող այսպիսի վնաս հասցնել: Եթե ԷկոԼուրն ունի տեղեկություններ կամ որևէ հայտնի հետազոտության արդյունքներ Վայքում առկա ճառագայթման մակարդակի կամ դրա վնասի մասին, խնդրում եմ Ձեզ պատասխանեք կամ անցկացրեք սեփական հետաքննություն, եթե դա հնարավոր է: Մենք շատ ենք վախենում, առանց այն էլ Վայքում շատ մեծ է մահացության մակարդակը հատկապես քաղցկեղից. գրեթե չկա բնակարան, որտեղ քաղցկեղով հիվանդ եղած չլինի հատկապես հենց այդ սարի ուղղությամբ տեղակայված բնակշենքերում: Բայց ո՞ւմ ահազանգենք, ո՞վ կանցկացնի վիճակագրական հետազոտություն, ո՞վ է անհանգստանում»,- նշված է ԷկոԼուրին ուղարկված Վայքի բնակչի նամակում:
ԷկոԼուրն արդեն մի քանի տարի փորձում է պարզել Ազատեկի հանքավայրում ուրանի առկայության հարցը՝ հիմնվելով Գրոմովի և Կոլցովի հետազոտությունների վրա, որտեղ նշված է Վայքի ուրանային հանքերևակման մասին: «Ուրանի կանխատեսումային պաշարները գնահատվում են 20–30 հազար տոննա, իսկ Վայքի հանքերևակումում ուրան պարունակող հանքաքարի արդյունահման հեռանկարները կապված են առաջինը՝ այդ հանքաքարի համալիր օգտագործման հետ՝ կապված դրանում ոսկու առկայության հետ, երկրորդը՝ հետախուզված Ազատեկի արդյունաբերական յուրացման հետ: Հարստացման արտադրանքը. ելք՝ 64.6 տոննա, ուրանի պարունակությունը՝ 0.032%, ուրանի կորզումը` 96.8: Ապրանքային արտադրանքը. ելքը` 64,6 տոննա, ուրանի տոկոսային պարունակությունը` 0,332, ուրանի կորզումը` 96.8: Պոչերում ելքը` 35,4 տոննա, ուրանի տոկոսային պարունակությունը` 0,02, ուրանի կորզման տոկոսը` 3,2», - նշված է «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» գիտական աշխատության մեջ, հեղինակ` Գ. Պ. ԱԼՈՅԱՆ, «Горный журнал» ռուսական գիտական պարբերական, 2007թ. 6-րդ համար:
Հայտնի է, որ աշխատանքներն իրականացնում է տեղական «Վայք Գոլդ» ընկերությունը: Տեղեկատվությունն այն մասին՝ ում է իրականում պատկանում ընկերությունը, վիճելի է: Աղբյուրներից մեկի համաձայն՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերն է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն «Ալռոսա» ընկերությունը, որը 2007 թ-ին հաստատեց, որ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ակտիվների բաժնետոմսերի սեփականատեր է: Իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Ազատեկի ակտիվների սեփակատեր լինելու մասին հայտարարել է անգլո-աֆրիկական «Anglo-African Minerals Plc» ընկերությունը, որը հանդես է եկել «Caspian Resources Development Limited»-ի անունից 2010 թ-ին: Բայց հետագայում տարբեր մեդիա-աղբյուրներ հայտնեցին այդ գործարքի չկայանալու մասին:
Բացի ուրանի հնարավոր առկայությունից, Ազատեկի հանքավայրը պարունակում է ոչ միայն ոսկի, որի պաշարները գնահատվում են 2078,4 կգ («Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակ ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյան, Երևան, 2011թ.), այլ նաև, ինչպես հետևում է այդ նույն աշխատությունից, պարունակում է մարդու առողջության համար ծայրաստիճան վտանգավոր տարրեր` 400 տոննա ծարիր , 13.0 հազար տոննա կապար, 5,3 տոննա ցինկ:
Հնարավոր է, որ ոչ թե ուրանով, այլ հենց այդ տարրերի պարունակությամբ էլ բացատրվում է Վայքի բնակիչների առողջության վատ վիճակը, քանի որ երկրաբանական հետազոտությունների արդյունքում հանքավայրը բացվել է և գտնվում է հենց քաղաքի վերևում, որտեղից քամու միջոցով ողջ տոքսիկ փոշին հասնում է բնակիչների տներին, նստում է դրանց վրա՝ առաջացնելով դեղնավուն նստվածք:
Մենք փոխանցում ենք Վայքի բնակիչների ահազանգը ՀՀ բնապահպանության նախարարությանը և խնդրում ենք հրատապ կերպով տեսչական ստուգումներ անցկացնել Ազատեկի հանքավայրում` հայտնաբերելու, թե որքանով է իրականացրած աշխատանքների արդյունքում աղտոտվում շրջակա միջավայրը:
Հաշվի առնելով այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2011թ-ին բացահայտել է քաղցքեղով հիվանդությունների բաձր ցուցանիշ Վայքում, խնդրում ենք հրատապ կերպով Ազատեկի հանքավայրից շրջակա միջավայր տարածված վտանգավոր տարրերի ազդեցության տակ գտնվող մարդկանց առողջության մոնիտորինգ անցկացնել:
Խնդրում ենք Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին անցկացնել ռադիոակտիվ ֆոնի շտապ ստուգումներ Ազատեկի հանքավայրի հետախուզման վայրերում և բնակիչների տների մոտ, որոնք ենթարկվում են տարվող աշխատանքների ազդեցությանը:
Հոկտեմբեր 20, 2014 at 13:43
