

Lragir.am
Դեկտեմբերի 14-ին «Էկոլուրը» հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն, որտեղ նա մնացել է մի քանի ժամ և երեկոյան ազատ արձակվել:
Այսօր Ռաֆիկ Աթայանը հայտնել է, որ ինքը ոչ թե ոստիկանությունում է եղել, այլ` մարզպետարանում: «Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանությունները շատ խիստ ձևով ճնշումներ էին գործադրում, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրվի: Ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կյանքում կստորագրեի: Գրել եմ իմ հարաժարականը գյուղապետի պաշտոնից, այսօր էլ կգնամ «Հանրապետական» կուսակցությունից հրաժարական կգրեմ»,- հաղորդեց Աթայանը:
Նա անուններ չնշեց, միայն ասաց, որ ճնշում գործադրողները «իշխանություններից էին»:
Ռաֆիկ Աթայանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը չի հրաժարվելու Քաջարանի համար պայքարից: «Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին: Պատրաստ եմ մինչև վերջ արյուն թափել»,- hra.am-ին ասաց Քաջարանի գյուղապետը:
Հիշեցնենք, որ քաջարանցիները պայքար են սկսել ընդդեմ ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման, որով Սյունիքի մարզի վարչական սահմաններում, այդ թվում՝ Քաջարանում, գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ:
Քաջարանցիները ահազանգում են, որ տարբեր սպառնալիքներով և ճնշման մեթոդներով իշխանությունները ուզում են ստիպել գյուղապետին ստորագրել Քաջարանի հողերից 27 հա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին հանձնելու համաձայնագրի տակ:
Գյուղապետը հրաժարվում է ստորագրել` հայտարարելով, որ դա կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ:
Դեկտեմբեր 15, 2011 at 16:27
