2011 թվականն ավարտվեց Քաջարան գյուղի խնդրով պայմանավորված թեժ մթնոլորտում

2011 թվականն ավարտվեց Քաջարան գյուղի խնդրով պայմանավորված թեժ մթնոլորտում

ԷկոԼուր

2011 թվականն ավարտվեց Քաջարան գյուղի խնդրով պայմանավորված թեժ մթնոլորտում: Դեկտեմբերի վերջին խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մամուլի ասուլիսով հանդես Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Այնուհետեւ ելույթներին հաջորդեց բողոքի ակցիան: Այս իրադարձությունների վերաբերյալ մամուլի հրապարակումները ներկայացնում ենք  ստորեւ:

«Քաջարանում հանքը շահագործվելու է...Բացառվում է, որ չլինի»,- ասել է Մաքսիմ Հակոբյանը

www.yerkirmedia.am

Սյունիքի մարզի Քաջարան գյուղում հանքի շահագործման մեծ աղմուկ բարձրացրած հիմնախնդրի մասին այսօր հստակ է եւ կարճ արտահայտվել է վեճի գլխավոր կողմերից մեկը՝ հանքը շահագործվելու է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում չի մոռացել հիշատակել գործարանի արձանագրած հաջողությունների մասին՝ արտահանման աճ, աշխատավարձի բարձրացում եւ վստահություն, որ 2012-ը լինելու է հանքարդյունաբերության հաջողությունների տարի:

«Միայն ու միայն շահագործվելու է: Եվ իրենք են շահագործելու, իրենք են ցանկանալու, որ շահագործվի, բացառվում է, որ չլինի: Էնտեղ այդպիսի խնդիր չկա: Ճիշտ չեն ներկայացրել, ճիշտ չեն ասել՝ ե՛ւ լրագրողները, ե՛ւ աշխատակիցները: Այդ հարցը ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ, գիտեմ: Ոչ մի խնդիր չի լինելու՝ ո՛չ գյուղացիների, ո՛չ գյուղի հետ կապված»,- ասել է Մաքսիմ Հակոբյանը։

Քաջարանցիները ոչ մի փոխհատուցում էլ չեն ուզում ու գյուղից չեն հրաժարվելու

www.yerkirmedia.am

«Քաջարանցիները երբեք չեն լքի իրենց գյուղը, եւ թող ոմանց անձնական շահը հանրային շահ չհամարվի»։ Այդպիսին է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչների վերաբերմունքը Կառավարության որոշման հանդեպ, որով իրենց ու եւս մի քանի համայնքի հողեր օտարվում են՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն ընդլայնելու նպատակով։

Քաջարանցիներին սպառնում է տեղահանությունը, մինչդեռ 12-րդ դարում կառուցված սահմանամերձ գյուղն ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա է գտնվում Նախիջեւանից։ Նրանք բողոքում են, որ երբեք գյուղ չհիմնած մարդիկ այսօր դատարկում են համայնքները, ինչը թշնամական վերաբերմունք է՝ սեփական ժողորդի հանդեպ։ 600 ստորագրությամբ նամակով գյուղացիներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին եւ նախագահին, սակայն հստակ պատասխաններ չեն ստացել։

Քաջարանը 131 տնտեսություն ունի, 270 բնակիչ,նրանց առաջարկվել է գումարային փոխհատուցման դիմաց հեռանալ գյուղից։ 

«Ոչ մի փոխհատուցում մեզ պետք չէ, լսել անգամ այդ մասին չենք ուզում։ Մենք հող տվող չենք, մեր հայրենիքն է, մենք այստեղ պիտի ապրենք, հող մշակենք ու հողին հանձնվենք։ Խնդրում ենք նախագահին՝ չեղյալ ճանաչել Կառավարության որոշումը»,- ասել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով վերահաստատել է պաշտոնից եւ ՀՀԿ-ի շարքերից հրաժարվելու իր կատարած քայլից հետ չկանգնելու մտադրությունը։ 

Գյուղապետը կհանդիպի՞ Սերժ Սարգսյանին

Ա1+

Կառավարության որոշմամբ տարհանման ենթակա Քաջարանի գյուղի գյուղապետը առավել քան վճռական է։

«Մենք հող տվող չենք, Նախիջեւանի սահմանը բացող չենք, մենք ծնվել ենք այնտեղ, ապրում ենք այսօր, վերանորոգում ենք մեր 12-րդ դարի եկեղեցին»,- քաջարանցիների անունից դեկտեմբերի 28-ին լրագրողներին հայտարարեց գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։ Նա շեշտեց, որ գյուղացիները գյուղից հեռանալու դիմաց համաձայն չեն ընդունելու որեւէ փոխհատուցում։

Պարոն Աթայանը Երեւան է ժամանել, հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ ներկայացնելու գյուղացիների պահանջը՝ չեղյալ համարել Կառավարության թիվ 627 որոշում։ Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Սյունիքի մարզի 5 գյուղական համայնքների, այդ թվում՝ Քաջարանի գյուղատնտեսական հողերի նշանակությունը փոփոխվել է ու վերածվել արդյունաբերականի:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հավաստիացումները, թե. հարցը կլուծվի հօգուտ գյուղացիների, Ռաֆիկ Աթայանն ընդունել է ի գիտություն, սակայն գերադասում է ապավինել սեփական ուժերին։
«Ամեն մեկը թող իր տեղը պատասխան տա։ Մեր գյուղը մենք ենք պահում, հույսներս ուրիշի վրա չենք դնում», - ասաց նա։

Ասուլիսին մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տարակուսանք հայտնեց, որ հարուստ ընդերքի հարեւանությամբ գտնվող գյուղը թաղված է թշվառության մեջ։

«131 ընտանիք է ապրում Քաջարանում, եթե անգամ 20 ընտանիք էլ լինի, սահման է պահում։ Հեգնանքով խոսելը, թե. առեք ձեր մեռելների գինը ու գնացեք գյուղից, ուղղակի զայրույթ է առաջացնում, դա ցինիզմ է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Մորս մահվան տարելիցն էս ամսի քսանհինգին եմ նշել, մորս գերեզմանն ու՞մ թողնեմ, էդ ո՞ր դավաճանը կթողնի իր հայրենիքը, կամ թողնի, ու՞ր գնա», - վրդովվեց Քաջարանի գյուղապետը։

Ասուլիսին ներկա էր նաեւ բնապահպան Մարիամ Սուխուդյանը։
«Եթե առաջներում ասում էինք՝ ծովից ծով Հայաստան, ապա այժմ ստիպված ենք ասել պոչամբարից պոչամբար Հանքաստան։ Մենք չենք ուզում լինել հանքահումքային կցորդ, չենք ուզում, որ զարգացած երկրների տնտեսությունը զարգանա մեր երեխաների առողջության հաշվին»,- հայտարարեց Մարիամը։

Վաղը Կառավարության շենքի մոտ տեղի կունենա բնապահպանական ակցիա, որի մասնակիցները կպահանջեն չեղյալ համարել Կառավարության թիվ 627 որոշումը:

«Եթե մի բանի անունը հանրային շահ է, իսկ հանրությունը տեղյակ չէ դրանից, ու հետո, երբ տեղեկանում է, պարզվում է, որ դեմ է, ուրեմն՝ այդ փաստաթուղթը պետք է աղբարկղը նետել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Կառավարությունն զբաղվում է մարմնավաճառությամբ»

Մերի Մամյան, Հետք

«Էսօր իմ ժողովուրդը ոչ մի տեղ չունի գնալու, մեր հողը ոչ մեկին տվող չենք, մեզ ոչ մի բան էլ պետք չի, մեր հայրենիքն էնտեղ է, մենք էնտեղ ծնվել ենք, էնտեղ էլ ապրելու ենք: Էսօր մենք հող տվող չենք»,- դեկտեմբերի 28-ին բոլոր գյուղացիների անունից հայտարարեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:  

Գյուղապետը հավելեց, որ իրենք ոչ մեկի վրա հույս չեն դնում, քանի որ իրենք են իրենց գյուղը պահում: Իրենց ոչինչ պետք չէ, անգամ փոխահատուցում, քանի որ իրենք մնալու են Քաջարանում:

«Ո՞ւր գնանք,- հարց է տալիս գյուղապետը,- մեր հայրենիքն այնտեղ է»:

Նա նշեց, որ այսօր Քաջարանում կա 131 ընտանիք, 272 բնակիչ, իրենք պահում են 1000 ընտանիք: Իսկ այսօր իրենց «մեկուսացրել են աշխարհից», գյուղացիներին էլ շարունակում են պահել վախի մթնոլորտում:

Եթե խորհրդային տարիներին Քաջարանի կոմբինատը օրական հանձնում էր 17 տոննա հանքաքար, ապա հիմա՝ 50 հազար: Ծավալները մեծանում են, սակայն դրանից գյուղացու վիճակը չի փոխվում, իսկ համայնքին հատկացումներ չեն գնում:

Գյուղապետը նշեց, որ գրավոր ձևով դիմել է ՀՀ նախագահին և այժմ էլ խնդրում է նրանից՝ անվավեր ճանաչել կառավարության 672-Ն որոշումը:

«Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այդ որոշումը կայացվել է անօրինական ձևով, և իրենք կոչ են անում ճանաչել այն անվավեր: Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև՝ քաղաքական: Պետությունը ազգային հարստությունը կարճ ժամանկահատվածում սպառելու քաղաքականություն է տանում: Նա նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում պակասում են հումքի պաշարները, հետևաբար՝ գները բարձրանում են: Այդ պատճառով էլ բազմաթիվ արտոնագրեր ստացած ընկերություններին ձեռնտու է այս գործունեությունը: Այդ ընկերությունները ստանում են գերշահույթներ, իսկ արդյունքում պետական բյուջե գումար գրեթե չի մտնում: Ամբողջ ՀՀ տարածքը վերածվում է պոչամբարիների:

«Առաջ եթե ծովից ծով Հայաստան էինք, այսօր՝ պոչամբարից պոչամբար հանքաստան: Այս է այսօրվա պատկերը: Մենք չենք ուզում լինել հանքահումքային կցորդ», - հայտարարեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը: Վերջինիս խոսքերով՝ իրականացվում է հայաթափության ծրագիր, իսկ 627-Ն որոշումը նա անվանեց 666 որոշում:

Բանախոսները նշեցին, որ այժմ իրենք պատրաստում են քարտեզ, որտեղ ցույց կտան Հայաստանի հանքարդյունաբերության իրական պատկերը:

Բնապահպան Եղիա Ներսիսյանը կրկին շեշտեց, որ իրենք մինչև վերջ սատարելու են Քաջարանին, քանի որ այդ հարցը վերաբերում է ամբողջ Հայաստանին:

«Ժառանգության» մյուս պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ իրենք այժմ ականատես են Քաջարանի դիմադրությանը: Իսկ մյուս գյուղերում տեղեկատվությունը քիչ է ի տարբերություն Քաջարանի, և նրանք մինչև վերջ չեն գիտակցում ամբողջ վտանգը:

Բացի այդ՝ Քաջարանի բոլոր գյուղացիները բողոքում են առողջական խնդիրներից, շնչում են այն փոշին, որի միջոցով ծանր մետաղները անցնում են նրանց օրգանիզմ:

«Ո՞ր մեկի կոտրած ձեռքով պետք է այդ գյուղի դատարկման դեպորտացիան իրականացնեն: Դա ուղղակի վերջն ա»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ օրը ցերեկով այդ մարդկանց հարստությունը թալանվել է, իսկ այժմ ցինիզմով են վերաբերվում նրանց խնդրին՝ անբարո խոսակցություններ տանելով:  

«Ժառանգության» ներկայացուցիչները նշեցին, որ իրենք դիմել են ԱԺ հինգ մշտական հանձնաժողովների նախագահներին՝ այս խնդիրներով կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Ռաֆիկ Աթայանը նշեց, որ հրաժարականի դիմումը հետ չի վերցրել, ինչպես նաև ՀՀԿ կուսակցական տոմսից է հրաժարվել, իսկ արդյոք դա կհաստատվի, թե ոչ՝ գյուղապետի խոսքերով՝ իրենց խնդիրն է:

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս ամբողջ գործունեության հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետությունը հարստանալու համար կարծես թե հերթով վաճառում է իր երեխաների մարմնի տարբեր մասերը:

«Կառավարությունն զբաղվում է մարմնավաճառությամբ»,- հայտարարեց Մ. Սուխուդյանը:

Վաղը ժամը 11-ին Քաջարանի խնդրով կառավարության մոտ են հավաքվելու տարբեր քաղաքացիական ուժեր՝ պահանջելու անվավեր ճանաչել 627-Ն որոշումը: Ակտիվիստները երթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր: 

Քաջարանի գյուղապետը նախագահից է լուծում ակնկալում

Կարլեն Ասլանյան, www.azatutyun.am

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց, որ եկել է մայրաքաղաք` նախագահին դիմելու համար, որպեսզի վերջինիս միջնորդությամբ չեղյալ հայտարարվի կառավարության որոշումը, որով Սյունիքի մարզի մի քանի համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող մի շարք տարածքներ բացառիկ գերակա շահ են ճանաչվել եւ փոխվել է դրանց նպատակային նշանակությունը:

«Այսօր իմ ժողովուրդը ոչ մի տեղ չունի գնալու, հողը ոչ մեկին տվող չենք, մեզ ոչ մի բան էլ պետք չէ, իմ հայրենիքը էնտեղ է, մենք էնտեղ ծնվել ենք, էնտեղ էլ ապրելու ենք, էնտեղ էլ հողին ենք հանձնվելու: Մեզ փոխհատուցում պետք չէ, մեզ սկի հետաքրքիր էլ չէ: Հիմա ես խնդրում եմ մեր նախագահին, որ էս չարաբաստիկ որոշումը անվավեր ճանաչվի», - չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աթայանը:

Գյուղապետը մտադիր է մասնակցել նաեւ հինգշաբթի օրը կառավարության շենքի առջեւ անցկացվելիք բողոքի ցույցին: Ռաֆիկ Աթայանը վերահաստատեց, որ հրաժարվել է Հանրապետական կուսակցությանը անդամակցելուց, ասաց` իրենց գործն է կընդունեն դիմումը, թե` ոչ: Ուժի մեջ է նաեւ գյուղապետի պաշտոնից հրաժարվելու դիմումը, որը դեռ չի ընդունվել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրենց գյուղ Սյունիքի մարզպետի այցից հետո հույսեր կապո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանը կաջակցի իրենց, գյուղապետը ասաց. - «Եթե մեր կողքին է, ես էլ ասել եմ` որոշումը պետք է անվավեր ճանաչվի: Մեր գյուղը մենք ենք պահում, հույսներս ոչ մեկի վրա չենք դնում: Ամեն մարդ թող իր տեղը պատասխան տա, բայց ես իմ գյուղացիների անունից` որպես գյուղացի, իմ կողմից ասում եմ` մեն հող տվող չենք: Մենք Նախիջեւանի սահմանը բացող չենք: Էդ ո՞ր դավաճանը կթողնի հայրենիքը, ո՞ւր գնանք, իմ հայրենիքը այնտեղ է, բոլոր քաջարանցիները մնալու են, ոչ մեկից ոչ մի բան մենք չենք խնդրում, մենք մեր եղածով ապրում ենք», - ասաց զայրացած գյուղապետը:

Ռաֆիկ Աթայանի խոսքով` սահմանից մոտ 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող գյուղում 131 ընտանիք է ապրում, որոնցից ոչ մեկը փոխհատուցման մասին անգամ լսել չի ուզում: Այսօր Քաջարանի գյուղապետին աջակցելու էին եկել բնապահպանները, ինչպես նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ասաց, թե իրենք դիմել են Ազգային ժողովի հինգ մշտական հանձնաժողովներին` տոներից հետո հանքարդյունաբերության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:

«Ես չգիտեմ, քսան տարվա ընթացքում Հայաստանում գյուղեր հիմնվել են, թե` ոչ: Այնպիսի մի հեգնանք կա, որ դե, ինչ է եղել, էդքանով իրենց փողը վերցնեն, գնան: Եթե անգամ 20 ընտանիք է, բայց սահման է պահում այդ գյուղը, ո՞ր մեկի կոտրած ձեռքով պիտի այդ գյուղի դատարկման, արի ու մի ասա` դեպորտացիայի գործընթացը իրականացնեն: Ուղղակի հարց դնել` փոխհատուցում տանք, գնացեք, կամ ասեն` ձեր մեռելների տեղափոխման համար ինչքան է պետք եւ նման անբարո զրույցներ բացել, սա ուղղակի պատիվ չի բերում որեւէ մեկին», - ասաց Սաֆարյանը:

Որոշումը պետք է նետվի աղբարկղը, շարունակեց պատգամավորը` ընդգծելով, թե հանրային շահի անվան տակ հանրությունից խլուն են նրա սեփականությունը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ վստահեցրեց, որ այս խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են, եւ վերջնական որոշումը ընդունելի է լինելու բոլոր կողմերի համար։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հակադարձում է. - «Որոշումը արդեն ուժի մեջ է, եւ դրա արդյունքում է, որ պարտադրում են գյուղապետերին կնքել օտարման պայմանագրեր: Նրանք էլ ընդդիմանում են: Այս պահի դրությամբ այս մարդիկ իրենց վճռական «ոչ»-ը ասել են եւ չեն ստորագրում պայմանագրերը: Միակ ճանապարհը այսօր մեր կառավարության կողմից այդ որոշումը անվավեր ճանաչելն է»:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ ասում է, թե տպավորություն է ստեղծվել, որ ակտիվիստները խոչընդոտ են դարձել մարդկանց հարստանալու համար:

«Նախկինում եթե ծովից ծով Հայաստան էինք, այսօր` պոչամբարից պոչամբար Հանքաստան: Սա է իրական պատկերը. մենք չենք ուզում լինել հանքահումքային կցորդ, չենք ուզում զարգացած երկրների տնտեսությունը եւ երեխաների բարեկեցությունը զարգանա մեր երեխաների դժբախտության ու ցավի հաշվին, ու այլեւս այսպես հնարավոր չէ շարունակել», - ասաց Սուխուդյանը:

Քաջարանցիների նոր կարգախոսը. «Միասին ենք` հաղթող ենք, անջատ են` պարտվող ենք»

News.am

Հերթական հինգշաբթի, դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստի օրը բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Քաջարան գյուղի հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենայի ընկերությանը տալու կառավարության որոշման: Նշենք, որ ըստ այդ որոշման, Սյունիքի մարզի 6 գյուղերի պատկանող հողերի տարածքում պետք է հանք ստեղծվի:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության  627-Ն  «չարաբաստիկ» որոշումը, ըստ որի 6 գյուղերի 600 հեկտար հողեր տրվելու է հանքարդյունաբերության ընդլայնմանը, իսկ գյուղերը դատարկվելու են:

«Օտարանալու է հայ մարդն իր հողից: Դրա համար, տեսնում եք, գնալով շատանալու ենք, հեծանվորդներ են միանալու մարզերից եւ այլն: Սա է մեր պահանջը, բայց սա միայն մեր խնդիրը չէ, սա ամբողջ Հայաստանի խնդիրն է, որովհետեւ Քաջարանը իմն էլ է, իրենցն էլ է, բոլորինն է»,-ասաց ակտիվիստուհին:

Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանինն էլ  NEWS.am-ի   թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղը ոչ ոքի չեն տալու: Խոսքը 131 ընտանիքի, 270 բնակիչի մասին է: «Ժողովրդին  տնից հանում են, բայց մենք տեղ չունենք գնալու: Իրենց տունը, գերեզմանը ո՞ւր թողնեն գնան, որտե՞ղ գնան: Հիմա ես այդ գյուղում եմ մեծացել, ընտանիք ստեղծել, թոռներս այնտեղ են, գերեզմաններս այնտեղ են, իմ տեղն այնտեղ է: Այն էլ սահմանամերձ գյուղ է»,- հիմնավորեց Ռաֆիկ Աթայանը:

Ի դեպ, նա նշեց, որ գյուղապետի պաշտոնից իր հրաժարականը դեռ չեն հաստատել, բայց ընթացքի մեջ է: Ակցիային ներկա էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ եկել են աջակցելու է բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր պատրաստ են տեր կանգնել հայրենի բնությանը:

Բողոքի ակցիայի մասնակիցների կոչը հետեւյալն էր.«Միասին ենք` հաղթող ենք, անջատ են` պարտվող ենք»: Կառավարությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին նախագահի նստավայր նույն պահանջը բարձրաձայնելու այնտեղ:

«Ետ տվեք մեր հողերը». ակցիա Երեւանում

Ա1+

Այս պահին մոտ 100 բնապահպաններ երթով շարժվում են դեպի Նախագահական նստավայր։ Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են անվավեր ճանաչել Կառավարության 627 որոշումը՝ համաձայն որի Սյունիքի մարզի 6 գյուղերի հողերը, այդ թվում Քաջարան համայնքի ամբողջ տարածքը պետք է օտարվի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու համար։

Մինչ երթը բնապահպանները մոտ մեկ ժամ բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի մոտ։

«Փրիկենք Սյունիքը», «Գյուղ կանգնի, բերան կջարդի», «Որտեղ հանք, այնտեղ չկանք», «Էլ ոչ մի հանք» խորագրով պաստառներով եւ հայրենասիրական երգեր երգելով բնապահպանները կառավարությունից պահանջում էին լսել իրենց ձայնը։ Իսկ գործադիրն այդ պահին նիստ էր անում։

Այսօրվա ակցիային միացել էր նաեւ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։ Վերջինս տեղեկացրեց որ սահմանամերձ գյուղի եւ ոչ մի բնակիչ չի համաձայնվի առաջարկվող փոխհատուցման հետ եւ չի լքի գյուղը։

«Պետք չէ հանքերը անխնա շահագործել»,- ասում էին ակցիայի մասնակիցները՝ միաժամանակ շեշտելով, որ այդ կերպ Հայաստանը հայտնվում է ոչնչացման եզրին։

Բնապահպանները նաեւ նշեցին, որ իրենց ակցիան շարունակական է լինելու։

Ակցիային միացել էին նաեւ «Սարդարապատ» նախաձեռնության անդամները, «Ժառանգության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը։

 Ի դեպ, երթը մեկնարկեց, երբ կառավարության նիստը դեռ չէր ավարտվել։

«Էկո գաղութարարներ, հերի՛ք բացեք նոր հանքեր». մեկնարկել է բնապահպանների ակցիան ի պաշտպանություն Քաջարանի

Tert.am

«Էկո գաղութարարներ, հերի՛ք բացեք նոր հանքեր», «Ինչքան կերաք բոլ եղավ, ձեր համար դա շատ եղավ», «Փրկեք մեր հայրենիքը», այս և նմանատիպ այլ նշանաբաններով այսօր մեկնարկեց բնապահպանական ակցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց, որի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել կառավարության Ն 2027 որոշումը։ Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման, նախատեսվում է փոփոխել Սյունիքի մարզի 6 համայնքների հողերի նշանակությունը գյուղատնտեսականից արդյունաբերականի և հայտնի է, որ այդ տարածքները հանքարդյունաբերական նպատակներով օգտագործելու մտադրություն ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Ակցիային մասնակցում են Թռչկանի պաշտպանության նախաձեռնող խումբը, «Սարդարապատ» շարժման անդամներ, պատգամավորներ «Ժառանգություն» խմբակցությունից և ակտիվիստներ այլ հասարակական, քաղաքացիական և քաղաքական կազմակերպություններից։ Այստեղ է նաև Քաջարանի գյուղապետը, ով լրագրողներին հայտնեց որ ոչ մի դեպքում չի ստորագրի կառավարության որոշումը։ Իսկ այն հարցին թե ինչ կանեն, եթե կառավարությունը որոշումը չփոխի, Աթայանն ասել է. «Վաղը կգաք, կիմանաք։ Մենք մեր գյուղից ոչ մի տեղ չենք գնա»։ Բնապահպան Ապրես Զոհրաբյանն այս ակցիան համեմատեց 80-ականների Արցախյան շարժման հետ, նշելով որ խնդիրը միայն էկոլոգիական չէ, այն ունի ազգային անվտանգության խնդիր լուծելու նպատակ։
Ակցիան սկսվեց հայտնի «Գետաշեն» երգի փոփոխված տարբերակով՝ «Հերոս Քաջաշեն»-ով։ Այն ուղեկցվում է ռազմահայրենասիրական այլ երգերով և պարերով։ Ակցիայի մասնակիցները վարչապետի անունով նամակ են փոխանցել Կառավարության ընդունարան։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին են մոտեցել ոստիկաններ և տեղեկացրել, որ նրանք խանգարում են քաղաքացիական կարգը և խորհուրդ են տվել ազատել տարածքը, ինչին ի պատասխան բնապահպան Ապրես Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք սպասում են իրենց հանձնած նամակի պատասխանին։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։


Հունվար 09, 2012 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր