

ԷկոԼուր
Կրկին գլուխ է բարձրացնում Սյունիքի մարզկենտրոն Կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման խնդիրը: Օրերս Կանադական «Dundee Precious Metals» ընկերության (Հայաստանում ընկերության ներկայացուցիչն է «Deno Gold Mining» ընկերությունը) գլխավոր տնօրեն Ջոնաթան Գուդմանը News.am կայքին հայտնեց, որ Կապանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բացահանքի նախագծի նախնական գնահատականը կավարտի 2012թ. 3-րդ եռամսյակում: Հանքի բաց եղանակով շահագործման ծրագիրը ընկերությունը պատրաստում է 2007թ-ից:
2011թ. սկզբին ծրագիրը քննարկման դրվեց կառավարությունում, ինչին դեմ հանդես եկան Կապանի բնակչությունը եւ լայն հասարակությունը, քանի որ ծրագիրը մեծ ռիսկեր է պարունակում: Նախագծի իրականացման արդյունքում կհատվի 50 հազար ծառ: Կապան քաղաքի տարածքը կհայտնվի պայթեցումների, թունավոր փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ: Կվտանգվի տեղի բնակչության առողջությունը: Բարձրացած աղմուկից հետո «Deno Gold Mining Company»-ն հայտարարեց, որ արտադրության ծավալների ընդլայնումy կատարելու է հանքի փակ եղանակով շահագործմամբ:
2011թ. մայիսի 12-ին «ԷկոԼուր»-ը հարցում ուղղեց «Deno Gold Mining» ընկերությանը` պարզելու, թե ինչ եղանակով է ընկերությունը պատրաստվում շահագործել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը` բաց, թե փակ: Իր պատասխանում ընկերությունը հերքեց հանքը բաց եղանակով շահագործելու լուրերը: Այդպիսով` հասարակության բորբոքված կրքերը հանդարտվեցին, հանքի բաց եղանակով շահագործման դեմ պայքարը թուլացավ: Սակայն պարոն Գուդմանի հայտարարությունը կրկին անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում: Facebook սոցիալական ցանցում բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը գրեց. «Մենք չենք ուզում գնահատականներ, նոր նախագծեր, մենք ուղղակիորեն դեմ ենք բաց շահագործմանը»:
«ԷկոԼուր»-ը դիմում է «Deno Gold Mining Company» ընկերությանը`խնդրում ենք պարզաբանել պարոն Գուդմանի հայտարարությունը եւ տեղեկացնել`
- ո՞ր տարածքներում է բաց շահագործումն իրականացվելու
- ի՞նչ հեռավորության վրա են գտնվում այդ տարածքները Կապան քաղաքից
- որքա՞ն ծառ է հատվելու հանքը բացելու դեպքում:
Հունվար 17, 2012 at 12:27
