

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կարծիք է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն «ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ:
«Հարգելի պարոն նախարար,
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարմա ն ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի ի րականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը պահանջում է լայն հանրային քննարկումների անցկացում, քանի որ պարունակում է շրջակա միջավայրի վրա ռիսկեր` կապված շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտման հետ:
Նախագծում ներկայացված չէ ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների արդիականացման, կառուցման և շահագործման անվտանգության ապահովման կարգը, ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության կարգը, միջոցառումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման և մասնակցության կարգը:
Հիշեցնենք, որ 2009-2010թթ-ին ՀՀ կառավարությունը ստիպված հրաժարվեց Արարատի մարզում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի համար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներից տեղի բնակչության բողոքի արդյունքում:
Առաջարկում ենք «ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծում ընդգրկել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների արդիականացման, կառուցման և շահագործման անվտանգության ապահովման կարգի, ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության կարգի, միջոցառումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման և մասնակցության կարգի վերաբերյալ իրավական ակտերի մշակման միջոցառումներ»,- նշված է կարծիքում:
Ապրիլ 25, 2018 at 17:32
