

Հայաստանում նախատեսվում է ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում ԱՊՀ անդամ-երկների միջև ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման աշխատանքները համակարգելու ու թափանցիկ դարձնելու նպատակով: Այս մասին 2021թ. հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ աշխատանքները կիրականացվեն «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, որի վավերացման մասին նախագիծը միաձայն քվեարկությամբ հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից:
Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագրի մասնակից կողմերը պետք է միմյանց աջակցեն ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերման հարցերում, պետք է ներդնեն ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգ և հաշվառման համակարգ: «Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով կողմերը պետք է նշանակեն լիազորված մարմիններ, որոնք կմշակեն տեղեկատվության փոխանակման միասնական կարգ և փոխանակման ձևերը, ինչպես նաև կիրականացնեն անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովումը», - ասաց նա: Այդ ոլորտին վերաբերող պետական գաղտնիք համարվող ինֆորմացիայի փոխանակում տեղի չի ունենալու:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նկատեց, որ վտանգավոր թափոններին վերաբերող մեկ այլ համաձայնագիր վավերացվել էր նաև նախորդ տարի: Ի պատասխան Հակոբ Վարդանյանն ասաց, որ նախորդ համաձայնագիրը վտանգավոր թափոններին էր վերաբերում, որը չէր վերաբերում ատոմակայանի առաջին դասի թափոններին, այլ՝ ռադիոակտիվ այլ աղբյուրներին, որոնք հիմնականում ձևավորվում են հիվանդանոցներում: «Մենք ատոմակայանի որևէ ռադիոակտիվ թափոն Հայաստանի Հանրապետությունից չենք տեղափոխում, այդ թվում՝ օգտագործված միջուկային վառելիքը, որը մնում է այստեղ: Ատոմակայանի գործունեության ընթացքում առաջացած մնացած հեղուկ և կոշտ թափոնները վերամշակվում և պահպանվում են ՀՀ ռադիոակտիվ թափոնների պահպանությամբ և կառավարմամբ զբաղվող ընկերությունում, որն այդ ամենն անում է անվճար՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ»,- նշեց նա:
Նշենք, որ «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. հունիսի 7-ին:
Հունվար 14, 2021 at 15:20