Անահիտ Ավանեսյանը Առողջապահության նոր նախարար

Անահիտ Ավանեսյանը Առողջապահության նոր նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա 2021թ. հունվարի 18-ին ՆՀ-2-Ա հրամանագրով Առողջապահության նախարարի պաշտոնում է նշանակել Անահիտ Ավանեսյանին: Նա մինչ այդ զբաղեցնում էր Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
 
Նախագահի ՆՀ-1-Ա հրամանագրով էլ Արսեն Թորոսյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Վարչապետի՝ հունվարի 18-ի 34 - Ա որոշմամբ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
 
Անահիտ Ավանեսյանի կենսագրությունը
 
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թ. մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004թթ-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստրի կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ-ի տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ-ի խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Հունվար 19, 2021 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր