

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկում մետաղական հանքերի շահագործման իրավունք ունեցող 9-ը ընկերություն է առկա: Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր հարկատուն՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականը՝ «Գրանդ Տոբակո» (վճարել է 50 671 032 000 դրամ) և «Գազպրոմ Արմենիա» (վճարել է 45 548 610 000 դրամ) ընկերություններից հետո: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է 41 689 281 000 դրամ հարկ:
4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 23 019 732 000 դրամ հարկային վճարով:
Հանքարդյունաբերական ընկերություններից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը 3 743 649 000 դրամ հարկով:
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերությունը վճարել է 3 033 127 000 դրամ՝ զբաղեցնելով 56-րդ հորիզոնականը:
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է 1 585 702 000 դրամ՝ զբաղեցնելով 117-րդ տեղը:
Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունը վճարել է 1 530 345 000 դրամ՝ զբաղեցնելով 122-րդ տեղը:
340-րդ հորիզոնականն է զբաղեցրել Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ վճարելով 516 264 000 դրամ:
Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն վճարել է 338 145 000 դրամ՝ զբաղեցնելով 504-րդ տեղը:
«ԼԻՃՔՎԱԶ» ընկերությունը, որը շահագործում է Լիճքվազ թեյի ոսկու հանքավայրը, վճարել է 183 503 000 դրամ՝ զբաղեցնելով 873 հորիզոնականը:
Հունվար 21, 2021 at 15:53
